«Եվրանեսթի» վեհաժողով. ակն ընդ ական

«Եվրանեսթի» վեհաժողով. ակն ընդ ական

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդաժողովի առթիվ ԱԺ էր ժամանել եւ ելույթով հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը: Բնականաբար, հետաքրքիր ոչինչ չասաց, հերթապահ ֆրազներ շաղ տվեց Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնելու Հայաստանի վճռականության մասին, երեւակայության եթերներում ճախրելով էլ հայտարարեց, թե Հայաստանը հավակնում է համադրման եզրեր գտնել Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջեւ… Եվ դա այն դեպքում, երբ ողջ աշխարհի, առավել եւս Եվրոպական խորհրդարանի համար ԵՏՄ կոչվածը մեկ մարդու` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խելացնորության եւ շանտաժի արդյունք է, որից պետք է հեռու մնալ, ինչպես ժանտախտից:



Ի դեպ, ԵՄ-ԵՏՄ համադրման եզրեր գտնելու մասին Սարգսյանի հավակնությունների պատասխանը երեկ «Եվրանեսթի» կողմից անուղղակի կերպով տրվեց: Պաշտոնական բացման խոսքերից եւ Ազգային ժողովի այգում ծառատունկի արարողությունից հետո գումարված երկրորդ նիստում քննարկվեցին եւ քվեարկության դրվեցին նախօրեին` մարտի 16-ին Խորհրդարանական վեհաժողովի չորս մշտական հանձնաժողովներում քննարկված, համաձայնեցված եւ վերջնական տեսքի բերված բանաձեւերը: Բանաձեւերից առաջինը ներկայացրել էր Վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովը: Փաստաթուղթը կրում էր «Զեկույց Եվրոպական հարեւանության միջոցով 2014-2020թթ. ԵՄ-ի եւ ԱլԳ երկրների միջեւ գործընկերության հզորացման մասին» անվանումը:



Այս բանաձեւի նախագծում, մինչեւ մարտի 16-ի քննարկումը, կար 7-րդ կետ, որում ասվում էր. «…Մաքսային միությունը եւ 2015թ. հունվարին ուժի մտնող ԵՏՄ պայմանագիրն այնպիսի տնտեսական ինտեգրում են նախատեսում անդամ երկրների միջեւ, որը համատեղելի չէ Ասոցացման համաձայնագրերի եւ վերջիններիս առեւտրային բաղադրիչների` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների հետ»: Ակներեւաբար, պարբերությունը Հայաստանին էր վերաբերում:



Մարտի 16-ի հանձնաժողովի նիստում ծավալված քննարկումների արդյունքում խնդրո առարկա բանաձեւը լրացվել է նույն միտքը կրկնող մի ամբողջական նոր կետով: 8-րդ կետում դարձյալ կրկնվում է, որ ԵՏՄ դրվածքներն անհամատեղելի են Ասոցացման եւ ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ: Ուղղակի այս անգամ նախ նշվում է, որ Ռուսաստանը չպետք է այլ երկրների հարկադրի ԵՏՄ-ին միանալ տնտեսական ճնշումներով, էներգակիրների եւ անվտանգության սպառնալիքներով: Այլ կերպ ասած, հասկանալի է, թե ինչու է Հայաստանը ԵՏՄ-ին միացել, բայց հասկանալի՝ չի նշանակում ներելի: Վերջում էլ ասվում է, որ երկրների միջեւ առեւտուր եւ լավ կապեր, ամեն դեպքում, պետք է լինեն:
Բանաձեւում Ռուսաստանը քննադատվում է նաեւ իր բազում այլ հանցագործությունների` Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի հարավում պատերազմ սանձազերծելու, Աբխազիայի եւ Օսեթիայի հանդեպ անեքսիայի եւ ասիմիլյացիայի քաղաքականության համար: Այս բանաձեւը, ինչպես եւ մնացյալ երեք հանձնաժողովների առաջարկած բանաձեւերը երեկ գրեթե միաձայն քվեարկությամբ ընդունվել են:



Սակայն այս 4 բանաձեւից բացի, Ուկրաինայի պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել եւս մի հրատապ բանաձեւ, որն ամբողջությամբ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիային է վերաբերում: Հայկական պատվիրակությունը, չգիտես ինչու, որոշել է Ռուսաստանի հանցագործությունների վրա չկենտրոնանալ, բանաձեւին դեմ է արտահայտվել եւ կողմ չի քվեարկել:



Իբրեւ պատասխան, Ուկրաինայի պատվիրակությունն էլ նույն հրատապ ընթացակարգով հայկական պատվիրակության նախաձեռնած, ընդհանրապես ցեղասպանությունները դատապարտող եւ լոկ մեկ նախադասության մեջ «հայոց ցեղասպանություն» բառակապակցություն պարունակող բանաձեւին է անհամաձայնություն հայտնել եւ դեմ քվեարկել: Ինչպես ասում են՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: