Ձեռք ես տվել՝ խաղա...

Ձեռք ես տվել՝ խաղա...

Տպավորությունն այնպիսին է, ասես Սերժ Սարգսյանը փոշմանել է: Ամբողջ աշխարհը խառնեց իրար սահմանադրական բարեփոխումների իր առաջարկով ու հիմա, մի տեսակ վախեցած է երևում: Հայեցակարգին հավանություն է տվել, բայց, ահա, կառավարման կարգի փոփոխության հետ կապված մտավախություններ ունի...



Բա ո՞նց անենք:



Սերժ Սարգսյանի մտավախությունը, բնականաբար, անցնում է այս գործընթացի բոլոր պատասխանատուներին և, առաջին հերթին, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: Իսկ այդ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն այնքան շփոթված է, որ լրատվամիջոցների հերցերին մի գլուխ պատասխանում է՝ չգիտեմ, դեռ պարզ չէ, ոչինչ ասել չեմ կարող, ես տեղյակ չեմ...



Այս վիճակը, կարծում ենք, դեռ երկար կտևի, մինչև Սերժ Սարգսյանը չդադարի «զադնի-պերեդնի» դնել: Բայց դրանից օգուտ չկա, քանի որ, հասկանալի է,առաջարկվող բարեփոխումները դարձյալ մնալու են թղթի վրա, ու ոչինչ չի փոխվելու, եթե պահպանվի կիսանախագահական (Հայաստանի պարագայում՝ թագավորական) մոդելը:



Թուրքիան՝ պարտվելով երկու համաշխարհային պատերազմներում գոյատևեց ու զարգացավ հենց խորհրդարանական մոդելի շնորհիվ: Մոտ 100 տարի: Այսօր Էրդողանը ձգտում է փոխել սահմանադրությունը և հաստատել իր մենիշխանությունը երկրում: Դժգոհ են բոլորը՝ թե ժողովուրդը և թե քաղաքական ուժերը:



Վերցնենք Վրաստանի օրինակը: Երկիրը նախագահական էր, իսկ նախագահի պաշտոնում էլ՝ Արևմուտքի կողմից հովանավորվող Սահակաշվիլին: Արդյոք դա օգնե՞ց Վրաստանին խուսափել պարտությունից ու տարածքային կորուստներից: Վրաստանում իշխանության եկան նոր ուժեր, փոխվեց երկրի կառավարման կարգը: Դրանից հետո, մինչ օրս, Վրաստանի անվտանգությունը մեկ թիզ անգամ չի տուժել, եթե հաշվի չառնենք նույնիսկ, որ Ռուսաստանի հետ կա որոշակի երկխոսություն, իսկ երկիրն էլ անդամագրվել է եվրոպական մեծ ընտանիքին:



Մի պահ զուգահեռ անցկացնենք Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի միանձնյա որոշումը՝ հրաժարվել եվրաասոցացման ծրագրից, ոտքի հանեց ողջ երկիրը՝ մայդան, հետո փախուստ ու պատերազմ: Նույնը տեղի չունեցավ խորհրդարանական կառավարում ունեցող Մոլդովայում, որովհետև այնտեղ չկար միանձնա, սխալ-մխալ որոշում կայացնող:



Հիմա, հենց հերթը հասնում է մեզ՝ մեջտեղ են քաշում պատերազմական վիճակը: Եղբայր, 25 տարի է նախագահական Հայաստանը պատերազմում է... Ինչի՞ է հասել: Զինադադարի՞... Իսկ այդ ի՞նչ տեսակ զինադադար է, որ հետն էլ պատերազմ է: Այնպես են խոսում, կարծես նախագահն է կռվում պատերազմի դաշտում, իսկ մյուսները դիտորդի դերում են:



Պատերազմական վիճակը ամենևին էլ փաստարկ չէ հօգուտ նախագահական կառավարման: Արդյոք Սիրիան, որ նախագահական երկիր է, հաջողությա՞մբ է դիմակայում արտաքին մարտահրավերներին: Չենք կարծում: Ավելին, այդ երկրի նախագահն է համարվում աղետների աղետը: Հարցն այն չէ՝ արդարացի՞, թե՞ ոչ, բայց հենց նրան են ցանկանում գահընկեց անել: Փոխարենը՝ հարևան Իսրայելում և Լիբանանում նույն կատակլիզմները չկան, թեև լրջագույն մարտահրավերներ նաև այս երկրները ունեն:



Հայտնի խոսք կա՝ ծովը մտնողը անձրևից չի վախենա: Բավական է հիշել միայն, թե Հայաստանում ինչեր են կատարվել նախագահական ընտրությունների ժամանակ և վերջապես վճռական քայլ անել դեպի խորհրդարանական կառավարում:



Իսկ Սերժ Սարգսյանին կցանկանայի հուշել շախմատային հայտնի ֆրազը՝ ձեռք ես տվել՝ խաղա, էլ հետուառաջ անել չկա: