Պետք է բանակցել ռուսների հետ «նաիրիտի» պարտքը սառեցնելու ուղղությամբ

Պետք է բանակցել ռուսների հետ «նաիրիտի» պարտքը սառեցնելու ուղղությամբ

ՀՀ հանրային խորհուրդը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրն է մշակել, որի համաձայն, գործարանը հնարավոր է աշխատեցնել՝ ընդամենը 55 մլն դոլարի ներդրում կատարելով: ՀԽ մասնագետները հաշվարկել են, որ այդ դեպքում 1,5 տարի նախապատրաստական աշխատանքներից հետո «Նաիրիտը» կաշխատի տարեկան 17 մլն դոլարի շահույթով եւ տարեկան 100-120 մլն դոլարի համարժեք համախառն ներքին արդյունք կտա: Իսկ սա Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսն է: Այս թվերը «Հրապարակին» ներկայացրեց ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ գործարանի պարտքը 105 մլրդ դրամ է, որից 7 մլրդ-ն աշխատավարձի պարտքն է, 2,5 մլրդ-ն՝ հոսանքի եւ գազի, 25 մլրդ դրամը բյուջեի պարտքն է, եւ 180 մլն դոլար կազմում է «Մեժգոսբանկի» պարտքը: «Հայաստանի կառավարությունը պետք է բանակցություններ վարի ռուսական կողմի հետ եւ առժամանակ սառեցնի այդ պարտքը, մինչեւ որ «Նաիրիտը» կկարողանա վերադարձնել այն: «Նաիրիտը» պետք է աշխատի պետություն-մասնավոր գործընկերության տիրույթում: Պետությունը պետք է ինքը որոշակի գումար դնի եւ հրավիրի մարդկանց, ովքեր ցանկանում են բաժնետեր դառնալ»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:



- Խորհրդային շրջանում «Նաիրիտը» մեր տնտեսության լոկոմոտիվն էր, զարկ էր տալիս ամբողջ տնտեսությանը: Հիմա հնարավո՞ր է, աշխատացնելով այս գործարանը, նույն արդյունքն ստանալ:



- Իհարկե: Սա դրա համակարգաստեղծ գործարան է, որի արտադրանքի վրա կարող են աշխատել մի շարք այլ արդյունաբերական ուղղություններ: Նա կարող է ոչ միայն քլորոպրենային, այլեւ ստիրոլային, իզոպրենային կաուչուկ արտադրել, որոնք կարելի է ավտոդողերի արտադրության մեջ օգտագործել, կաուստիկ սոդա արտադրել, որն Իրանում պահանջված նյութ է: Մենք պետք է ձգտենք, որ այս գործարանն աշխատի իրանական գազով, որովհետեւ դրանում մեթանի պարունակությունը համեմատաբար քիչ է, ապա ավելի շատ է ստացվում ացետիլենը: 80 մլն խմ գազ ստանալու պարագայում կստացվի 12 հազար տոննա կաուչուկ, 6 հազար տոննա կաուստիկ սոդա, 13 հազար տոննա սինթեզ գազ այրման համար, որը կօգտագործվի որպես վառելիք, կվերադարձվի ՋԷԿ-ին, եւ լրացուցիչ հոսանք կարտադրվի, նաեւ՝ աղաթթու: Իսկ աղաթթուն կարող է օգտագործվել Արարատյան դաշտի աղակալված հողերի աղազերծման համար: Քլորոպրենային կաուչուկ եւ մաքուր պղինձ ունենալու դեպքում էլ մենք կարող էինք կաբելային արտադրություն ունենալ եւ ստանալ կաուչուկով մեկուսացված կաբել: