Ավիացիայի մասնագետը հիասթափված է հանրային խորհրդից

Հանրային խորհրդի ամենաակտիվ անդամներից մեկը՝ օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը, վերջերս «խռովել» է այս մարմնից: Նա արդեն երկար ժամանակ է, որ չի այցելում Հանրային խորհուրդ: Ավիացիայի ոլորտի գիտակ համարվող Իզաբելլա Մուրադյանն անգամ ավիացիայի ենթահանձնաժողովի նիստերին չի ներկայանում: Իր ասուլիսներից մեկում նա ասել է, որ հիասթափված է եւ ՀԽ-ից, եւ պետությունից, որը ոչինչ չի անում հայկական ավիացիայի համար: Մեր տեղեկություններով, Քաղավիացիայի վարչությունում կայացած քննարկումներից մեկի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ, որը լցրել է մասնագետի համբերության բաժակը: Քննարկումը նվիրված է եղել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու ծրագրին: Ինչպես հայտնի է, Հանրային խորհրդի ճարտարապետներն ու քաղաքաշինության մասնագետները, նաեւ ինքը՝ Իզաբելլա Մուրադյանը, դեմ են եղել, որ «Զվարթնոցի» կլոր շենքը քանդվի, քանի որ այն մեր լավագույն ճարտարապետական կառույցներից է: Իսկ օդանավակայանի ներկայացուցիչները համարում են, որ վթարային այս շենքը քանդելն ավելի էժան է, քան նորոգելը: Հենց այս քննարկման ժամանակ քաղավիացիայի ղեկավար աշխատողներից մեկը վիրավորել է Իզաբելլա Մուրադյանին, ասելով, որ Հանրային խորհուրդն անգրագետների հավաքածու է: Իզաբելլա Մուրադյանը հրաժարվեց մեր տեղեկությունը մեկնաբանելուց, ինչպես նաեւ պատասխանելուց, թե ինչու է հիասթափված Հանրային խորհրդից: Իսկ Քաղավիացիայի վարչության խոսնակ Նելլի Չերչինյանը մեզ հայտնեց, որ նշված քննարկմանը ՀԽ-ից ներկա չէին ավիացիոն մասնագետներ, այլ միայն ճարտարապետներ էին, որոնք այնքան էլ տեղյակ չէին ավիացիոն հարցերից: «Ճի՞շտ է, որ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը Հանրային խորհուրդն անգրագետների հավաքածու է անվանել» հարցին Չերչինյանը պատասխանեց. «Չի կարող պատահել նման բան: Վարչության պետը միշտ էլ շատ հարգալից է վերաբերվել Իզաբելլա Մուրադյանին»:
Կարծիքներ