Հովիկ Աբրահանյանի «թաղման» նախապատրաստությունները ժամանակավրեպ են

Հովիկ Աբրահանյանի «թաղման» նախապատրաստությունները ժամանակավրեպ են

Անկեղծորեն զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր ժամը մի քանի հոդված են գրում այն մասին, թե քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռացումով երկրի քաղաքական ղեկավարության վերնախավում թուլացել են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, եւ ահա-ահա, կառավարության փոփոխություն է տեղի ունենալու:
Իսկ այս մարդկանց վրա զարմանում ես, որովհետեւ քաղաքական կատակլիզմներից ընդամենը մի քանի օր անց արդեն մոռանում են, թե հատկապես ում տանն են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հենց միայն այս հանգամանքը բավական է պնդելու, որ ինչ էլ տեղի ունենա, Հովիկ Աբրահամյանը շարունակելու է մնալ քաղաքական առանցքային դեմքերից մեկը:



Փորձենք այլ տեսանկյունից մոտենալ Հովիկ Աբրահամյանի դերակատարությանը: Մեր կարծիքով, օրինակ, ամենեւին էլ անտրամաբանական չէ այն պնդումը, որ հենց Հովիկ Աբրահամյանը հանգուցալուծեց ՀՀԿ-ԲՀԿ թնջուկը, բնականաբար, ՀՀԿ-ի օգտին: Ի՞նչ իմանաս, եթե Հովիկ Աբրահամյանը չտար ազդանշանը, Սերժ Սարգսյանը, գուցե, դեռ հետաձգեր փետրվարի 12-ի իր ելույթը: Այդ ելույթից օրեր առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ եռյակից հնչող հայտարարությունների ու ոչ իշխանական ուժերի գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնելու է Գագիկ Ծառուկյանի վրա: Սա չի՞ նշանակում, միթե, որ հենց Հովիկ Աբրահամյանն է այն մարդը, որ, ի տարբերություն ՀՀԿ մյուս երեւելիների, տեղյակ էր եւ գուցե մասնակից Սերժ Սարգսյանի ապագա ծրագրերին:



Իսկ ի՞նչն է խանգարում մեր վերլուծաբաններին մտածելու, որ Գագիկ Ծառուկյանին ինչպես ժամանակին բերեցին ընդդիմադիր դաշտ (հենց Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի համախոհությամբ), այնպես էլ այսօր, նույն համախոհությամբ, Գագիկ Ծառուկյանին դուրս տարան այդ դաշտից: Կուտն ո՞վ կերավ: Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2008 թվականից այս կողմ Տեր-Պետրոսյանի նկատմամբ քանի՞ այսպիսի հաղթանակ էր տարել ՀՀԿ-ն: Երեւի` ոչ մի: Այսօր Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում մրցակից չունի: Ո՞ւմ շնորհիվ: Իհարկե՝ Հովիկ Աբրահամյանի:
Հովիկ Աբրահամյան` Սերժ Սարգսյանի բոլոր հաջողությունների երաշխավորը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների անփոփոխ ղեկավարը, տոկոս խփողը, մյուս քաղաքական ուժերի կողմից համեմատաբար ամենաընդունելին, ում հետ բանակցելուց ու հարց քննարկելուց չի խուսափում ոչ ոք, մարդ, ով գլխավորելով Տիգրան Սարգսյանի ցուցամոլ, նախագահի համար ավելորդ բեռ դարձած կառավարությունը, կարողացավ ի չիք դարձնել այդ կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր սպառնալիքները:



Մեր կարծիքով` Հովիկ Աբրահամյանի վրա հսկայական պատասխանատվություն է դրված թե առաջիկա հնարավոր հանրաքվեի եւ թե 2017թ. ԱԺ ընտրությունների կապակցությամբ: Նման իրադարձություններից առաջ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի ցանկանա «ձեռք տալ» Հովիկ Աբրահամյանին, այլեւ չի համարձակվի նրան փոխարինել իր վարկաբեկված թիմի որեւէ անդամով: Չկա ոչ դրա իմաստը, ոչ էլ անհրաժեշտությունը:
Եթե Հայաստանում 2017 թվականին, այնուամենայնիվ, իշխանության փոխանցում տեղի ունենա, դարձյալ իրադարձությունների կենտրոնում է լինելու Հովիկ Աբրահամյանը, եւ հենց նա է սահուն ու անցնցում գլուխ բերելու այդ գործը:



Եկեք չմոռանանք նաեւ, թե ով է եղել Հովիկ Աբրահամյանը ՀՀ վերջին երկու նախագահների իշխանավարության տարիներին` տարածքային կառավարման նախարար (փոխվարչապետ), ԱԺ նախագահ, վարչապետ: Սահմանադրական բարեփոխումների անցկացումից հետո էլ նրա առջեւ բաց են լինելու դեպի երկրի բարձրագույն պաշտոնները տանող ճանապարհները: Սերժ Սարգսյանն է ասել, որ ինքը վարչապետ կամ նախագահ դառնալ չի փորձելու: Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Հովիկ Աբրահամյանին` ստանձնելու այդ պաշտոններից մեկը: