Նախագահը երկու անգամ կրկնել է, որ կասկածներ ունի

Հանրային խորհրդի անդամների եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրվա հանդիպումը տեւել է երկու ժամ: Նախ, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի 6 տարիների գործունեությունը: Նա հպանցիկ անդրադարձել է նաեւ չլուծված խնդիրներին, կարեւորելով «Նաիրիտի» հարցը եւ Ֆիոլետովո գյուղի մերձակայքում ոսկու վերամշակման կոմբինատի կառուցման կանխումը: Խորհրդի անդամները, որոնք ներկա են եղել հանդիպմանը, եզրակացրել են, որ նախագահը գոհ է իր իսկ ստեղծած այս մարմնի աշխատանքից եւ ցանկանում է երկարաձգել դրա կյանքը: Հանդիպման երկրորդ մասում խոսել է Սերժ Սարգսյանը: Թեման Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական միջոցառումներն են եղել եւ ավելի մանրամասն՝ Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը:
Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մտահոգություն ունի ներկայացված հայեցակարգի վերաբերյալ, դեռ շատ հարցեր իր համար պարզ չեն, եւ այդ պատճառով է քաղաքական հանդիպումների շարք կազմակերպում, որպեսզի ամրապնդի իր տեսակետը: Նախագահը երկու անգամ կրկնել է, որ ինքը մինչեւ վերջ համոզված չէ սահմանադրական բարեփոխումների հարցում եւ կասկածներ ունի: Հանրային խորհրդի անդամները մոտ 14 հարց են ուղղել նախագահին: Օրինակ, հարցրել են, թե որքանով է ճիշտ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար կոլեգիալ կառավարում ունենալ, կամ ինչպես է նոր սահմանադրության պայմաններում լուծվելու գերագույն գլխավոր հրամանատարի հարցը: Թեմայից դուրս հարցեր էլ են եղել:
Օրինակ, մեկը հարցրել է, թե ինչ է լինելու այն օբյեկտների, շենք-շինությունների հետ, որոնց տերերը դրանք փակել-գնացել են եւ չեն աշխատեցնում: Արդյոք պետք չէ՞ դրանք ազգայնացնել: Նախագահը բացասական պատասխան է տվել, ասելով, որ ինքը մասնավոր սեփականության երաշխավորն է:
Կարծիքներ