ԱԺ` ըստ Սերժի կամ` քաղաքական դաշտի իմիտացիա

ԱԺ` ըստ Սերժի կամ` քաղաքական դաշտի իմիտացիա

Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին, իսկ այն, ինչ ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին, պարզապես տեղի չի ունենում: Այստեղ ոչ ապացուցելու հարց կա, ոչ վեճ: Ամեն ինչ մեր աչքի առջեւ է: Մանվելի ասած` չագուչն էլ է նրա ձեռը, մեխն էլ, նալն էլ: Ով շեղվեց` կնալի: Թույլ տվեք ասել` գեներալներից սկսած, որովհետեւ Հայաստանում սպայի արժանապատվություն ասվածը վաղուց ծամել-կերել են մի կտոր հացի տեղ:



Ինչեւէ, գանք քաղաքական խնդիրներին: Այս օրերին փոխվում է ՀՀ օրենսդիր մարմնի գունային գամման: Դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ճաշակով եւ ի հեճուկս ընտրողի, որ 2012 թվականին ձեւավորեց բոլորովին այլ պառլամենտ: Եթե նույնիսկ մի հայացք գցենք ԱԺ դահլիճին, կտեսնենք, որ ՀՀԿ եւ ՀՅԴ ֆրակցիաներից բացի, մյուսներում լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում այդ ֆրակցիաներից մնացել է ֆրակցիայի տնազը: ՀԱԿ-ի 7 պատգամավորից թռած են երեքը, «Ժառանգության» 5-ից` երկուսը, ՕԵԿ-ը, բարոյականությունից դրդված, ընդունել է Սերժ Սարգսյանի խորհուրդը եւ ամբողջ կազմով ինքնահռչակվել ընդդիմություն, իսկ ավերակների վերածված ԲՀԿ-ն էլ փորձում է տեղ զբաղեցնել պրոիշխանական ընդդիմադիր ՕԵԿ-ի կողքին` չխորշելով անգամ այդ կուսակցություն իր որոշ անդամների ներթափանցումից:



Ընտրողը հարց ունի. պարոնայք պատգամավորներ, նա ձեզ ընտրել է, որ իր խնդիրնե՞րը լուծեք, թե՞ ձեր կյանքը դասավորեք: Շատ էլ, որ օրենքները ձեզ թույլ են տալիս մինչեւ վերջին օրը կառչած մնալ մանդատից, լավ աշխատավարձից ու ավտոմեքենաներից: Մի՞թե պետք է օգտվեք անկատար օրենքից ու ԱԺ-ում դասավորվեք այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում եւ կարգադրում:



Իսկ մինչեւ ԱԺ գա՞լը: Ովքե՞ր եւ ի՞նչ սկզբունքով են կազմել հիշյալ ֆրակցիաները ներկայացնող քաղաքական ուժերի ցուցակները: Մեզ համար հասկանալի չէ, օրինակ, ինչպե՞ս են Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը զարդարել ՕԵԿ ցուցակը, բայց ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալուց հետո լքել այդ կուսակցությունն ու մնացել նախարարական պաշտոններին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես են Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հայտնվել «Ժառանգության» ցուցակում, եթե այդ ցուցակում տեղ չէր ճարվում Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի կամ Անահիտ Բախշյանի համար: Մեզ համար, վերջապես, անհասկանալի է ՀԱԿ-ի հետ տեղի ունեցած տրանսֆորմացիան: Ցուցակը կազմելիս չգիտեի՞ն, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը դեմ է ոչ միայն Հայաստանի ռոբոտացմանը եւ սերժանտացմանը, այլեւ դոդացմանը: Ինչո՞ւ էին Նիկոլին խցկում խորհրդարան, որ հետո ֆրակցիան փլուզվեր հայտնի քաղաքագիտական վերլուծության հետեւանքով: Խեղճ ժողովուրդ… Ինչ նազանքով, երազանքով իր փրկիչ Ծառուկյանին ու նրա ԲՀԿ-ին ճանապարհեց Ազգային ժողով: Բայց ի՞նչ իմանար խեղճ ժողովուրդը, որ «Սասունցի Դավթի» ցուցակն էլ կանյաչնիում չի գրվել:
Եվ այսքանից հետո ի՞նչ հարց պետք է լուծի ԱԺ-ն ժողովրդի համար: Այլ կերպ տանք հարցը` ի՞նչ մեծություն ունի նման օրենսդիր մարմնի օգտակար գործողության գործակիցը: Զրոյական, որովհետեւ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը սեփական խաղերն է տալիս ԱԺ-ում եւ ոչ թե ընդդիմանում մեծամասնությանը:



Մարդիկ հարցնում են` լավ, ի՞նչ շահ ունի Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ն հստակ ընդդիմադիր ֆրակցիա սարքելուց, եթե հասարակությունը չի հավատում, որ դա ընդդիմադիր կառույց է: Բանն էլ այն է, որ ՀՀ իշխանություններին ամենաքիչը հենց հասարակության կարծիքն է հետաքրքրում: Երեւի նկատել եք, չէ՞, որ Հայաստանում հասարակությանը հաշվետու չէ ոչ ոք, ոչ մի պաշտոնյա, ոչ մի կառույց, ոչ մի ինստանցիա, որ այդ բոլորը գործում են հենց հասարակության դեմ` անընդունելի օրենքների, տուգանքների, հետապնդումների, դատական կատարածուների կերպարանքով: Սա համակարգ է, որ առաջնորդվում է բացառապես իր շահով ու նպատակահարմարություններով: Համակարգին պետք է ցուցադրական քաղաքական դաշտ, եւ նա դա ունի, համակարգին պետք է քաղաքական պայքարի իմիտացիա, եւ այդ իմիտացիոն պայքարը նրա համար կկազմակերպեն բարոյական ընդդիմադիրները, որոնք ոչ միայն Հայաստանում ընդդիմադիր կխաղան, այլեւ եվրոպական կառույցներում, որտեղ իրավունք ունեն ներկայացված լինել որպես տվյալ պետության քաղաքական դաշտի այլախոհ մասնիկ:



Այս գումարման ԱԺ-ն նախորդներից տարբերվում է մի շատ հատկանշական պահով: Ներկա ԱԺ-ն իր գումարման օրից բոլորովին անճանաչելի է դարձել` սկսել է ուժերի բոլորովին այլ դասավորվածությամբ, աշխատել է ինչպես կարողացել է եւ վերջացնում է պատգամավորների բոլորովին այլ խումբ-խմբավորումներով: Ըստ երեւույթին, սա եւս մեկ անգամ հուշում է այն մասին, որ վաղուց ժամանակն է պատգամավորների եւ քաղաքական ուժերի համար որոշակի սահմանագծումներ կատարելու եւ հասարակության առջեւ նրանց պատասխանատվության զգացումը մեծացնելու:



Մենք հասկանում ենք, որ պատգամավորը քաղաքական գործիչ է, ազատ մտածող մարդ, բայց նա իր այդ ազատությունն ի չարս ընտրողի է գործադրում, երբ թառում է ում հավաբնում ասես, ուտում ում կուտն ասես եւ հետո ծռմռվում ու բացատրում, որ ինքը ուղտ չէ: Ի՞նչ է նշանակում` ֆորմալ համարվել որեւէ ֆրակցիայի անդամ եւ գործել տվյալ ֆրակցիայի դեմ: Իսկ ո՞ւր է օրենքը, որ ցուցակով ընտրված պատգամավորը պարտավոր է վայր դնել մանդատը, եթե զգում է, որ սխալ ցուցակում է ընդգրկվել: Ուզում ենք ասել` քաղաքական դաշտը Երեւանյան լճի տարածք չէ, եւ այստեղ պետք է որոշակի կանոնակարգվածություն լինի: Այլապես հնարավոր չէ պատգամավորին ոստիկանական մեքենա նստեցնել եւ նրա հետ բացատրական աշխատանք տանել հասարակության համար իր մասնագիտության վտանգավորության հարցերի շուրջ: