Ապրիլի 1-ից երևանցիներն օրական առնվազն 17 ժամ ջուր կունենան

«Երեւան ջուր» ընկերության համար ծրագրերն ի մի բերելու, երեւանցիների առաջ հաշվետու լինելու ժամանակահատված է: Մեկ տարի անց, 2016 թվականի հունիսի 1-ից այս ընկերությունը կդադարի գոյություն ունենալ, քանի որ լրանում է «Երեւանի ջրմուղկոյուղու» 10 տարվա վարձակալության պայմանագրի ժամկետը: «Երեւան ջուր» ՓԲԸ ներկայացուցիչները լրագրողներին զեկուցեցին, որ թեեւ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է, սակայն հիմնադիրները որոշել են ապրիլի 1-ից մայրաքաղաքում ապահովել 17-ժամյա՝ առավոտյան 7-24-ը, անխափան ջրամատակարարում: Սա հնարավոր է եղել ապահովել էներգիայի խնայողությունների, պոմպակայանների վերանորոգման, ջրի տնտեսումների շնորհիվ: «Ջրամատակարարման միջին տեւողությունը հասավ առավելագույն ցուցանիշի՝ 98 տոկոսի կամ 23,5 ժամ, մինչդեռ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետին այն պետք է կազմեր 95 տոկոս կամ 22,8 ժամ»,- նշեց «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը: Իսկ հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ամփոփեց. «9-րդ տարում ներդրումային 10-ամյա պարտավորությունը գերազանցվել է մոտ 1,5 մլրդ դրամով:
Արդեն մի քանի տարի է, ինչ շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես սեփական՝ ջրի վաճառքից ստացվող գումարներից»: Վերջին 5 տարում ջրի խորանարդի գինն էժանացել էր 25 դրամով եւ կազմում է 170 դրամ: Սակայն, 2013-2014 թվականների ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակից ելնելով, «Երեւան ջուրը» նոր հաշվարկ է ներկայացրել հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովին, որը, եթե ընդունվի, ապա ջրի վճարը մեկ ընտանիքի հաշվով կավելանա մոտ 25 դրամով: Այս թանկացումը Երեւանի ջրամատակարարման պատասխանատուները սիմվոլիկ են համարում: Երեք գործոններով է այն պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի գնով, սղաճով, որն այս տարի կազմել է 3 տոկոս եւ եվրո-դոլար հարաբերությամբ: «Եթե տեսնեք, թե երկրում ինչպես են օր օրի թանկանում սիգարետն ու այլ ապրանքատեսակները, սա չնչին թիվ կերեւա»,- պնդեց Մուրադ Սարգսյանը:
Ի դեպ, մեր ռեպլիկին, թե ափսոս, որ բնակչության եկամուտները ոչ ոք չի ավելացնում, ելնելով սղաճի եւ եվրո-դոլար հարաբերակցությունից, «Արեւելք» մասնաճյուղի տնօրենը հակադարձեց. «Մեզ մի ներքաշեք քաղաքական վերլուծությունների մեջ»:
Կարծիքներ