Անբարոյականության և քաղաքական խաղերի համադրություն

Անբարոյականության և քաղաքական խաղերի համադրություն

ԲՀԿ-ի ժելեած հատվածը, որ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ պատրաստվում է մնալ ԱԺ-ում եւ հանդես գալ որպես առանձին ֆրակցիա, մեղմ ասած, զբաղված է անբարոյականությամբ: Նրանք այդ իրավունքը չունեն, որովհետեւ ժողովուրդն իրենց չի ընտրել: Իրենց ԱԺ է բերել Գագիկ Ծառուկյանը, եւ եթե Գագիկ Ծառուկյանն այդ կուսակցության եւ ԲՀԿ անվան հետ այլեւս կապ չունի, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչ կապ կարող է ունենալ ԲՀԿ այդ մնացորդացը ԲՀԿ ընտրազանգվածի հետ: Օրինակ, Տիգրան Ուրիխանյանը տուկի թել կամ ձրի ավտոբուս խոստացե՞լ է ընտրողներին: Որեւէ մեկը տեսե՞լ է, թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը լավ գնով խաղող մթերում գյուղացուց կամ ձրի սերմացու բաժանում: Մարդիկ ԲՀԿ-ին (Գագիկ Ծառուկյանին) այս տեսակ բաների համար են ձայն տվել, չհաշված ընտրակաշառքը, ինչի շնորհիվ էլ ԲՀԿ-ն մոտ 36 տեղ ուներ ԱԺ-ում: Երեւի հիմա էլ մոտ 20 պատգամավոր կունենան ֆրակցիայում, որը կշարունակվի կոչվել ԲՀԿ ֆրակցիա:



Որքան էլ այս ամենը լինի օրենքի սահմաններում, միեւնույն է, չի կարող լինել բարոյական, ճիշտ չի համարվի: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ԲՀԿ-ին միավորողը Ծառուկյանի փողերն էին ու նրա երաշխավորած տանիքը: Իր գոյության տարիներին ԲՀԿ-ն այդպես էլ մի ծրագրային թեզ չհնչեցրեց ու չկարողացավ քաղաքագիտորեն ամրագրել իր տեղը քաղաքական դաշտում: Ոչ իշխանությունում էր մի բան այդ կուսակցությունը, ոչ ընդդիմությունում: Թերեւս միայն ամենաանհասկանալի երեւույթը կարող էր ինքզինքն «այլընտրանք» հայտարարել, որը, եթե վերծանենք քաղաքագիտորեն, կստացվի` ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, այսինքն` ոչինչ:



Այս օրերին բոլորն սպասում են, որ ԲՀԿ-ն իրեն կհայտարարի ընդդիմություն, եւ այդ անհասկանալի իրավիճակը կհարթվի: Սա եւս մոլորություն է: Իսկ ինչո՞ւ միանգամից չհայտարարել, որ ԲՀԿ-ն դարձյալ իշխանություն է: Ուզում ենք հասկանալ` ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվելու կառույցի մնացորդացը: Պիտի հայտարարեն, որ ընդդիմություն են, որովհետեւ այդպե՞ս են ուզում, թե՞ մի ուրիշ, ավելի լուրջ պատճառ կա:



ԲՀԿ-ի ժելեած թեւն շտապել է հայտարարել, որ իշխանափոխության պահանջն իր համար այլեւս ժամանակավրեպ է: Սա նշանակում է, որ մի որոշ ժամանակ ԲՀԿ այս հատվածը Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության նկատմամբ հանդուրժող է լինելու ոչ պակաս, քան ՕԵԿ-ը, որը նույնպես իշխանափոխության խնդիր չի դնում: Սա նաեւ նշանակում է, որ նոր ԲՀԿ-ի համար Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը մղվում է երկրորդ պլան, եւ, հետեւաբար, սահմանադրական բարեփոխումները դառնում են միանգամայն քննարկելի: Շատ հետաքրքիր է լինելու տեսնել, թե սահմանադրական բարեփոխումների դեմ ծառս լինող Նաիրա Զոհրաբյանն ինչպես է իր ԲՀԿ-ի հետ քննարկելու այդ բարեփոխումները: Ընդդիմության շարքերն անցնող ԲՀԿ-ն կկարողանա՞ նույն համառությամբ «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին, մանավանդ, որ նախագահի պաշտոնը նույնքան մոտ ու շոշափելի չէ այլեւս, ինչպես Ծառուկյանի առաջնորդության պայմաններում:



Եռյակում հույս ունեն շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: Բնականաբար, խոսքը վերաբերում է խորհրդարանի պատերից ներս համագործակցությանը: Թե այդ համագործակցությունն ինչ ուղղություն ու նպատակներ կհետապնդի, դժվարանում ենք ասել, որովհետեւ ԲՀԿ-ն նույնիսկ Ծառուկյանի ժամանակ աչքի չի ընկել միակամ քվեարկություններով, ուր մնաց հիմա, երբ Նաիրա Զոհրաբյանի հետ մնացածները չգիտես թե ում կողմից կսկսեն ղեկավարվել: Այստեղ մարդիկ կան ոչ միայն այլեւայլ կուսակցություններից, այլեւ հասարակական ու մշակութային կազմակերպություններից, որոնք ոչ միայն միասնական դավանանք չունեն, այլեւ հարց է, թե հետագայում ինչ ճանապարհներով կփորձեն լուծել սեփական բարեկեցության խնդիրները:



Ի՞նչ դիրք կգրավի ՀՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ի հանդեպ: Կշարունակի նրան վերաբերվել ինչպես Ծառուկյանի՞ն էր վերաբերվում, թե՞, այնուամենայնիվ, կփորձեն հասարակությանը ցույց տալ, թե տեսա՞ք որքան ճիշտ էր Սերժ Սարգսյանը, եւ որքան համակրելի է ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի: Այս հարցում շատ բան, կարծում ենք, կախված կլինի նաեւ այն հանգամանքից, թե ինչ նոր փողատեր կհայտնվի ԲՀԿ-ի կողքին, ու ինչ պայմանավորվածություններ կլինեն նրա ու ՀՀԿ-ի միջեւ: Այս իմաստով կարող է վտանգվել ՕԵԿ-ի դերակատարությունը, եւ այդ կուսակցությունն ստիպված լինի ԲՀԿ-ի հետ կիսել իշխանական ընդդիմության առաջատարի դիրքը:



Ամփոփելով` փորձենք հասկանալ, թե ինչի հանգեցրեց այս իրավիճակը: Կարծում ենք` առաջին հերթին լուծվեց 2017-ի ԱԺ ընտրությունների հարցը: Մեծ չէ հույսը, թե մինչ այդ ընդդիմությունը կկարողանա համախմբվել եւ արժանի դիմադրություն ցույց տալ ՀՀԿ-ին: Ընդդիմությունն այսօր նույնիսկ հասարակ քաղաքացու հետ շփումների դժվարություն ունի: Նրան չեն հավատում, չեն լսում, ուղարկում են հնարավորինս հեռու: Այնպես որ, առանց ՀՀԿ-ի աջակցության անցողիկ շեմի հաղթահարումը հրաշք կարող է թվալ առանձին ուժերի: Իսկ դա Սերժ Սարգսյանի համար շատ նախընտրելի իրավիճակ է` ապագա խորհրդարանի գունապատկերը ձեւավորելու առումով: