Սամվել Բալասանյանը գնացել է Կնյազին տեսնելու

Մարտի 7-ի երեկոյան Գյումրիում հնչած կրակոցները, որոնց հետեւանքով վիրավորվեց, ապա մահացավ թշնամի երկու խմբերից մեկի ղեկավարը՝ Կնյազ Ղազարյանը, տեղի են ունեցել հին պարտքերի պատճառով: Սա միջադեպի վերաբերյալ ամենատարածված վարկածն է: Ըստ դրա, մահացածի եւ մյուս խմբի ղեկավար Գագիկ Ղուկասյանի՝ Կոկոլի Գագոյի միջեւ, որի տան մոտ է դեպքը կատարվել, եւ որը եւս վնասվածքներ է ստացել, գումարային հարցեր են եղել: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Կնյազ եւ Գագիկ Ղազարյանները, որոնք Բարակներ թաղամասից են, քաղաքապետ Սամվել Բալասանյանի մարդիկ են: Նրանց հայրը՝ Սմբատ Ղազարյանը, քաղաքապետարանի աշխատող է, իսկ Կնյազ Ղազարյանը քաղաքապետին պատկանող գարեջրի գործարանի առաքիչ է եղել: Երբ Կնյազ Ղազարյանը դեռ հիվանդանոցում էր, Սամվել Բալասանյանն իրեն ուղեկցող մեքենաների կորտեժով անձամբ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, տեսել եւ առողջություն է մաղթել նրան:
Ասեկոսեներ կան նաեւ ոմն Կոճի տղա մականունավորի մասին, որը եւս Կնյազ Ղազարյանի խմբից էր եւ Բալասանյանի հորեղբոր աղջկա որդին է: Լուրերը ճշտելու խնդրանքով դիմեցինք քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանին: Նա չժխտեց, որ Սամվել Բալասանյանը գնացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ այցելելու վիրավոր գյումրեցիներին: «Վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքապետը հետեւողական է եղել, եւ բոլոր դժբախտ դեպքերի առնչությամբ քաղաքապետը եւ փոխքաղաքապետն այցելել են տուժածներին, խորհրդակցում են բժիշկների հետ եւ անհրաժեշտության դեպքում աջակցում են: Ինչ վերաբերում է քաղաքապետի եւ Կնյազ Ղազարյանի կապերին, ապա նման բան չկա»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Գյումրիի կրակոցների գործով հետախուզում է հայտարարվել Աշոտ եւ Գառնիկ Գրիգորյանների նկատմամբ, որոնք եղբայրներ են եւ մեղադրվում են սպանության փորձի, զինված խուլիգանության ու ապօրինի զենք պահելու մեջ: Սրանք Կնյազի տղաների հակադիր խմբից են, որոնց ղեկավարը Գագիկ Ղուկասյանն է: Տղաները վերցրել են մոր ազգանունը, իսկ նրանց հայրական ազգանունը Ղուկասյան է:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղեկյանն ասաց, որ Գագիկ Ղուկասյանը ոչ մի ազգակցական կապ չունի Վարդան Ղուկասյանի հետ, եւ ազգանունների նմանությունը սովորական զուգադիպություն է: «Վարդան Ղուկասյանն ունեցել է հորեղբոր տղա՝ Գագիկ Ղուկասյան, որը մահացել է մի քանի տարի առաջ եւ այս Ղուկասյանների հետ ոչ մի կապ չունի»:
Կարծիքներ