Ջուրը ջաղացը տարել է, չախչախն ենք ման գալիս

Ջուրը ջաղացը տարել է, չախչախն ենք ման գալիս

Սա առաջին ինֆորմացիան է այն մասին, թե ինչ է հանձնարարել Վլադիմիր Պուտինը ՌԴ Կենտրոնական բանկին. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկրի Կենտրոնական բանկին ու կառավարությանը հանձնարարել է մինչեւ սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային եւ ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաեւ մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ինչ նպատակահարմարություն եւ հնարավորություն կա»:



Իսկ հիմա կարդացեք նույն ինֆորմացիան, բայց առավել մանրամասն. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին եւ կառավարությանը հանձնարարել է որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային եւ ֆինանսական ինտեգրման հետագա ուղղությունները, ինչպես նաեւ ուսումնասիրել ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը:



Պուտինի այս հանձնարարականի արդյունքները պետք է զեկուցվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: Իսկ գործընթացն իրականացնելու են Միության անդամ երկրների կենտրոնական բանկերը: Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմ մշակել մինչեւ հունիսի 1-ը»:



ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարները լուրն ստանալու հաջորդ օրը միայն բարեհաճել են հայտարարել, որ իրենք դեռ նման հանձնարարական չունեն` քննարկում սկսել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային եւ ֆինանսական ինտեգրման հետագա ուղղությունների շուրջ, ինչպես նաեւ ուսումնասիրել ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Այս կիսավախեցած հայտարարությունը, իհարկե, բավարար հիմք չի կարող տալ չանհանգստանալու դրամի` որպես ազգային արժույթի ապագայի համար, մանավանդ, որ բոլորն էլ հասկանում են, որ եթե Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը նպատակահարմար գտան գործարքները կատարել ալթընով (կարծեմ այսպես պետք է կոչվի ԵՏՄ փողը), Հայաստանն առանձին ոչինչ անել չի կարող: Եվ այստեղ արդեն խոսել ազգային արժույթի` որպես անկախության ատրիբուտիկայի մասին, միանգամայն ավելորդ է, եթե չասենք` ծիծաղելի: Մեր առջեւ է ոչ վաղ անցյալի ԽՍՀՄ փորձը (ռուբլին), ինչպես նաեւ ԵՄ-ն (եվրոն):



Բայց, չգիտես ինչու, Հայաստանում Պուտինի որոշումը բոլորին համակել է հայրենասիրության նոպայով. ոչ ոք չի ուզում հրաժարվել դրամից` ԿԲ-ից սկսած մինչեւ Բաղրամյան 26 եւ Մելիք-Ադամյան 2: Իշխանատու լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ ինքնահանգստացմամբ են զբաղված. «Իրականում որքանո՞վ է իրատեսական, որ մոտ ապագայում ԵՏՄ տարածքում կգործի մեկ միասնական արժույթ: Միանգամից ասենք՝ իրատեսական չէ: ՌԴ նախագահն ընդամենը կարգադրել է որոշակիացնել միասնական արժույթի նպատակահարմարությունը: Ու բացառված չէ, որ եզրակացությունը լինի՝ նպատակահարմար չէ»:



Իսկ ի՞նչ, եթե պատասխանը լինի, որ շատ էլ «նպատակահարմար է»: Ի՞նչ պետք է անեք: Իսկ եթե նույն պատասխանը հնչի Մինսկից եւ Աստանայից` «նպատակահարմար է», ի՞նչ պետք է անի Հայաստանը, ՀՀ ԿԲ-ն: Մի՞թե կարողանալու են ընդդիմանալ կամ պահել դրամը: Իհարկե` ոչ:



Շատերը Հայաստանում, հիմնվելով որոշ ռուս պաշտոնյաների հայտարարությունների վրա, պնդում են, թե ԵՏՄ միասնական ֆինանսական համակարգի ստեղծումը մոտ ապագայի հարց չէ: Նշվում է 2025 թվականը, երբ միայն հնարավոր կլինի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ենթադրենք՝ մասնագետները որոշակի հիմքեր ունեն այդպես մտածելու: Բայց եկեք մի հատ հարց տանք ինքներս մեզ, իսկ Պուտի՞նն ինչ հիմք ունի արդեն այսօր նման հանձնարարական տալու իր ԿԲ-ին` նշելով կոնկրետ ամսաթվեր` հունիսի 1, սեպտեմբերի 1… Այսինքն՝ միասնական արժույթին անցնելն այնպիսի մի երկարատեւ գործընթաց է ենթադրում, որ ՌԴ նախագահն այսօրվանի՞ց է տալիս մեկնարկը, այո՞:



Իսկ ինչո՞ւ ենք բացառում այն տարբերակը, որ Վլադիմիր Պուտինն այսկերպ փորձում է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները հավասարապես բաշխել ԵՏՄ անդամների վրա, որպեսզի Ռուսաստանը միայնակ չկրի դժվարությունները: Օրինակ` ռուբլու հետագա անկանխատեսելի արժեզրկումը: Հասկանալի է, չէ՞, որ եթե Արեւմուտքը սկսի արժեզրկել ալթընը, կտուժի ոչ միայն ռուսական տնտեսությունը, այլեւ Ղազախստանինը, Բելառուսինը, նաեւ` մերը, եւ դրանով մենք մեր չափաբաժնով կթեթեւացնենք ՌԴ վիճակը: Ո՞ւմ հաշվին` մեր քաղաքացիների:



Այս իրավիճակում ակամա հիշում ես կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ անկատար օրենքը: Հիմա գումարները կուտակվում են դրամով, իսկ վաղը կվերահաշվարկեն ալթընով, ու մարդ բան չի հասկանա, թե 30 տարի շարունակ ինչ է կուտակել ու ինչ է ստանալու իր կուտակածի դիմաց:



Երեւի ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունները գլուխները չթաղեն ավազի մեջ եւ իրենց ձեւ չտան, թե Պուտինն ասել է այլ բան, քան ասել է: Իսկ Պուտինն ասել է` ԵՏՄ երկրների ԿԲ-ների հետ քննարկեք միասնական արժույթի անցնելու հնարավորությունները եւ զեկուցեք: Պուտինին զեկուցել, թե դա անհնար է, ոչ ոք չի համարձակվի, իսկ դա նշանակում է, որ մյուս պետությունների ԿԲ-ների նկատմամբ կկիրառվի ռուսական բանակի օրենքը` «Не знаешь- научим, не хочешь- заставим»: Հետեւաբար, էլ ո՞ւմ է պետք այս աքլորային կեցվածքը: Ջուրը ջաղացը տարել է, չախչա՞խն ենք ման գալիս: