Ջորջ Վաշինգտոնի հեքիաթը և Հմայակի մեկնաբանությունը

Ջորջ Վաշինգտոնի հեքիաթը և Հմայակի մեկնաբանությունը

Ջորջ Վաշինգտոն, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, Դը Գոլ… Տեսնես որտեղի՞ց են ճարվում այսպիսի մարդիկ, որ դառնում են ազգընտիր նախագահ ու ծաղկեցնում իրենց երկրները: ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը երկիր դարձնելու համար բավական է ազգընտիր նախագահ ունենալ: Քիչ է ասել` կարծում է: Երազում է, հետն էլ Սերժ Սարգսյանին խնդրում հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունից: Քանի որ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագետ է, հնարավոր է՝ գիտի նաեւ ճանապարհը Հայաստանի համար մի հատ Ջորջ Վաշինգտոն ընտրելու: Չգիտես ինչու, սակայն, Հմայակ Հովհաննիսյանն այդ ճանապարհը ցույց չի տալիս եւ, ամենակարեւորը, մատնացույց չի անում այն մարդուն, ով կարող է Ջորջ Վաշինգտոն կամ Շառլ դը Գոլ դառնալ Հայաստանում: Հմայակը հիմա մտքում ասում է` չհասկացա, ես քաղաքագետ մարդ եմ, ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ…



Դու ճառ ասա, սիրելի Հմայակ, ճառ ասա, իսկ մնացածը կլինի ճիշտ քո ասածների պես: 2018 թվականին ազգովի կորոշենք ու մի ազգընտիր նախագահ կընտրենք մեզ համար, որ ոչ Ռուսաստանի կողմից ուղարկված լինի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Պուտինի ընկերը լինի, ոչ Օբամայի, որ ոչ հայ օլիգարխիայի փողերով մեջլիս մտնի, ոչ էլ դատավորների, կրիմինալի եւ ուժայինների աջակցությամբ: Ահա այսպիսի մեկին կվերցնենք ու կնստեցնենք նախագահի աթոռին, անունն էլ կդնենք ազգընտիր:



Մյուս կողմից էլ` մեր ո՞ր նախագահն ազգընտիր չի եղել: Հապա մի իրենց հարցրե՞ք… Ի՜նչ Դը Գոլ, ի՜նչ Ռուզվելտ, ի՜նչ Վաշինգտոն (մանավանդ): Մերոնք կրած ունեն բոլորին իրենց ազնվությամբ, ժողովրդի համար մատաղ լինելու պատրաստակամությամբ: Նրանցից այդ ո՞ւմ ենք դիմել, որ մեր մատի փուշը հանի ու չի հանել: Այնպես որ, մնում է 2018 թվականին գտնել չորրորդ ազգընտիրին ու ասել` դե մեզ կառավարի, քանզի առանց քեզ քաոս կլինի, կպարտվենք Ղարաբաղում, արտագաղթը չի դադարի, տնտեսությունն իր նվաճած բարձունքներից կգահավիժի, մենք էլ կմնանք դառն ու դատարկ:



Հմայակ Հովհաննիսյանի ճառի մեջ անսքող վախ կա կառավարման խորհրդարանական համակարգի հանդեպ: Քաղաքագետը նշում է, որ այդ համակարգը տեղով քաոս է: Նա մեզ վախեցնում է Մոլդովայի օրինակով: Տեսեք, ասում է, Մոլդովայում քաոս է, իսկ Ուկրաինայում լավ է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հմայակը մի քիչ էլ զոռ տար երեւակայությանը, կարող էր մեզ վախեցնել նաեւ Վրաստանի օրինակով: Եղբայր, թե Մոլդովան եւ թե Վրաստանը (երկուսն էլ խորհրդարանական կառավարմամբ երկրներ են) ստորագրեցին Ասոցացման պայմանագիրը եւ չարժանացան Ուկրաինայի ճակատագրին: Ի՞նչն ես ինչի հետ համեմատում: Հմայակը մատնացույց է անում Թուրքիան, որը խորհրդարանական էր ու հիմա անցում է կատարում նախագահականի: Իսկ ոչի՞նչ, որ Թուրքիան որպես երկիր կայացել է խորհրդարանական կառավարման մոտ 100 տարիների ընթացքում: Տեսնես Հմայակ Հովհաննիսյանը չի՞ համաձայնի, որ մենք էլ նախ` կայանանք ու հետո անցնենք նախագահական համակարգի:



ՀՔՄ նախագահի կարծիքով` Հայաստանը ճակատագրական պահի մեջ է, եւ այդ պահին չի կարելի փոխել կառավարման համակարգը: Բայց հարցնենք նրան` ինչո՞ւ ենք այս վիճակի մեջ, մեր մեղքը ո՞րն է, մի՞թե նախագահական երկիր չենք արդեն 25 տարի: Չէինք ցանկանա այն տպավորությունն ստեղծվեր, որ Ղարաբաղում մենք հաջողություններ չէինք ունենա, եթե նախագահական չլինեինք: Ի դեպ, նախագահական էր նաեւ Ադրբեջանը, բայց դա նրան չօգնեց, ինչպես Վրաստանին ոչնչով չօգնեց Սահակաշվիլին, Իրաքին` Հուսեյնը, Լիբիային` Քադաֆին, Եգիպտոսին` Մուբարաքը, Սիրիային` Ասադը, եւ կամ Ուկրաինային` Յանուկովիչը: Ուզում ենք ասել` այնպես էլ չէ, որ նախագահը գնում է կռիվ ու հաղթանակներ ապահովում: Հմայակն այսքան բան գիտի երեւի:



Քաղաքագետի մի մտահոգությունն էլ այն է, որ չի կարելի երկրի ղեկավարի ընտրությունը թողնել փողի ուժով խորհրդարան խցկված 131 մականունավորների ու քաղաքականացված դալալների հույսին: Ճիշտն ասած` այդ հարցը մեզ էլ է մտահոգում: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում, նախ՝ ընտրվում է Ազգային ժողով եւ հետո, մեծամասնություն ստացած ուժը մեկ տարի անց իշխանության է բերում նախագահի իր թեկնածուին, բնականաբար` լծակների գործադրմամբ եւ նախորդ նախագահի աջակցությամբ: Տարբերությունը, կարծում ենք, շատ մեծ չէ: Այսպես թե այնպես, խորհրդարանն է դառնում վճռորոշ նախագահի ընտրության հարցում: Պատկերացրեք, խնդրեմ, 2017-ին ունենում ենք փողի ուժով խորհրդարան խցկված 131 մականունավորներ ու քաղաքականացված դալալներ, իսկ 2018-ին փորձում ենք ազգընտիր ունենալ: Չի ստացվի, եւ մենք դարձյալ կհայտնվենք հին տաշտակի առջեւ: Այնպես որ, խորհրդարանական ընտրություններում է, որ որոշվում է նորմալ ղեկավարություն ունենալու հարցը: Պետք է ճիշտ ընտրություն կատարել, ձերբազատվել մեկ ուժի իշխանությունից, եւ հետո միայն, երբ կձեւավորվի գործնական կոալիցիա, կունենանք վարչապետ, կառավարություն ու նախագահ: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ այս մասին գիտի, բայց, չգիտես ինչու, այլ երաժշտություն է միացրել:



ՀԳ. Չենք կարծում նաեւ, որ Հմայակ Հովհաննիսյանն արդեն մոռացել է, թե ինչպես նախագահական կառավարման կողմնակից ուժի ղեկավարներն իրեն դուրս գցեցին նախընտրական ցուցակից: Տեսնես ի՞նչն էր պատճառը: Արդյոք ո՞չ այն, որ այդ ուժին նորմալ, քաղաքական դեմք խորհրդարանում պետք չէր: Ահա, այսքան կարեւոր տեղ է խորհրդարանը, սիրելի Հմայակ: