Գինի, կտավներ և համագործակցություն

Գինի, կտավներ և համագործակցություն

Երեկ, Երեւանում Գերմանիայի դեսպանատանն ընդունելություն էր, որտեղ քաղաքական առումով ուշադրության կենտրոնում էին Գերմանիայից ժամանած Բունդեսթագի պատգամավորներ Չեմ Օզդեմիրը եւ Էկին Դելիգյոզը` Կանաչների կուսակցությունից, ովքեր երեկոյի բացումից քիչ անց հարկադրված էին լքել հյուրերին, որովհետեւ շտապում էին հանդիպման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Տնտեսական առումով երեկոյի հիմնական թեման GIZ-ի` Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության նոր ծրագրի շնորհանդեսն էր, որը կոչվում է «Աջակցություն մասնավոր սեկտորին»: Ծրագրի աշխատանքները կենտրոնանալու են զբոսաշրջության, գինեգործության եւ ճշգրիտ մեխանիկայի ասպարեզներում: GIZ-ը կօժանդակի հայաստանյան ընկերություններին՝ մշակել զարգացման ռազմավարություն, հաստատել միջազգային համագործակցություն եւ բարձրացնել աշխատուժի որակավորումը` կրթական ու վերապատրաստման ծրագրերով: Մանրամասներին ձեռներեցները կարող են ծանոթանալ GIZ-ում:



Սակայն, չնայած քաղաքական ու տնտեսական բաղադրիչներին, երեկոն վերնագրված էր «ԱՐՏ+X ցուցահանդես», որովհետեւ միջոցառման հիմնական մոտիվները գինին եւ կտավներն էին: Գինու հյուրասիրությունը կազմակերպել էր «Ի-վի-էն» գինու ակադեմիան՝ իր ուսանողների հետ: Հյուրերին առաջարկվում էին հայկական ու գերմանական գինիներ՝ դրանց արժանիքների ու յուրահատկությունների մասին համառոտ ծանոթություններով: Իսկ դեսպանատան դահլիճի պատերին հայաստանցի նկարիչ Աշոտ Ավագյանի ստեղծագործություններն էին` տպավորիչ ու խորապես հայկական:



Բունդեսթագի պատգամավորներից մեկը` տիկ. Դելիգյոզը, ով, ի դեպ, ծագումով թրքուհի է, առաջին անգամ էր Հայաստանում եւ հասցրել էր լինել միայն Ծիծեռնակաբերդում, ամենայն անկեղծությամբ նկատեց, որ որքան էլ տնտեսական-քաղաքական կապերն ու գինին կարեւոր են, իսկապես անանցանելի արժեքը պատերից նայող կտավներն են: Այնպես որ, խնդրեց եւ Աշոտ Ավագյանի հետ նկարվեց կտավներից մեկի առջեւ: Ոչ միայն Բունդեսթագի պատգամավորը, այլեւ հյուրերից շատ-շատերն էին անկեղծորեն հիացած Ավագյանի կտավներով. Սիսիանի ժայռապատկերների եւ միջնադարյան հայկական մանրանկարչության տարրերով, գերակշռող տերակոտա գույնով եւ համարյա քարի ֆակտուրայով այդ կտավներից իսկապես անհնար է չտպավորվել: Ինչ խոսք, արժանին պետք է մատուցել նաեւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանին` Նադյային, ով 2013-ին Ավագյանի գործերը Սիսիանում տեսնելուց հետո որոշել է, որ դեսպանատանը պետք է կազմակերպվի դրանց ցուցադրությունը, եւ, ի վերջո, իր մտահղացումը դարձրել է իրականություն:



Գալով գինուն, Բունդեսթագի մյուս պատգամավորին` պրն. Չեմ Օզդեմիրին, ով, ի դեպ, նույնպես թուրքական ծագում ունի, թվում էր, թե հատուկ «դավադրություն» կա նրանում, որ ողջ օրն իրեն չի հաջողվել հայկական գինի համտեսել, քանի որ ամեն հադիպմանը հենց հերթը հասել է հյուրասիրությանը, խնդրել են շտապել, որպեսզի հասնեն հաջորդ հանդիպմանը: Մինչդեռ գինի համտեսել ցանկանում էր, քանի որ ինքը Գերմանիայի ամենահայտնի գինեգործական երկրամասից ընտրված պատգամավոր է: Իսկ ամենից հետաքրքիրը, ինչի մասին ասացին Բունդեսթագի պատգամավորները, դա Գերմանիայի խորհրդարանի որոշումն է՝ ապրիլի 24-ին հատուկ նիստ եւ քննարկում նվիրելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Անկախ նրանից, թե ինչ ելույթներ կհնչեն նիստում, ինչ բանաձեւեր կառաջարկվեն կամ կընդունվեն, այդ քննարկումը նշանակելու է, որ Գերմանիան հիշում է Հայոց ցեղասպանությունը, վերադառնում է Առաջին աշխարհամարտի ժամանակներին եւ այն օրերի Գերմանիայի դերակատարությանը: