Ջինսի գրականությունը՝ ըստ Տուրաշվիլիի

Ջինսի գրականությունը՝ ըստ Տուրաշվիլիի

Վրաց արձակագիր Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդ» վեպը, որ գրվել է 2001 թվականին (Երեւան, 2014թ., «Անտարես», «Օտար գիր» մատենաշար, թարգմանությունը վրացերենից՝ Էսմերալդա Երիցյանի), կարճ ժամանակահատվածում որոշակի հաջողություն է ունեցել եւ գրողի հայրենիքում, եւ մի փոքր էլ Արեւմուտքում (գիրքը թարգմանվել է եւ թարգմանվում է բազմաթիվ լեզուներով):



Հաջողությունը ժամանակակից գրականության մեջ այլեւս ոչ ենթադրականորեն կապված է շուկայի հետ: Եթե նոր տպված գիրքն սպառում են, արդեն իսկ հաջողություն է, եւ հեղինակը հույս ունի, որ այդ ուշագրավ փաստը իր պատմություն փոխանցելու փրկանավակը կլինի (եթե, իհարկե, գիրքը պատմությունը փոխանցելու ցանկությամբ է գրվել): Երբ փակում ես Տուրաշվիլիի վեպի վերջին էջը, պարզ է դառնում, որ նրան այս ոչ երկար, բայց բուռն ու նշանակալի պատմությունը փոխանցել իսկապես հաջողվել է: Իսկ ահա պատմության մեկնարկն այսպիսին է.



«Ես չէի կարծում, որ երբեւէ կհրատարակեմ այս գիրքը, միամտորեն ենթադրում էի, որ Սովետական Միության փլուզումից Վրաստանի սովետական անցյալը միայն իբրեւ դառը հիշողություն կմնար, բայց պարզվում է` անցյալը կարող է վերադառնալ եւ հատկապես այն դեպքում, երբ մենք ինքներս չենք կարողանում բաժանվել անցյալից: Մենք բաժանվեցինք միայն ժամանակից, բայց ոչ մտածելակերպից այդ երկրի, որն անվանում էին «Չարի կայսրություն», որտեղ բարությունը հազվադեպ երեւույթ էր: Տիեզերք դուրս եկած առաջին պետությունը չկարողացավ կայսրությունում ջինս կարել: Ջինս կարելուց ավելի բարի գործ ի՞նչ կարող էր լինել. այնուամենայնիվ, սովետական կայսրությունում չկարողացան ջինս կարել եւ այդ պատճառով էլ գտան ամենաչար ելքը` ջինսը պարզապես արգելեցին»:
19-րդ դարում Լեւի Սթրաուսի արտադրած ջինսը, 20-րդ դարի 60-ականներից սկսած, սոցիալիստական հասարակարգերում ապրող հազարավոր մարդկանց համար ազատության ավետաբերն ու վկայությունն էր: Ջինսը սովետական մարդու բացակա կյանքի հիշեցումն էր, ընդվզումը ռեժիմի դեմ եւ երազանքն էր Ուրիշ աշխարհի, որ լուսատուի նման ձգում էր, կանչում երիտասարդությանը: Տուրաշվիլիի վեպում ջինսն այդ ուրիշ աշխարհի գլխավոր փոխաբերությունն է, որին ձեռք բերելով եւ կրելով` հերոսները թեկուզ մի ակնթարթ իրենց մարմինն ու գիտակցությունն ազատագրում են ամբողջատիրության մահարանից: Ողջ պատմության ընթացքում ջինսը նրանց հավատարիմ ուղեկիցն է. «Այդ ջինսով էլ թաղեցին նրան բոլորից թաքուն, եւ այդ ջինսով Նաթիա Մեգրելիշվիլին 15 տարի անց ճանաչեց դիակը»:



Իր վեպում Տուրաշվիլին 1983 թվականին վրացական ինքնաթիռի անհաջող առեւանգման եւ երիտասարդ առեւանգողների կարճ կյանքն է պատկերահանել: Երիտասարդների, ովքեր անհուսորեն փորձում էին դուրս գալ Սովետական Վրաստանից ու հանձնվել իրենց սիրելի ջինսի հայրենիքին՝ Ամերիկային: Կարճ գլուխները երիտասարդների մասին հաղորդում են մի քանի տեղեկություն եւ ցուցադրում մի քանի դրվագ նրանց կյանքից: Այսքանը: Հեղինակի եւ գլխավոր գործող անձանց համար ի սկզբանե ասես ամեն ինչ բացահայտ է` սովետական դիկտատուրայի բնույթը, խարդավանքները, կեղծարարությունը, դրանց մերկացումը: Թվում է՝ «Ջինսի սերունդը» լրագրողական զուսպ, անսեթեւեթ ռեպորտաժ է` համեմված ոչ ակներեւ հոգեբանությամբ: Տուրաշվիլին վեպի մեջ հիշատակում է ամերիկյան նոր լրագրության հիմնադիրներից մեկի՝ Թրումեն Կապոտեի անունը, որ գուցե հղում է դեպի այդ ուղղության հատկությունները, որին իր կառուցվածքային բնույթով հարում է «Ջինսի սերունդ» վեպը, ուր ամեն ինչ արագ է տեղի ունենում: Արագ, բայց ոչ հապճեպ... եւ ինքնաթիռի առեւանգման ծրագիրը կազմելը, եւ առեւանգումը, եւ դաժան դատավճիռը, եւ վերջում երիտասարդների գնդակահարությունը:



Վեպի իրացման սեղմությունը վեպի կարճ կյանքն է, որի մեջ Տուրաշվիլին տեղավորել է սովետական կայսրության ողջ իսկությունը, դրա մեջ ծնված ու կործանված մարդկային ճակատագիրը: Եվ հենց վեպի կարճ կյանքն է, որ Տուրաշվիլիի մտահղացման կարեւորագրությանը մեծ շնչառություն է հաղորդել: