Իրանցիներին ձեռնտու է դատապարտել ՀՀ օրենքով

Օրերս արդարադատության նախարարությունն Իրանի Իսլամանական Հանրապետության պահանջով այդ երկրին փոխանցեց իրանցի 10 դատապարտյալի: Իրանցի դատապարտյալներն իրենց հայրենիքում կրկին չեն դատվելու, այլ կրելու են ՀՀ դատարանով սահմանված պատժի չկրած մասը: Այս մասին մեզ հայտնեցին արդարադատության նախարարությունից: «Սովորաբար նման փոխանցումներ կատարվում են այն հանցագործների դեպքում, որոնք երկրին մեծ վնաս չեն պատճառել, եւ որոնց նկատմամբ մեր պետությունը չունի պարտք ու պահանջ, որոնց դեմ չկան քաղաքացիական հայցեր»,- հայտնեց նախարարի մամուլի քարտուղարը, ընդգծելով, որ անցյալ անգամ արտահանձնվածների թվում մեկ կին դատապարտյալ կար՝ «Աբովյան» ՔԿՀ-ից, իսկ այս անգամ բոլորը տղամարդիկ են: Հարցին, թե արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունը ե՞ւս արտահանձնել է այնտեղ դատապարտված հայաստանցիների, նա պատասխանեց, որ նման խնդրանք որեւէ քաղաքացու կողմից մինչ օրս չի եղել: Իսկ Հայաստանը նման արտահանձնումներ հաճախ է կատարում: 2012 թվականին մեր երկիրն Իրանին է հանձնել 12 դատապարտյալի, ովքեր ցանկացել էին պատիժը կրել հայրենիքում, իսկ 2011 թվականին արտահանձնումների ռեկորդային թիվ գրանցվեց՝ 86 հոգի:
Սեպտեմբերին 30 իրանցի բանտարկյալ տեղափոխվեց հայրենիք, հոկտեմբերին՝ 32, իսկ փետրվարին, Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձի առթիվ, 24 իրանցու հանեցին ՀՀ բանտերից: Հայաստանում իրանցիների մեծ մասը դատապարտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) եւ 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով: Արտահանձնումները շահավետ են իրավախախտ իրանցիների համար, սակայն արդյունավետ չեն մաքսանենգության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իմաստով: Միակ օգուտը, որ ստանում է Հայաստանն այս արտահանձնումներից, դատապարտյալների պահման ծախսերի կրճատումն է: Վերոնշյալ հանցագործությունների համար Հայաստանում դատապարտված իրանցիների քանակը տարեցտարի գրեթե չի փոխվում: Իրանի օրենսդրությունն այս հանցատեսակների նկատմամբ շատ ավելի խիստ է, քան հայկականը: Իրանը 2000 կմ սահման ունի Աֆղանստանի, Պակիստանի եւ Իրաքի հետ, որոնք թմրամիջոցների տարածման օջախ են համարվում, ուստի ստիպված է ամենախիստ միջոցները կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր զբաղվում են թմրամիջոցների տարածմամբ, ընդհուպ մահապատիժ:
Նարկոհանցագործներին կախում են հրապարակային վայրերում: Հայաստանի քրօր.-ը համեմատաբար մեղմ պատիժներ է սահմանում. նվազագույնը՝ 2, իսկ առավելագույնը՝ 10 տարվա ազատազրկում մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Իրանցի հանցագործների արտահանձնումների հիմքը ՀՀ եւ ԻԻՀ միջեւ 2006 թվականից գործող «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման մասին» համաձայնագրերն են:
Կարծիքներ