ՀԱԷԿ-ի տնօրենի նշանակումն ուշանում է

ՀԱԷԿ-ի տնօրենի նշանակումն ուշանում է

Արդեն 4-րդ ամիսն է, ինչ ատոմակայանը գործադիր տնօրեն չունի: Տնօրենի աթոռին ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն է՝ կայանի նախկին գլխավոր ինժեները: ՀԱԷԿ ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, որով այժմ զբաղվում են ՀՀ իրավապահները, ազատվեց աշխատանքից այն բանից հետո, երբ ատոմակայանում առանձնապես խոշոր չափերի վատնումների եւ փողերի լվացման երեւույթներ հայտնաբերվեցին:



Այդ գործով երկու փոխտնօրեններ կալանավորվեցին: Մասնավորապես յուրացման եւ փողերի լվացման («Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը») հոդվածներով մեղադրանք առաջադրվեց ՀԱԷԿ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, որը երկար ժամանակ ադամանդի բիզնեսով է զբաղվել: Այս քրեական ցնցումներից հետո ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն ընդհատակ է անցել: Նա սարսափած է լրագրողներից: Նույնիսկ ամենաանմեղ հարցերին չի պատասխանում, օրինակ, նախկին ղեկավարության հեռանալուց հետո կայանում եղե՞լ են կադրային փոփոխություններ, թե՞ ոչ:



Երեկ քարտուղարուհու միջոցով տնօրենի ԺՊ-ն մեզ ընդամենը փոխանցեց, որ խիստ զբաղված է: Վերջին 4 ամիսներին նա ընդամենը մեկ հրապարակային ելույթ է ունեցել՝ հայկական ԶԼՄ-ներում ապահովել է «Ռոսատոմ» պետական միավորման «ՏՎԷԼ» վառելիքային ընկերության գովազդը: Փաստորեն, տարիներ շարունակ ֆինանսական մախինացիաների խողովակ հանդիսացող ՀԱԷԿ-ի տնօրենի ԺՊ Վարդանյանն ասել է, որ ռուսական այս ընկերությունը հուսալի մատակարար է, եւ որ «չկան միջուկային վառելիք արտադրող այլ ընկերություններ, որոնք կարող են այլընտրանք լինել «ՏՎԷԼ» ընկերությանը»: «Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող օբյեկտը տնօրեն չունի» հարցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պատասխանեցին, որ առաջիկայում տնօրեն նշանակելու համար մրցույթ է հայտարարվելու:



Ի դեպ, ՀԱԷԿ-ի քրեական գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղից ոչ մի կերպ պատասխան ստանալ չի հաջողվում, իսկ մամուլի պատասխանատու Արծվի Բաղրամյանը տեւական ժամանակ է՝ անհասանելի է: