Սառը ցնցուղ հանքավայրեր ուսումնասիրողների գլխին

Սառը ցնցուղ հանքավայրեր ուսումնասիրողների գլխին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ դեղին քարտ ցույց տվեց հանքավայրեր ուսումնասիրող 30 ընկերությունների, որոնց ներկայացուցիչներին հավաքել էր իր մոտ, նախարարությունում:



Այս ընկերությունները ստացել են երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություններ, սակայն իրենց պայմա նագրային պարտավորությունները չեն կատարել: Պարզ ասած, հանքն իրենցով են արել ու հանգիստ նստել են: Էներգետիկայի նախարարը թվեր նշեց: Ընդհանուր առմամբ ՀՀ –ում կադաստրով հաշվառված 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր կան: Արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության են տրամադրված 55 երևակումներ, որոնք նպաստավոր են ներդրումների համար: Տրամադրած իրավունքների սահմաններում նախատեսվում էր իրականացնել 403 հազար խորանարդ մետրի վերգետնյա փորվածքների անցում, հետախուզահորերի անցում՝ 13 հազար գծամետր և 272 հազար հատ հորատում:



«Ամենասեղմ մոտավոր հաշվարկներով այդ բնագավառում ներկայացված աշխատանքային ծրագրերի սահմաններում 24 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ պետք էր ներդնել: Սակայն մոտավոր հաշվարկը ցույց է տալիս, որ ձեր կողմից ներկայացված ծրագրերի դիմաց ընդամենը դրա 10 տոկոսն է կատարվել՝ մոտ 2- 2,4 մլրդ դրամի ներդրում», - ասաց նախարարը:



55 ընկերություններից հաշվետվություն են ներկայացրել 4 ընկերություններ, աշխատանքներ մասամբ կատարվել են 21 ընկերություններում, իսկ 30 ընկերությունններում ոչինչ չի կատարվել: «Իրավիճակն անհանգստացնող է: Մենք համարում ենք նման մոտեցում ները անթուլատրելի, պետությունը ձեզ ուղիղ հանձնարարականներ, կամ պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, պահանջներ առաջադրել չենք կարող: Մեր պահանջը մեկն է՝ որպեսզի կատարվեն պայնանագրային պարտավորությունները: Համատեղ մտածենք խախտումները վերացնելու մասին», - հորդորեց նախարարը և խնդրեց, որպեսզի ընկերությունների ներկայացուցիչները պատմեն իրենց խնդիրներից, անգործության պատճառները նշեն: «Եթե ունեք խնդիրներ, ասեք», - ասաց նախարարը:



Ընկերությունների ներկայացուցիչները լռում էին: «Չունե՞ք»:



Մի երեք րոպե քար լռությունից հետո նախարարը ասաց. «Լավ չի, որ չունեք»:



Նա հայտնեց, որ վարչապետը հանձնարարել է զրկել լիցենզիայից այն ընկերություններին, որոնք մեկ տարի շարունակ իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն չեն ներկայացրել:



Հանքուսումնասիրողների ներկայացուցիչները չէին պատասխանում նաև լրագրողների հարցերին: Նրանք վախեցած էին լրագրողներից և անգամ իրենց ընկերությունների անուններն էին հրաժարվում հայտնել: Հանդիպումից հետո տեղեկացանք, որ նախարարը խոստացել է այս անգամ չհրապարակել խախտումներ կատարածների ցուցակը: Ընդերքի գործակալության պետ Կորյուն Հակոբյանին հարցրեցինք, թե այնուամենայնիվ ո՞րն է պատճառը, որ հանքավյրեր ուսումնասիրող ընկերությունների մեծ մասը չի կարողանում կատարել պետության հանդեպ պարտավորությունները: «Կարծում եմ, ֆինասնական միջոցների խնդիր է», - ասաց նա: «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Հրաչյա Հարությունյանը որպես հանքուսումնասիրողների թերացումների հնարավոր պատճառներ նշեց, որ այս ոլորտում ներդրումները մեծ են և ռիսկային: «Ոչ բոլոր հանքավայրերն ու հանքաերևակումներն են ուսումնասիրելուց հետո դառնում հանքավայր: Անգամ հանքավայր դառնալուց հետո ոչ բոլորն են կարող տնտեսապես շահավետ շահագործվել: Եւ ֆինանսական խնդիրները կարող են պատճառ լինել, և համաշխարհային շուկայի գների տատանումները, և տնտեսական կրիզիսը, որը 2007-2008 թվականներից անդրադառնում է ՀՀ հանքարդյունահանման վրա», - ասաց նա, շեշտելով` ընկերությունը, որ ինքն է ներկայացնում, չունի թերացումներ և օրինավոր կարգով հաշվետու է եղել պետության առաջ:



Մեր տեղեկություններով, հաջորդ շաբաթ էներգետիկայի նախարարը սառը ցնցնցուղ է պատրաստել նաև հանքշահագործողների համար: