Էլի՞ և-և ու կամ-կամ

Էլի՞ և-և ու կամ-կամ

Աստանայում տեղի ունենալիք ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանին չհրավիրելը հետաքրքիր զարգացումների է հանգեցրել: Ո՞վ կարող է ասել, որ իրավիճակը հետաքրքիր չէ, երբ Պուտինը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն հանդիպում են Աստանայում, իսկ Սերժ Սարգսյանը գտնվում է Բրյուսելում: Մի՞թե հետաքրքիր չէ, որ ԵՏՄ-ում նպատակահարմար չեն համարում Հայաստանին 200-250 միլիոնի տրամադրումը, որ նախապես խոստացել էին, իսկ ԵՄ-ն ոտքի վրա 10 միլիոն եվրո է տալիս, որ ճանապարհները կարգի բերենք: Էլ չասենք, թե որքան հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը միջազգային մեդիա ֆորումում բաց տեքստով մեղադրում է Ռուսաստանին Ադրբեջանին զինելու մեջ եւ ընդգծում, որ դիրքում կանգնած հայ զինվորի համար ամենավատն այն է, որ նա մտածում է, որ իր վրա թշնամին կրակում է ռուսական զենքից:



«Եվրանեսթի» լիագումար նիստի մասին էլ չենք խոսում, որտեղ ոչ միայն հայանպաստ բազմաթիվ բանաձեւեր հաստատվեցին, այլեւ մի բան էլ ավելով խոսվեց Հայաստանի` եվրոպական տարածք լինելու եւ մեր երկրի եվրոպական ապագայի մասին:
Վերջապես ցնցող է, երբ Հայաստանում Պուտինի սապոգի ձախ թայը` Խոսրով Հարությունյանն է հայտարարում, որ Սերժ Սարգսյանը նորից եւ-եւ-ի գծի վրա է, ու դա ճիշտ քաղաքականություն է:



Այս ամբողջը, իհարկե, հետաքրքիր է, բայց կան իրողություններ ու կատարված փաստեր, որոնք շրջանցել չես կարող: Հանճարեղ Հովիկ Աբրահամյանն է ասել. «Երբ մեկին մի բանը մի քանի անգամ ասում ես, ու նա չի հասկանում, պետք է մի հատ էլ բամփես»: Բանն այն է, որ դաստիարակչական այս մեթոդը խորթ չէ նաեւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, որ նույնպես ուշիուշով հետեւում է Հայաստանում ծավալվող հետաքրքիր իրադարձություններին: Ռուսական կողմն առայժմ բավարարվել է մեզ հիշեցնելով, որ մենք մեր ընտրությունն արդեն կատարել ենք հօգուտ ԵՏՄ-ի: Բայց սա դեռ բամփելը չէ: Մենք գիտենք, թե բամփելը ոնց է լինում: Այո, այո, հոպ, եւ Գագիկ Ծառուկյանն այլեւս ԲՀԿ նախագահը չէ: Մարդու լեզու չի էլ պտտվում, որ ասի` մի օր էլ Պուտինը կարող է ելույթ ունենա, եւ, հաջորդ օրն արթնանալով, տեսնենք` հոպ, Սերժ Սարգսյանն է հրաժարական տալիս ՀՀ նախագահի պաշտոնից:



Բայց եկեք չշտապենք տխուր բաներից խոսել, որովհետեւ առջեւում շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Բրյուսելում այս օրերին, ամենայն հավանականությամբ, կճշտվի մայիսին Ռիգայում տեղի ունենալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձեւաչափը եւ, որ ոչ պակաս կարեւոր է` իմաստը: Խոսք կա, որ Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի, այսպես կոչված, քաղաքական մասը, որը ԵՏՄ անդամ երկրի համար, բնականաբար, որոշակի խմբագրումների կենթարկվի: Այդուհանդերձ, դա իսկական իրադարձություն կարող է լինել, որը, պետք է աղոթել, որ ճիշտ ընկալվի Ռուսաստանի եւ ԵՏՄ մյուս պետությունների կողմից:



Հայաստանում նաղլ անողների պակաս երբեք չի եղել: Սրանք հիմա ասում են, որ Հայաստանը, ամրապնդելով կապերը Եվրոպայի հետ, կարող է կապող օղակ դառնալ Ռուսաստանի (ԵՏՄ-ի) եւ ԵՄ-ի միջեւ: Տա Աստված, իհարկե, բայց մենք մի փոքր թերահավատ ենք, որովհետեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններն այնպես են խճճվել Ուկրաինայում, Սիրիայում, Իրանում, որ Հայաստանին այս մեծ խաղի մեջ պատկերացնելը համարյա անհնարին է դառնում:



Հստակ է, իհարկե, որ Եվրոպան չթուլացող հետաքրքրասիրություն ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանն էլ, փայլփլուն բաներից ուրախացող երեխայի նման, ձգտում է տեղավորվել Եվրոպայի հետաքրքրությունների շրջանակում: Բայց, նորից ենք կրկնում, կա՞ երաշխիք, որ մեծ եղբայրը մի հատ չի բամփի նման հրճվանքի համար:
2013 թվականին Վիլնյուսում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն ընտրել է Եվրասիական տնտեսական միությունը (այն ժամանակ` ՄՄ): Ի՞նչ պետք է հայտարարենք Ռիգայի գագաթնաժողովից առաջ: Երեւի պետք է ասենք` բա գիտեք, ճիշտ է, մենք ԵՏՄ անդամ ենք, բայց դա չի խանգարում, որ Ասոցացման համաձայնագիր ստորագրենք ԵՄ-ի հետ: Եվ սա` ԵՄ-Ռուսաստան «ջերմ» հարաբերությունների ֆոնին: Ինչպե՞ս ենք պատկերացնում:



ԵՄ-ն Բելառուսին եւ ոչ թե անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կհրավիրի «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին, Ռիգայում: Լատվիական ռադիոյին տված հարցազրույցում այս մասին ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկեւիչը: Ասենք, որ 2015 թ. հունվարի 1-ից Լատվիան ԵՄ Խորհրդի նախագահող երկիրն է:



«Հիմա այդ հարցն այնպես է լուծվում, որ հրավերներ կուղարկվեն պետություններին, ոչ թե պաշտոնատար անձանց: Երկու ամսվա ընթացքում, կարծում եմ, մենք դիվանագիտական ալիքներով կհասկանանք, թե ով որ պետությունը կներկայացնի»,- ասել է Ռինկեւիչը: Նրա խոսքով, Բելառուսն ինքը կորոշի, թե ով կներկայացնի հանրապետությունը Ռիգայում: Այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Արեւելյան գործընկերության» մյուս երկրների նկատմամբ, նշել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը:



Ինչպես տեսնում եք, խնդիրը բավականին ակտուալ է նաեւ Հայաստանի համար: Այսինքն` Ռիգայի գագաթնաժողովի հրավեր ստանալու է Հայաստանը եւ ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանը: Իսկ ո՞վ կարող է Սերժ Սարգսյանից բացի ներկայացնել Հայաստանը Ռիգայում, երբ բոլորի համար էլ պարզ է, որ ԵՄ-ն, ըստ էության, քաղաքական հենարան չունի էլ Հայաստանում, այն էլ այնպիսի հենարան, որ իրավասու լինի Հայաստանի անունից թուղթ ստորագրել: Հետեւաբար` կամ պետք է Սերժ Սարգսյանն անձամբ մեկնի Ռիգա, եւ կամ այս ամենը` թե ԵՄ հետաքրքրասիրությունը մեր հանդեպ եւ թե մեր տրտինգ տալն այդ կապակցությամբ, հերթական կապիկությունն է, եթե կուզեք` անլրջությունը:



Իսկ եթե մեր եվրոպամետ պատեհապաշտությունը զուտ նպատակ է հետապնդում ապրիլի 24-ին Հայաստան կարեւոր պերսոնաներ բերելու, ապա պետք է ասել, որ այդ նրբությունը մեզնից վատ չեն գիտակցում նաեւ եվրոպացիները, եւ շատ հնարավոր է, որ այս խաղը բոլորովին հակառակ էֆեկտն ունենա: Մեզ արդեն տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին Ֆրիտյոֆ Նանսենի Նորվեգիան ներկայացված է լինելու դեսպանի մակարդակով: Նորվեգացի մտավորականներն ամոթանք են տալիս իրենց կառավարությանը դրա համար, բայց ի՞նչ կարող ես անել: Ոչ խնդրել է պետք, ոչ էլ կարող ես պարտադրել, որ ավելի բարձրաստիճան մարդ ուղարկեն: Ցեղասպանության ընկալման հարց կա, ի վերջո: Ու եթե դեռ չեն ընկալում, իրենց գործն է, կարող են ընդհանրապես չգալ:



Մենք Ցեղասպանության 100-ամյակը գերնպատակ դարձնելու եւ դրան հասնելու համար վտանգավոր, անհասկանալի, ծիծաղելի խաղերի մեջ մտնելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք ճկուն լինել, բայց ոչ մածուցիկ այնքան, որ մոռանան մեզ Աստանա հրավիրել կամ 10 միլիոն եվրո տան` Ռիգայում ապուշի դեր կատարելու համար: