Բաց երկինք, որ այնքան էլ բաց չէ

«Էյր Արմենիա» ավիաընկերությանը ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել ֆինանսական խնդիրները: «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների ցանկում այն չի նշվում անցյալ տարվա հոկտեմբերից: Այնուամենայնիվ, «Էյր Արմենիայի» ղեկավարությունը չի հուսահատվում եւ պարբերաբար չվերթների վերսկսման խոստումներ է տալիս:
Վերջերս այն հայտարարեց, որ մարտ ամսից վերսկսելու է չվերթները: Առաջին թռիչքը նախատեսված էր դեպի Նիժնի Նովգորոդ, որը, սակայն, հետաձգվեց: Հիմա էլ նոր ժամկետ է հայտարարվում՝ ապրիլ: «Հնարավոր է, որ ապրիլին կրկին սկսեն թռչել ռուսական ուղղություններով»,- երեկ տարբեր լրատվամիջոցներով ասում էին ավիաընկերության ներկայացուցիչները: Մեր աղբյուրը դրան հավելում է, որ այս պահի դրությամբ հայկական միակ գործող ավիաընկերությունը չունի ինքնաթիռներ: Հոլանդիայում, իբրեւ թե, տեխնիկական սպասարկում անցնող օդանավերն այլեւս «Էյր Արմենիային» չեն պատկանում: Հոլանդական գործընկերը վաղուց հետ է վերցրել «Էյր Արմենիային» վարձակալությամբ տրված այդ օդանավերը, համարելով վերջինիս ոչ հուսալի գործընկեր:
«Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանից որեւէ մեկնաբանություն ստանալ այս օրերին հնարավոր չէ: Թե նա, թե նրա մամուլի հարցերով պատասխանատուն փոխել են հեռախոսահամարները, ինչպես սովորաբար անում են սնանկացած ձեռնարկությունների տնօրենները: Ինչո՞ւ հայկական ընկերությունները չեն կարողանում աշխատել Հայաստանի «բաց երկնքում» եւ սնանկանում են: Այս հարցով դիմեցինք Հանրային խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին: ««Զվարթնոց» օդանավակայանի ավիասպասարկման սակագները համեմատաբար բարձր են: Միջազգային ճանաչում ունեցող ավիաընկերությունների համար հայաստանյան չվերթները շուկայի չնչին մասն են կազմում, եւ «Զվարթնոցի» գների բարձր լինելը դրանց վրա չի անդրադառնում: Իսկ մեր ազգային ընկերությունների ծախսերում 90 տոկոսը «Զվարթնոցի» ծառայություններն են, դրա համար էլ արդեն երկրորդ ավիաընկերությունը չդիմացավ մրցակցությանը»,- պատասխանեց Սաֆարյանը:
Պետք է նկատել, որ հայկական ավիաշուկան, որը, փաստորեն, փակ է հայկական ընկերությունների համար, այնուամենայնիվ, զարգանում եւ աշխուժանում է: Փետրվարին այստեղ մուտք գործեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը: Փետրվարի 26-ից այն հայտարարեց կանոնավոր չվերթներ սկսելու մասին՝ Բաղդադ-Երեւան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաքը) ուղղությամբ: Ի դեպ, «Իրաքյան ավիաուղիները» պետական ընկերություն է: Թեեւ տեղեկատուներում նշված է, որ Հայաստանում դրա ներկայացուցիչն է «Ավիա-սերվիս» ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին եւ որն ապահովում է ինքնաթիռների սնունդը, սակայն այդ ընկերությունում մեզ ասացին, որ իրենք չեն պաշտոնական ներկայացուցիչը, այլ «Արիա-թրեվլ» ընկերությունն է՝ շփոթություն է տեղի ունեցել: Բացի այդ, պարզվում է՝ Իրաք թռիչքներ դեռ չեն իրականացվում, դեռ այդ ամենը ճշտման փուլում է:
Թե ինչ հաճախականությամբ կթռչեն այդ ինքնաթիռները եւ արդյոք շահութաբեր կլինեն, դեռեւս ոչ ոք չգիտի: Մեզ հասած տեղեկություններով, դրան կարող է նպաստել, եթե Քրդստանից Հայաստան տուրիզմը զարգանա, քանի որ հարուստ քրդական շրջանակներ կան, որոնք սիրում են ոչ միայն ճամփորդել, այլեւ հատուկ մեկնում են այլ երկրներ՝ խաղալու համար: Իսկ Հայաստանում այսօր մի քանի գայթակղիչ կազինոներ են գործում՝ Ծաղկաձորում, Երեւանից Աբովյան ճանապարհին: Եվ այդ չվերթը ձեռնարկողների հույսը խաղատնային տուրիզմը զարգացնելն է:
Մենք տեղեկացանք նաեւ, որ քաղավիացիայի վարչությանը թռիչքներ իրականացնելու հայտ է ներկայացրել նաեւ հունական AEGEAN AIRLINES-ը, որը տարեկան մեկ մլն-ից ավելի ուղեւոր է փոխադրում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ոգեւորությամբ հայկական «բաց երկինք» մուտք գործող ընկերությունները կարճ ժամանակ անց համոզվում են, որ հայաստանյան շուկան փոքր է եւ ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ սպասարկման բարձր գներ են գործում, որոնք անիմաստ են դարձնում մեր ավիատարածք մուտք գործելը:
Կարծիքներ