Սևանը սնուցող զարկերակները վտանգված են

Սևանը սնուցող զարկերակները վտանգված են

Ջրային պաշարների շահագործումը, անարդար բաշխումը, գերածախսն ու անբավարար բնույթը հրատապ լուծումներ հայցող խնդիրներ են, որոնք մարդկությունը ժառանգել է դեռևս անցյալ՝ 20-րդ դարից: Քարտեզում նշված են հայկական լեռնաշխարհի ջրբաժանները, որոնց միջոցով ձևավորվող ավազաններից ջրային հոսքերն ուղղորդվել են ի վերուստ սահմանված բնական ճանապարհով: Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Վանա լիճը, Ուրմիա լիճը և Սևանա լիճը, որոնցից երկուսը՝ Վան և Ուրմիա լճերն աղի են, Սևանը՝ քաղցրահամ:



Սևանա լիճը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, այն Կովկասի բարձր լեռնային ամենամեծ քաղցրահամ լիճն է: Սևանի ջրահավաք ավազանը ձևավորվել է երկրակեղևի կառուցվածքի խզման գոգավոր կենտրոնական իջվածքում, որի եզրերով դեպի վեր են խոյացել Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնային բարձունքները: Այս լեռնազանգվածները բնութագրվում են յուրահատուկ՝ ցայտուն կտրտված ռելիեֆով, մեծաքանակ ջրային հոսքերի հուներով: Սևանա լիճը ձևավորվել է նշված գոգավորության հյուսիս-արևմուտքում ՝հրաբխային ժայթքման պատճառով Պալեոհրազդանի հովտում լավայի կուտակման հետևանքով՝ մոտ 100 հազար տարի առաջ:



Սևանա լճի ջրահավաք ավազանը կազմում է 4891 կմ2, առանց լճի ջրային մակերևույթի՝ 3475 կմ2: Քսանութ գետեր ու գետակներ են լցվում Սևանա լիճ՝ 25,8 մ3/վրկ. միջին ելքով կամ՝ տարեկան ավելի քան 800 մլն.մ3 (Աստղաձոր, Արգիճի, Գավառագետ, Կարճաղբյուր, Ձկնագետ, Մասրիկ, Մարտունի, Վարդենիս,…): Սևանա լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը, որի բնական հոսքը կազմել է մինչև 110 մլն.մ3 (որից 60 մլն.մ3 ստորերկրյա արտահոսք): Մինչ մակարդակի արհեստական իջեցումը Սևանա լճի ջրային պաշարները կազմել են 58,5 մլրդ.մ3, մակարդակը՝ 1915,57 մ (1933 թ.), առավելագույն խորությունը 98,7 մ, ավազանի մակերեսը՝ 1416 կմ2: Սևանա լճի ջրահավաք ավազանը լճային համակարգի վրա ազդում է հիմնականում գետային հոսքի միջոցով: Լիճ լցվող 28 գետերից 24-ը լցվում են Մեծ Սևան, չորսը՝ Փոքր Սևան {2.}:



Սևան-Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրով արհեստականորեն Հրազդան գետի տարեկան միջին հոսքը կազմել է 700 մլն.մ3 : 1962-ին լճի մակարդակն իջել էր 15,7 մ, նկատվել են լճի ծաղկման երևույթներ: Երևանի, Հրազդանի ՋԷԿ-երի գործարկման շնորհիվ էներգետիկ բացթողումները Սևանից իջեցվեցին մինչև 120 մլն.մ3, իսկ 1977–ից հետո իսպառ դադարեցվեցին: Լճից ոռոգման նպատակով բացթողումների մի մասը փոխարինվեց Արարատյան հարթավայրի տեղական և ստորերկրյա ջրերով (Մխչյանի, Արևշատի, Ռանչպարի ջրհան կայաններ,...): Արդյունքում լճից ոռոգման նպատակով բացթողումներն իջեցվեցին 370-380 մլն.մ3: Այս միջոցառումների շնորհիվ 1981 թ. դադարեց լճի մակարդակի իջեցումը՝ 1897,0 նիշի վրա {1. Էջ 21-27.}:



Լճի մակարդակի անկման հետևանքով Սևանի էկո-համակարգը ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում է՝ 1-2 տարվա ընթացքում այնպիսի փոփոխություններ են կատարվում, որոնք տեղի են ունենում 50-120 տարվա ընթացքում: Լճի մակարդակի իջեցմանը համընթաց բարձրացել է ջրի ջերմաստիճանը, խախտվել է գազային ռեժիմը՝ պակասել է թթվածնի քանակը:



Առանց Սևանա լճի ՀՀ հոսքային ջրային ռեսուրսները կազմում են 7,4 մլրդ.մ3, որից մակերեսային ջրերի հոսքը՝ 6-7 մլրդ.մ3 կամ ընդհանուրի 90 %-ը: Այս քանակության միայն կեսը՝ 3-4 մլրդ.մ3 կարելի է ամբարել: Ջրամբարներում առայժմ կուտակվում է 1 մլրդ.մ3 հնարավորի 25 %-ը, իսկ մնացած 75 %-ն արտահոսում է հարևան երկրներ: Այս թվերը պարզում են Սևանա լճի դերը ՀՀ ջրային հաշվեկշռում: 1996 թ. դրությամբ Սևանի ջրային ռեսուրսները կազմել են մոտ 35 մլրդ.մ3, որը ՀՀ հոսքային ջրերի ամբողջ պաշարը գերազանցում է մոտ 5 անգամ, 35 անգամ գերազանցում է ՀՀ ամբարված հոսքային ջրերի ամբողջ պաշարը: Ջրով ապահովված է գյուղատնտեսական ոռոգելի տարածքների միայն 40 %-ը, ՀՀ բնակավայրերից ջրի կայուն աղբյուրներ ունեն միայն 255-ը, որոշ արդյունաբերական ձեռնարկություններ տեխնիկական ջուր չունենալու հետևանքով օգտագործում են խմելու ջուր: Այս հանգամանքներով պարզվում է Սևանա լճի ջրային ռեսուրսների որոշիչ դերը ՀՀ ջրօգտագործման համար {1. Էջ 11.}:



Արփա-Սևան 48 կմ թունելը գործարկվեց 1981թվին՝ տարեկան ապահովելով 250 մլն.մ3 ջրի սնուցում: Հանրահայտ երգի <Սպասիր Սևան, շունչ քաշիր Սևան, քո գիրկն է շտապում Արփան> բառերը 1981-ից հետո իրական հնչեղություն են ստացել: 1981-1990 թ.թ. ընթացքում տարեկան միջինը 360 մլն.մ3 բացթողումների առկայությամբ լճի մակարդակը բարձրացել է 1 մ՝ հասնելուվ 1898 մ նիշին, նույնիսկ էկոլոգիական վիճակի լավացում նկատվեց: Սակայն էներգետիկ ճգնաժամի պատճառով 1991-1995 թ.թ. էներգետիկ բացթողումների ծավալը կազմեց 3200 մլն.մ3 (այլ աղբյուրներ նշում են՝ 4470 մլն.մ3), և լճի մակարդակը նորից իջավ՝ հասնելով մինչ այդ չդիտված 1896,75 մ նիշին {1. Էջ 52.}: Ինչպես ասում են՝ փորձանքը մենակ չի գալիս՝ վթարային վիճակի պատճառով հաջորդ մի քանի տարիների ընթացքում Արփա-Սևան ջրատարը չի գործել, ու Սևանա լիճը սպասում էր, շունչ էր քաշում միայն ջրահավաք ավազանի բնական հոսքերի շնորհիվ: Իսկ Արփա-Սևանը թեև ուշացած, բայց կրկին գործարկվեց 2003-ին, երբ լճի մակարդակը նախնականից 20 մ ցածր նիշի վրա էր: 2006 թ. Սևանա լճի մակարդակը բարձրացավ 41 սմ՝ նախորդ տարվա համեմատ, որից հետո մինչև 2010թ. Սևանի մակարդակաը բարձրանում էր տարեկան 25-35 սմ-ով: Հարկ է նշել , որ Արփա-Սևան ջրատարի սնուցումը լրացվել է նաև Որոտան գետի միջոցով՝ 2004 թ. Որոտան-Արփա ջրատեխնիկ. հանգույցով Սպանդարյան ջրամբարից 21,6 կմ-ոց թունելով տարեկան 165 մլն.մ3 ջուր է հասել Կեչուտի ջրամբար: Այս ջանքերով Սևանն առայժմ խուսափում է Իրանի Ուրմիա լճի ճակատագրից: Դիտեք խնդրեմ http://www.ir.undp.org/content/iran/en/home/presscenter/articles/2015/02/11/undp-iran-releases-video-on-lake-urmia/ Սա խիստ մտահոգիչ ահազանգ է այն մասին, թե մարդու անգիտակից գործունեությունից ինչպես են խախտվում բնական համակարգերը, ինչ սարսափելի հետևանքների են հանգեցնում, ինչպես Ուրմիա լճի օրհասական վիճակն է այսօր: Հայկական լեռնաշխարհի Կապուտանի փոխարեն այսօր լայնածավալ աղուտներ են մնացել, վերափոխվել է կլիման, թվում է թե լճի վերականգնման որևէ ծրագիր արդեն անիմաստ է: Բայց մարդիկ ելքեր են փնտրում:



Խմելու, գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջուրը պետք է համապատասխան որակ ունենա: Ուստի առավել կարևորվում է քաղցրահամ Սևանա լճի, նրա ջրահավաք ավազանի, էկո-համակարգի վերականգնման և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործման պահանջը: Հեռանկարում Սևանա լիճը ոչ միայն Հայաստանի, այլև՝ հարևանների քաղցրահամ ջրի միակ աղբյուրն է: Ազգային շահերից բացի Սևանա լճի հիմնախնդիրը հատուկ հոգացողություն է հայցում նաև՝ միջազգային պատասխանատվության պարտադրանքով`նախկին ԽՍՀՄ կառավարության միջոցներից բացի, հսկայական միջոցներ են հատկացրել նաև միջազգային դոնորները՝ Սևանա լճի արդյունավետ կառավարման, ջրի որակի բարելավման ու քանակի ավելացման, կենսաբազմազանության և Սևան Ազգային Պարկի հզորացման, կեղտաջրերի վնասազերծման ցանցի վերականգնման-ընդլայնման նպատակով: Սակայն դեռևս Սևանա լճի մակարդակը 1900,01 մ է, լճի մակերեսը 1240 կմ2, ջրային պաշարները՝ 33,2 մլրդ.մ3 են, առավելագույն խորությունը՝ 79,7 մ {2.}:



Հայկական լեռնաշխարհի ջրբաժաններից մի փոքրիկ քարեղեն երկիր է մեզ մնացել՝ պատմության թոհուբոհերում: Սևանա լիճն այդ քարեղեն Հայաստանի դոնորն է եղել դարեդար և հատկապես՝ 1933 թվականից մինչ օրս: Բազմամյա անտրամաբան, անհեռանկար գործունեության հետևանքով այդ դոնորն այժմ տառապում է սակավարյունությամբ՝ մասնակի սնուցում ստանալով ջրահավաք ավազանի ջրային հոսքերով, իսկ 2003 թվից հետո նաև՝ Արփա-Սևան թունելով: Քանի որ Սևանի ջրահավաք ավազանը լճային էկո-համակարգի վրա ներգործում է բնական ջրային հոսքերի միջոցով, հարկ է աչքի լույսի պես պահել, փայփայել Սևանը սնուցող այդ արյունատար զարկերակները:



Սևանա լճի ջրահավաք ավազանում դեռևս 1978 թ. մարտի 14-ին ՀԽՍՀ մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ հիմնադրվել է Սևան ազգային պարկը (ընդհանուր տարածքը 147343հա, առանց լճի հայելու՝ 22585հա, պահպանվող գոտու տարածքը 342920 հա): Սևան ԱՊ տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում`Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա։ Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11.184 հա {3.}։ Նշված տարածքներում կարելի է այնպիսի տնտեսական գործունեություն պլանավորել, որը չի հակասի կարգավորող օրենսդրությանը և չի վնասի լճի ջրահավաք ավազանի որևէ կենսական գործոն:



Բայց որոշ նախաձեռնողներ պլանավորել են նավթի, գազի պաշարներ հայտնաբերել մի ջրահավաք ավազանում, որտեղ կենսազանգվածի միլիոն տարեկան կուտակումները բացակայում են (միայն տորֆի որոշ քանակություն է գոյացել Գիլիի շրջանում), համապատասխան բնակլիմայական գործոններ նույնպես չկան (ինչպես բնիկներն են ասում՝ Սևանի կլիման խիստ է, օդը սրի նման կտրում է): Համենայն դեպս ՀՀ բնապահպանության նախարար Ա.Գրիգորյանը 2015 թ. փետրվարի 16-ին հաստատել է ԲՓ 09 դրական փորձաքննական եզրակացությունը՝ ՀՀ 4, 5, 6 պայմանական տարածքներում երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով (http://www.mnp.am//images/files/nyuter/2015/February/Blesters_eneji_armenia.pdf ): Ավելի շատ նախնական գնահատման հայտի նմանվող ԲՓ 09 փորձաքննական եզրակացության համաձայն՝ 4, 5 պայմանական տարածքները հարում են Սևանա լճի ավազանին՝ ընդգրկելով Սևանա լճի հարավ-արևմուտքը և Վայոց ձորի մարզի կենտրոնական և արևմտյան մասերը, որտեղ նախաձեռնող ընկերությունը նախատեսել է 2D սեյսմիկ ալիքների անդրադարձման հետազոտում՝ երկրի ընդերք ուղարկելով ձայնային ալիքներ՝ դինամիտի և սեյսմիկ վիբրատորի միջոցով: Այ սրանով է ԲՓ 09 եզրակացությունը վնասակար Սևանա լիճը սնուցող հատկապես` Ծակքար, Արգիճի, Վարդենիս և այլ գետային հոսքերի համար՝ նույնիսկ երկրաբանականական ուսումնասիրության դեպքում: Բայց եթե պետք է այստեղ նավթ փնտրել ու գտնել, ապա դա կլինի մեկ այլ տեղից նավթը նշված տարածքներ տեղափոխելու միջոցով: Իսկ հեռուստատեսային եթերից հնչող <հիմնավորումը> նախաձեռնող ընկերության 11 մլն.դոլարանոց ներդրման մասին է: Սակայն հարկ է հիշել, որ Սևանա լճի ջրահավաք ավազանի առողջացման նպատակով միջազգային դոնորներն ավելի բազմապատիկ հատկացումներ են կատարել: Ուշադիր դիտելով Սևանի ջրահավաք ավազանի քարտեզը, պարզ է, որ Սևանի ջրահավաք ավազանում հնարավոր չէ որևէ երկրաբանական հետախուզություն՝ առանց վնասելու լիճը սնուցող զարկերակները: 



Քանի որ ՀՀ բնապահպան նախարարը և մյուս պաշտոնյաները ԲՓ 09-ը ստորագրել են առանց հաշվի առնելու Սևանա լճի վերակենդանացման ահռելի ջանքերը, անտեսելով երկրի իրական շահերը, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ, ուստի բոլոր այն բարեխիղճ քաղաքացիները, ովքեր պատասխանատվություն են զգում այս մեր քարեղեն երկրի դրության համար, ունեն ԻՐԱՎՈւՆՔ՝ խանգարել այդ այսպես կոչված երկրաբանական ուսումնասիրությանը:



Ինչ էլ որ պատահի՝ Սևանա լճի անվտանգության երաշխիքը ջրահավաք ավազանի բնական ջրային հոսքերն են: Ուստի հարկ է կտրել բոլոր այն ձեռքերը, որոնք կհամարձակվեն վնասել Սևանա լիճը սնուցող որևէ զարկերակ, թեկուզ որևէ մազանոթ: Եթե կա նախագիծ, որով հնարավոր է որևէ վտանգ Սևանա լճի, Արփա, Որոտան գետերի ջրահավաք ավազանների սնուցման համար, ուրեմն այդ նախագիծը ոչ մի դեպքում չի իրականացվի, անկախ նրանից թե քանի դրական փորձաքննական եզրակացություն կլինի և թե ինչ տպավորիչ բյուջե կունենա:



Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2105 թ. մարտի 7.



Սկզբնաղբյուրներ
1. Սևանա լիճ - Հիմնահարցեր և գործողությունների ռազմավարություն, 1996 թ.հոկտեմբերի 13-16 միջազգային գիտաժողովի նյութեր, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՄԱԿ Զարգացման Ծրագիր, ՀՀ Ֆրանսիայի դեսպանատուն
2. hy.wikipedia.org/wiki_Սևանա լիճ
3. http://hy.wikipedia.org/wiki/Սևան_ազգային_պարկ