Ցավում եմ, բայց ՀՀ ՊՆ մամլո խոսնակն այս անգամ էլ ծուռ կրակեց

Ցավում եմ, բայց ՀՀ ՊՆ մամլո խոսնակն այս անգամ էլ ծուռ կրակեց

Երեկ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում փորձել էր կռահել, թե հայ զինվորի կողմից դիրքը լքելուց հետո ինչ է տեղի ունենալու և այսպիսի մի գրառում էր կատարել. «Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ, մինչև ատամները զինված՝ հարձակվել է Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»:



Հիմա արդեն դժվար է ասել՝ Արծրուն Հովհաննիսյա՞նն է վատ բաժակ նայող, թե՞ Ադրբեջանն է այնքան առաջադիմել, որ հասկանում է՝ ինչպես օգուտ քաղել այդ նվերից:



Մենք հիմա առանց Արծրուն Հովհաննիսյանի կփորձենք հասկանալ՝ ի՞նչ է բացահայտում Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը:



Առաջին՝ ՊՆ խոսնակը, կարծես, առանձնապես մտահոգված չէ դեպքով, և նրան հետարքրում է առաջին հերթին Ադրբեջանի ռեակցիան: Բայց ամեն ինչ ՊՆ խոսնակի ենթադրածի պես չեղավ, և Ադրբեջանն էլ, ինչպես վայել է գերի վերցրած երկրին, դասալիք զինվորին ողջ-առողջ ցույց տվեց աշխարհին՝ զուգահեռաբար տարածելով նաև վերջինիս խոսքը, թե իրեն ծեծել են ու այդ պատճառով է փախել հենակետից: Ահա, ուրեմն, մեր հարգարժան խոսնակի գիտակցությանը հասցնենք, որ եթե սրանից հետո ևս մեկ նման դեպք գրանցվի, դա ուղղակի խայտառակություն կլինի հայկական բանակի համար: Արդեն այս մեկ դեպքն է դառնում քարոզչություն, էլ ուր մնաց երկուսը երեքը:



Երկրորդ՝ հայկական կողմը բառիս բուն իմաստով մանկամտություն է արել՝ Ադրբեջանի ՊՆ-ից առաջ ընկնելով և զինվորի դասալքության մասին հայտարարելով: Պատերազմում պետք է գործես պատերազմի օրենքներով, մինչդեռ մենք հեշտացրել ենք հակառակորդի գործը՝ նրան ազատելով հայ զինվորի դասալքությունը ապացուցելու ոչ հեշտ գործից: Իսկ եթե հայ զինվորն այնքան բացահայտ ու լկտիաբար է նետել զենքերն ու հեռացել դեպի հակառակորդը, որ անհնար է որևէ նորմալ մեկնաբանություն տալ, ապա դա էլ մի ուրիշ խնդիր է, ու հարցեր է առաջանում՝ ինչո՞ւ նրա հայրենասեր ընկերները չկանգնեցրեցին նրան, ո՞ւր էր հրամանատարը և այլն:



Երրորդ՝ թե ավելի հաճախակի դարձող դիվերսիաները և թե հայ զինվորի անարգել անցումը հակառակորդի կողմը, վկայում են մի պարզ բանի մասին՝ մենք այդ ամենը իմանում ենք ուշացումով և արձագանքում ենք ինչպես կարողանում ենք, ավելի հաճախ հատուցում մարդկային կյանքերով, ավելացնում հետմահու հերոսների թիվը: Սա մեզ հաստատ պետք չէ: Դրա համոր էլ, արդեն որերորդ անգամն ենք ասում, դիրքերն ու շփման գիծը պետք է լինեն անընդհատ հսկողության տակ:



Բնականաբար՝ կարելի էր Անդրանիկ Արարատի Գրիգորյանին բռնել ու հետ բերել կես ճանապարհից, եթե ժամանակին նկատեինք փախուստը: Բնականաբար՝ միշտ էլ ավելի հեշտ կլինի հակառակորդին դիմավորելը, եթե նրա շարժումը հայտնաբերենք գոնե 5-10րոպե առաջ՝ մինչև մեր դիրքերին հասնելը: Ո՞վ կարող է բացատրել, թե ո՞ւմ են պետք Երևանում տասնյակ հազարավոր նկարահանող սարքերը, երբ շփման գծում զինվորը զրկված է ապահովության այդ հասարակ միջոցներից: Ժամանակին Արծրուն Հովհաննիսյանն ասում էր՝ դրանք թանկ են,հակառակորդը կարող է խփել, կարկուտը՝ վնասել: Իսկ հիմա, երբ այդ թանկարժեք սարքերը կախել ենք Երևանում, իսկ դիրքերի վրա կարկուտի փոխարեն հակառակորդի կրակն է թափվում լա՞վ է:



Եվ վերջում՝ Ադրբեջանից սպասելի է, իհարկե, որ ամեն ջանք կներդնի Հայոց բանակը կազմաքանդելու, նրա շարքերում խլրտում մտցնելու համար: Կարող են նույնիսկ այդ զինվորին պարգևատրել և ուղարկել մի երրորդ երկրում կյանքը վայելելու՝ չմոռանալով այդ մասին հայտնել աշխարհի բոլոր լրատվամիջոցներին և առաջին հերթին՝ Հայոց բանակին: Դժվարանում ենք ասել, թե դա ինչ էֆեկտ կունենա, մանավանդ դեպքերի կրկնության պարագայում, բայց որ դրան պետք է պատրաստ լինել՝ միանշանակ է:



Հ.Գ. Մի առիթով ասել ենք՝ երբ ՖԲ-ում զվարճանում է ԿԳ նախարարը մի բան է, իսկ երբ նրան կրկնօրինակել է փորձում ՊՆ խոսնակը՝ միանգամայն այլ բան: Հիմա ստիպված ենք ՀՀ պաշտպանության նախարարին բառիս բուն իմաստով խնդրել՝ արգելեք ձեր խոսնակներին՝ ֆեյսբուքով պաշտոնական հայտարարություններ անել ձեզնից առաջ՝ առանց հասկանալու երևույթների լրջությունը: