ԵՏՄ-ն դառնում է իսլամական միություն

ԵՏՄ-ն դառնում է իսլամական միություն

Արդեն իսկ հստակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանը հրավիրված չէ նաև մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ եռյակի հանդիպմանը: Այս տեղեկության ճիշտն ու սխալը երևի ՀՀ ԱԳՆ-ն գիտի, իսկ ԱԳՆ-ն պարտիզանի համառությամբ լռում է:



Սա ի՞նչ կարող է նշանակել: Մի՞թե Հայաստանին իրոք վռնդում են ԵՏՄ-ից: Իսկ ստորագրված փաստաթղթե՞րը…



Քանի կար՝ խոսում էին, որ Հայաստանը հունվարի 2-ից դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ: Ո՞ւր է, ինչի՞ց է երևում: Մի՞թե միայն Հայաստանի քաղաքացիներին առանց հաշվառման 90 օրՌուսաստանում ապրելու թույլտվությունից: Նման թույլտվություն Հայաստանի քաղաքացիներն ունեն նաև Վրաստանի կառավարության կողմից: Իսկ գուցե ԵՏՄ մտնելը Հայաստանի համար ավարտվում է մեր քաղաքացիների օգտագործած ավտոմեքենաները Ռուսաստանում վաճառելու իրավունք ձեռք բերելո՞վ: Մի ժպտացեք:



Ինչո՞ւ են լռում ԵՏՄ կառույցների մեր պաշտոնյաները: Վաչէ Գաբրիելյան, ե՞րբ պետք է մեզ տեղեկացնեք, վերջապես, թե ինչով եք զբաղված այդտեղ և ի՞նչ բյուջեից եք աշխատավարձ ստանում ու փողեր վատնում:



Տպավորությունն այնպիսին է, որ ԵՏՄ հիմնադիրների կողմից Հայաստանի առջև նոր նախապայմաններ են դրվել, որոնք անընդունելի են մեզ համար: Այլապես ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցեր Աստանայի հավաքին, որտեղ քննարկվել են ԵՏՄ բոլոր անդամներին վերաբերող հարցեր, այդ թվում նաև միասնական արժույթի հարցը: Փոխարենը Հայաստանում որոտընդոստ եվրաշաբաթ է տեղի ունենում, Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, որտեղ հանդիպում է կարևոր դեմքերի, այդ թվում նաև Գերմանիայի կանցլերի հետ:



Քաղաքագիտական որևէ վերլուծության մեջ չի կարող տեղավորվել այն իրողությունը, որ առկա է ՀՀ իշխանությունների շուրջ: Հնարավոր չէ, պարզապես, որ միևնույն իշխանությունը մի քանի տարի գնա մի ուղղությամբ, ապա՝ շրջվի դեպի այլ ուղղություն և մի քանի ամիս անց նոից կտրուկ շրջադարձ կատարի դեպի նախկին ուղղությունը: Խնդիրը վարվող քաղաքականության համար անուններ գտնելը չէ՝ և-և, կամ-կամ, ոչ-ոչ և այլն: Անուններ միշտ էլ կգտնվեն: Խնդիրն այս դեպքում տվյալ իշխանության կշռին է վերաբերում և օտար գործընկերների շրջանում ունեցած վստահությանը: Ի վերջո, մի օր կամ Արևմուտքը կարող է հոգնել կամ Ռուսաստանը: Ի՞նչ կշռով է Հայաստանը ներկայանալու մեկին կամ մյուսին, երբ նրանց դեմ մնա մեն-մենակ:



Ժամանակին մեր իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանը խաղաղության ֆակտոր է Անդրկովկասում և զսպում է Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: 2014 թ. օգոստոսից այս կողմ մենք տեսնում ենք, որ դա այնքան էլ այդպես չէ, և Ադրբեջանը շարունակում է անպատիժ ելուզակությամբ զբաղվել: Այսօր դժվար է ասել, թե ինչո՞վ կվերջանա այս ամենը, եթե չլինեն Մինսկի խմբի, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կամ Ռուսաստանի՝ կողմերին համահավասարեցնող հայտարարություններն ու խաղաղության կոչերը: Սրվող լարվածությունը, սակայն, ինչպես նաև Հայաստանին ԵՏՄ-ից դուրս հրավիրելը, տանում է նրան, որ Հայաստանը վերջնականապես դիտվի ոպես պատերազմող երկիր և հակամարտությունը դուրս գա ղարաբաղա-ադրբեջանական շրջանակներից: Գուցե ա՞յս վտանգն է զգացել Սերժ Սարգսյանը:



Նկատենք, որ Ղարաբաղն ու ազատագրված տարածքները Ռուսաստանի համար Ղրիմ չեն, որպեսզի Պուտինը գնա նույն ավանտյուրային: Բացի այդ՝ կա նաև Ադրբեջանի համար ԵՏՄ-ն գրավիչ դարձնելու խնդիրը, և օրերս Կարսում տեղի ունեցած Ադրբեջան-Թուրքիա նոր գազատարի շինարարության մեկնարկին Ռուսաստանի ցուցաբերած լոյալությունը դրա լավագույն ցուցիչներից է: Արդյոք արդեն չի՞ կայացել մեզ համար այնքան անցանկալի գործարքը՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Ղազախստան-Բելառուս հնգյակի շրջանակներում: Այստեղ մի փոքր տարօրինակ կարող է թվալ մեր ռազմավարական գործընկերոջ խաղը, սակայն, բացառված չէ, որ Ռուսաստանն այսօր հենց այդ միության մեջ է տեսնում իր փլուզվող տնտեսության գոնե ժամանակավոր փրկությունը: Ո՞ւմ հասկանալի չէ, որ հենց այդ միությունը միայն կարող է Ռուսաստանին զերծ պահել նաև ներքին խժդժություններից, մասնավորապես՝ մահմեդական հոծ համայնքի անցանկալի ելույթներից:



Հայաստանին, այո, այլ ելք չթողեցին, քան հայացքը դարձյալ Եվրոպային ուղղելը: Մայիսին Ռիգայում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որը, հնարարավոր է կպատասխանի արդեն հարյուր տարի տրվող հարցին՝ Եվրոպան, արդյոք, Հայաստանը համարո՞ւմ է եվրոպական քաղաքակրթության մաս, թե՞, այս անգամ էլ մեզ կհասկացնեն, որ իրենց նավերը հայկական լեռները բարձրանալ չեն կարող: