Խոսում և ցուցադրում է Կրեմլը․․․

Խոսում և ցուցադրում է Կրեմլը․․․

Խորհրդային Միության ժամանակներում հայտնի մի քանի ֆրազներ են եղել, որոնցով սկսվել են նորությունների թողարկումները պետական ռադիո եւ հեռուստաալիքներով: Երկրորդ համաշխարհայինի տարիներին դա եղել է «Говорит советское Имформбюро…» ֆրազը: Բրեժնեւյան լճացման տարիներին` «Говорит и показывает Москва…» ֆրազը: Վերջին մեկ շաբաթում Կրեմլին, անձնապես Դմիտրի Պեսկովին հաջողվեց ավելի քան արդիական դարձնել «Խոսում եւ ցուցադրում է Կրեմլը…» ֆրազը: Եթե չասենք՝ ողջ միջազգային հանրությունը, ապա առնվազն միջազգային բոլոր լրատվամիջոցները, համակ ուշադրություն դարձած, հետեւում են, թե ինչ է խոսում եւ ցուցադրում Կրեմլը կամ անձնապես Դմիտրի Պեսկովը՝ այն պահից ի վեր, երբ հանրային տեսադաշտից անհետացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



Պուտինը, ով հանրային անտուրաժով այնքան է տեսախցիկների առջեւ հայտնվում, որքան «օճառային օպերաների» դերասանները երեւի նկարահանման հրապարակում չեն հայտնվում, մարտի 5-ից ի վեր չի մասնակցում ոչ մի հասարակական միջոցառման: Փոխարենը Կրեմլը ցուցադրում է հատուկենտ հանդիպումների լուսանկարներ եւ տարածում է տեքստեր: Ավելի ճիշտ՝ մարտի 5-ից ի վեր երեք աշխատասենյակային հանդիպումների մասին է լրատվություն տարածվել, երեք դեպքում էլ ժամեր անց լրագրողները մերկացրել են կեղծիքը` փաստելով, որ Կրեմլը տարածում է հին հանդիպումների կադրեր: Կրեմլի կողմից մարտի 11-ին տարածված լուրը՝ ՌԴ մարզերից մեկի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման մասին, իրականության աղավաղում էր, քանի որ այդ հանդիպման մասին մարզային լրագրերը հաղորդել էին դեռ մարտի 4-5-ին:



Երեկ ՌԴ դատական համակարգի ղեկավարներից մեկի հետ հանդիպման լուրն էլ կեղծիք էր, քանի որ հանդիպման մասին Կրեմլի տարածած լուսանկարում Պուտինի աշխատասեղանին երեւում է այն ժամացույցը, որի մասին Ռամզան Կադիրովը մարտի 11-ին գրել է, թե դա նվիրել են իրեն, եւ իր լուսանկարն էլ` թանկարժեք նվեր-ժամացույցը ձեռքին, տեղադրել է Instagram սոցիալական ցանցում: Մարտի 10-ի հանդիպման կապակցությամբ էլ լրագրողներին հայտնի էր դարձել, որ մարզային ղեկավարը, որի հետ հանդիպման լուսանկար էր տարածվել, առհասարակ այդ օրը Կրեմլում չի եղել: Նույնիսկ մարտի 8-ին Կրեմլում հրավիրյալ կանանց հետ հանդիպումն է վաղօրոք տեսագրված եղել:
Միով բանիվ, մեկ շաբաթ է, ինչ Պուտինը չկա ասպարեզում, Կրեմլի կեղծ տեղեկություններն ավելի են սրում հետաքրքրությունը, ենթադրություններն ամենուր են եւ անհաշվելի` սկսած նրանից, որ ՌԴ նախագահը կնքել է մահկանացուն, մինչեւ այն, որ ինչ-որ դրամատիկական զարգացումներ է ծրագրում: Իրականում որտեղ է Պուտինը եւ ինչ վիճակում, ժամանակը ցույց կտա, սակայն եթե նայենք նրան, թե ինչ իրավիճակ է Պուտինի եւ Ռուսաստանի շուրջ, ապա հանրային տեսադաշտից հեռանալը եւ մի պահ կանգ առնելը երեւի միակ բանն է, որ պետք է աներ որեւէ գիտակից մարդ ՌԴ նախագահի պաշտոնում:



Պուտինը եւ Ռուսաստանը կատարյալ փակուղում են: Եթե Ուկրաինայում կանգ առնեն եւ ամեն ինչ թողնեն ինչպես կա, ապա ներկա պատժամիջոցները, նավթի գները, Ռուսաստանի ու նրա ռազմավարական ընկերությունների «աղբանոցային» վարկանիշները երկիրը դանդաղ, բայց անշեղորեն կտանեն դեպի տնտեսական կործանում` Դոնբասն ու Ղրիմն էլ թողնելով բախտի քմահաճույքին: Այս շաբաթ ԵՄ-ն Ռուսաստանին արդեն հեռացրեց ռազմավարական էներգետիկ գործընկերների ցանկից, իսկ ԱՄՆ-ն սկսեց մեծաքանակ պաշտպանական, բայց ոչ մահաբեր զինտեխնիկայի մատակարարումն Ուկրաինային:



Եթե Պուտինը եւ Ռուսաստանն Ուկրաինայում որեւէ ակտիվ գործողությունների դիմեն, ապա պատասխանը լինելու են Արեւմուտքի կործանիչ պատժամիջոցները` ի դեմս բանկային SWIFT համակարգի անջատման եւ այլն, նաեւ Ուկրաինային մահաբեր զինտեխնիկայի մատակարարման: Ըստ էության, Պուտինին մնացել է կործանման ճանապարհ ընտրելը կամ անձամբ հեռանալը: Պատասխանատու ընտրություն է, հանուն ինչի կարելի է առժամանակ աշխարհից առանձնանալ: