Հայրիկյանը հիշողություններ է թարմացրել

Հայրիկյանը հիշողություններ է թարմացրել

Քաղաքական գործիչը մի բան բլթացնելուց առաջ առնվազն պետք է մտածի՝ արդյոք իր ասած խոսքը բումերանգի նման չի՞ վերադառնա իրեն և չի հարվածի, արդյոք, հենց իր վարկին:



«Ակնհայտ է, որ դա ներկայացում էր»,- նախագահականում տեղի ունեցած հանդիպումների մասին հայտարարել է Պարույր Հայրիկյանը:



Այս պահին մեր խնդիրը նախագահականում տեղի ունեցած կուսակցական շքահանդեսի մասնակիցների որակը գնահատելը չէ: Մեզ բավականին հետաքրքիր թվաց Հայրիկյանի գնահատականը այդ շքահանդեսին՝ ներկայացում: Մտածեցի՝ Պարույրը՝ այդ պրոֆեսիոնալ դերասանը, անվրեպ տասին է խփել:



Եվ առաջին բանը որ հիշեցի նրա քաղաքական-թատերական կյանքից, դա 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին, որոնց ժամանակ Հայրիկյանը հայ-հայ էր պիտի դառնար ներկայացման (ֆիլմի) տղեն, որին վերացնում են չար ուժերը: Նախնական սցենարում, իհարկե, այդ դրվագը չկար, իսկ Հայրիկյանն էլ մասնակցում էր նախագահական ընտրությունների այդ ֆարսին՝ զուտ մրցակցային ֆոն ու ժողովրդավարություն ապահովելու նպատակավ: Հնարավոր է, որ նրան Սերժ Սարգսյանն ուղղակի հարցրել էր՝ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։ Նրան բացառիկ առիթ ընձեռվեց տապալելու այդ ֆարսը, իսկ նա…



Պարզվեց լավ էլ բարիշել էին գնի շուրջ՝ 20 միլոն դրամ: Բայց ինչպիսի կադրեր մնացին պատմության համար՝ ահա մի մեռնող քաղաքական գործիչ, որի կողքին նախագահն է նստած… Հազարից մեկին Սերժ Սարգսյանն այդպես չէր այցելի: Տրագիկոմեդիան ակնհայտ էր:



Հայրիկյանը պարզվում է, նաև ստախոս է: Նա հայտարարել է, որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ միայն ԱԻՄ-ն էր հայտարարութմ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Իհարկե, դա այդպես չէ: Սահմանադրական փոփոխությունների մասին ճառում էին գրեթե բոլոր թեկնածուները, իսկ ամենից շատ՝ դա անում էր Րաֆֆին, ասելով նույնիսկ որ երկու-երեք տարում երկիրը կդարձնի խորհրդարանական և կհեռանա: Այնպես որ, պարոն Հայրիկյան, կարիք չկա հիմա էլ փանջունու դերակատարության համար ինքնաառաջադրվել:



Հայրիկյանը նաև մոլորյալ է: Հավանաբար Ծառուկյան Գագիկն է նրա գլուխը մտցրել, որ սահմանադրական բարեփոխություններ անում են, երբ կա սահմանադրական ճգնաժամ: «Հաստատ չկա. սահմանադրական ճգնաժամ մեր երկրում չկա, մենք բռնապետական Սովետական Միությունում չենք, որպեսզի անցում կատարենք դեպի դեմոկրատական Հայաստան»,- աղմկել է Հայրիկյանը: Այս նախկին երիտասարդին մի հարց եմ ուզում տալ՝ Վրաստանը, ի՞նչ է, բռնապետական երկի՞ր էր, որ սահմանադրություն փոխեց ու դարձավ խորհրդարանական երկիր:



Եվս մի դիտարկում և դրանով ավարտենք այս քաղաքական դիահերձումը: «Հանգուցյալի» պնդմամբ՝ որքան շատ են համապետական ընտրությունները, այնքան ժողովրդավար է երկիրը: Հաշվեք՝ նախագահականի դեպքում ունենք երկու համապետական ընտրություն, իսկ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում՝ ունենալու ենք մեկ համապետական ընտրություն, հետևաբար՝ խորհրդարանական կառավարման համակարգը պակաս ժողովրդավարական է: Զարմանում ես ուղղակի այս մարդու մտածողության վրա: Ամբողջ աշխարհով հաստատված բան է, որ հենց խորյրդարանական կառավարման մոդելն է համարվում ժողովրդավարության բարձրակետը, մինչդեռ Հայրիկյանը հակառակն է պնդում:



Ուրիշ բան չասենք՝ փորձեք այս կիսանախագահական սահմանադրությամբ պաշտոնանկ անել նախագահին կամ վարչապետին, փորձեք նոր կառավորություն ձևավորել: Ինչո՞ւ չեք անում… որովհետև նախ՝ օրենսդրորեն բարդ է, և ապա՝ չորս բոլորը դերասաններ են ու նախագահի մոտ թատրոն են խաղում: Խորհրդարանական կառավարման տարբերակում գոնե կա մի օղակ՝ որին հաշվետու են վարչապետը, կառավարությունը և նախագահը: Դա Ազգային ժողովն է, որի ընտրություններին պարզապես պետք է լրջորեն մոտենալ և ոչ թե ոմանց պես, որ բոլոր նախագահական ընտրություններին մասնակցում են քամի անելու համար միայն: