Պուտինի գալը կլինի անհասկանալի, ոչ թե չգալը

Պուտինի գալը կլինի անհասկանալի, ոչ թե չգալը

Հայաստանում այնքան է խոսվում ռուսների եւ Ռուսաստանի մասին, որ կողքից նայելիս տպավորություն կստեղծվի, թե նրանք հազարամյակներով կամ գոնե հարյուրամյակներով Հայաստանի հետ առնչություն ունեն: Մինչդեռ հայերի եւ Հայաստանի հետ ռուսների առնչությունը հաշվվում է 150, լավագույն դեպքում՝ 200 տարի: Նրանք այստեղ են հայտնվել այն թյուր հաշվարկով, թե Հայաստանի տարածքով կհասնեն Միջերկրական ծովին:



Իհարկե, չէին կարող հասնել, չեն հասել ու երբեք էլ չեն հասնի: Փոխարենը Միջերկրականի շուրջ պտտվող իր ծրագրերի ու ավանտյուրաների արդյունքում Ռուսաստանն այնքան է վնասել հայությանը, որքան միայն սուլթանական եւ հանրապետական Թուրքիաները: Ընդսմին դեռ հարց է, թե ում վնասարարությունն է ավելի մեծ եւ ում 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան գալն ավելի բարդ կլիներ` Ռեջեփ Թայիբ Էրդողանի՞, թե՞ Վլադիմիր Պուտինի:



Ռուսաստանի ձգտումը դեպի Միջերկրականի ավազան



Հայաստանի ու հայ ժողովրդի չորսեւկես հազարամյակ ձգվող պատմության մեջ ռուսները ֆորմալ առումով 200, ըստ էության՝ 150 տարվա ներկայություն ունեն, ինչը հազիվ մի ակնթարթ է: Թեեւ ռուսները Հայաստանում հայտնվել են 1820-30-ականներին` Պարսկաստանի հետ պատերազմի արդյունքում, այդուհանդերձ, հայկական իրականության մեջ ռուսները եւ Ռուսիան դարձան գործոն միայն 1853-56-ի Ղրիմի պատերազմից հետո, երբ ջախջախված ռուսական նավատորմն ու արքունիքը գիտակցեցին, որ ռուսներին երբեք չեն տրվի Բոսֆոր-Դարդանելի նեղուցները, հետեւաբար եւ իրենք չեն կարողանա Սեւ ծովով ելք հարթել դեպի Միջերկրական:



Դրանից հետո Ռուսիայում որոշեցին, որ Արեւմտյան Հայաստանի տարածքը նույնպես ելք է դեպի Միջերկրական ծով, եւ սկսեցին միջամտել հայկական հարցերին: 1877-78-ի Բեռլինի կոնգրեսում հաստատվեց Օսմանյան կայսրության քրիստոնեաբնակ շրջաններում, հատկապես հայկական վիլայեթներում բարեփոխումներ անցկացնելու Բարձր Դռան (այլ կերպ ասած` սուլթանի) պարտավորությունը, ինչը Ռուսաստանն ընկալեց որպես պատրվակ` հայաբնակ վիլայեթների կյանքին խառնվելու: Եթե լսենք թուրքերին կամ հավատանք Սերժ Սարգսյանի խոսքերին, թե «հայերը պատմության ընթացքում ռուսների հետ կռվել են ընդհանուր թշնամու դեմ», ապա կմնա ընդունել տեսակետը, որ Բեռլինի կոնգրեսից հետո ռուսները զինում եւ հրահրում էին հայերին ընդդեմ Օսմանյան կայսրության: Փառք Աստծո, որ հայ-ռուսական համագործակցության, էլ ուր մնաց ռազմական դաշինքի առկայությունը 19-րդ դարավերջ, 20-րդ դարասկզբին խիստ վիճելի վարկած է:



Ամեն դեպքում, սակայն, Բեռլինի կոնգրեսից հետո Ռուսաստանն սկսեց միջամտել արեւմտահայության խնդիրներին, եւ դա տեւեց այնքան, մինչեւ արեւմտահայությունը հասավ ցեղասպանության շեմին: Այն բանից հետո, երբ հարյուր հազարավոր արեւմտահայերի արյունը հոսել էր` ծանրանալով սուլթանական Թուրքիայի ձեռքերին, դա էլ Մոսկվային քիչ թվաց: Այս անգամ էլ բոլշեւիկյան Ռուսաստանն Աթաթուրքի «բոզկուրտներին» զինեց եւ ինքն էլ Կարմիր բանակով ներխուժեց Հայաստան, որպեսզի եվրոպական քաղաքակրթության ու քրիստոնեության միջնաբերդ համարվող Հայաստանը չմիանա Եվրոպային, այլ պահվի ռուս-թուրքական ազդեցության ուղեծրում:
Բնական է, որ Ռուսաստանի իշխանության ներքո հայտնված Արեւելահայաստանի մի հատվածում, որ մինչեւ 1936 թվականը նույնիսկ ինքնուրույն հանրապետության կարգավիճակ չուներ եւ մաս էր կազմում ЭСФСР-ին (Закавказкая Социалистическая Федеративная Советская Республика), գրեթե մահվան սպառնալիքով արգելված էր Մեծ եղեռնի կամ ցեղասպանության մասին խոսելը: Չէ՞ որ այդ ցեղասպանության ու մանավանդ Արեւմտյան Հայաստանի կորստյան մեջ Ռուսաստանի դերը շատ էր տեսանելի: Այնքան էլ համոզիչ չէր լինի ասել` ես թաղված եմ ձեր արյան մեջ, բայց, խնդրեմ, ինձ ընդունեք որպես ձեր փրկարար: Ավելի ճիշտ էր արյան մասն առհասարակ մոռացության մատնել:



Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն, աշխարհը փոխվեց: Դարասկզբի ռուս-թուրքական օրգանական տանդեմը` ընդդեմ քաղաքակրթության եւ Արեւմուտքի, փլուզվեց: Թուրքիան միացավ ՆԱՏՕ-ին եւ անցավ Արեւմուտքի հսկողության ներքո: Ռուսաստանն սկսեց թշնամանալ Թուրքիայի հետ, եւ թշնամությունը պատմականորեն հիմնավորելու համար էլ տոն տրվեց Մեծ եղեռնի թեմայի արծարծումներին, բայց այնպիսի աղճատմամբ ու խեղաթյուրմամբ, որ Խորհրդային Հայաստանում կրթություն ստացած հայերի մեծամասնությունը հավատացած էր, թե Արեւմտյան Հայաստանի վիլայեթների կորստյան պատճառը ցեղասպանությունն է եւ ոչ թե 1920-ի ռուս-թուրքական ներխուժումն ու Կարսի պայմանագիրը:



Հայաստանի պատնեշումը Եվրոպայից



Խորհրդային քարոզչությամբ պատմությանը ծանոթ մարդիկ չեն գիտակցում կամ չգիտեն, որ, անկախ այն բանից, թե ինչ էր եղել Առաջին աշխարհամարտի, Մեծ եղեռնի ու ցեղասպանության տարիներին, որքան հայ էր տեղահանվել, հեռացել կամ վերադարձել Արեւմտյան Հայաստան, 1910-16-ի Սաքս-Պիկոյի բանակցություններով որոշված էր, եւ 1916-17-ին Բրիտանիայում Լլոյդ-Ջորջի եւ Ֆրանսիայում Կլեմասոյի կառավարությունները հայտարարեցին, որ Արեւմտյան Հայաստանում վերականգնվելու է հայկական պետականությունը:



Եգիպտոս եւ Մերձավոր Արեւելք գաղթած հայերը նույնիսկ Պորտ-Սաիդում հսկայական, 16 հազարանոց հայկական զորաբանակ կազմավորեցին եւ միացան Ֆրանսիայի զինված ուժերին` Հայաստանն ազատագրելու եւ երկրի հետագա պաշտպանությունը երաշխավորելու համար: Աշխարհամարտի ավարտից հետո գումարված Ազգերի լիգայում ոչ մի նշանակություն չտալով Արեւմտյան Հայաստանից հայերի տեղահանված լինելու հանգամանքին, ճանաչվեց ու Սեւրի դաշնագրով վավերացվեց (այդ թվում՝ Թուրքիայի կառավարության ստորագրությամբ) հայկական պետության հաստատումն Արեւմտյան Հայաստանի տարածքում:



Ընդ որում, Պողոս Նուբար փաշան, ում հավիտյանս հավիտենից հայությունը պարտական է Արեւմտյան Հայաստանի ճանաչման ու Սեւրի պայմանագրով վավերացված իր իրավունքների համար, մինչեւ վերջ պնդում էր, որ Կիլիկիան էլ ընդգրկվի Հայաստանի կազմում, որովհետեւ «Կիլիկիան Հայաստանի թոքերն են, առանց Միջերկրական ծով ելք ունենալու Հայաստանը չի կարող շնչել»,- ասում էր նա: Դեր-Զորի անապատներում ողջ մնացած ու Պոլիս վերադարձած Երվանդ Օտյանն էլ 1919-ին իր «Անիծյալ տարիներ» օրագրությունում գրում էր. «Եթէ Կիլիկեան անկախ Հայաստանին միացուի, ինչպէս կը յուսանք ու կը հավատանք, պիտի նախընտրէի երթալ Տարսոն բնակիլ» («Անիծյալ տարիներ», Բանտարկություն եւ աքսոր):



Այդքան իրական ու շոշափելի էր դարձել Պողոս Նուբար փաշայի բանակցած, Արեւմուտքի հռչակած ու Թուրքիայի ընդունած Արեւմտահայաստանի անկախությունը: Իսկ այդ ժամանակ Անդրկովկասում հռչակված Հայաստանի Հանրապետության մասին արեւմտահայերը քիչ էին տեղյակ, իմացողներն էլ, ինչպես Սիմոն Վրացյանի հուշերում է պատմվում, ծիծաղում էին, թե դա ինչ պետություն է, կամ այդ քարերի մեջ ինչ Հայաստան:
Որտեղի՞ց իմանային արեւմտահայերը, որ ցեղասպանությունը դեռ իրենց վիճակված վատագույն փորձությունը չէր: Որտեղի՞ց արեւմտահայերի մտքով անցներ, որ ռուսների արջային ցեղախմբերը, որոնց մասին Աստոլֆ Կուստիենը դեռ 1839-ին գրում էր՝ «ռուսները վարժեցված արջեր են, որոնց ծանոթանալուց հետո վայրի արջերին գերադասում ես», տանդեմ կկազմեն թուրքական գայլային ցեղախմբերի հետ եւ կհոշոտեն երկիրը, որը կոչվում է Հայաստան: Ուղղակի Սեւրի դաշնագրի գործադրումը կարգելափակեն մի ռուս-թուրքական պայմանագրով: Ինչ խոսք, այդ պայմանագիրը, որ հայտնի է որպես 1921-ի Կարսի պայմանագիր, երբեք ու ոչ ոք չճանաչեց Մոսկվայից եւ Անկարայից բացի, բայց այդ երկու երկրները, Ռուսաստանի որոշիչ խմբավարությամբ, դեֆակտո իրականացրին իրենց պայմանավորվածությունները, ներխուժեցին ու բռնազավթեցին Հայաստանի տարածքները` իրենց տափաստանային ներկայությամբ պատնեշելով Հայաստանը եվրոպական քաղաքակրթությունից ու քրիստոնեությունից:



Ընդսմին, եթե տեղահանության ու ցեղասպանության գործում առաջին ջութակը Թուրքիան էր, ապա Սեւրի դաշնագրի խափանման ու Հայաստանի հողերի բռնազավթման հարցում հեգեմոն դերում Ռուսաստանն էր: Աթաթուրքի հրոսակախմբերն այդտեղ երկրորդ ջութակ էին, քանի որ նրանց ֆինանսավորել ու զինել էր Ռուսաստանը:



Վերջաբանի փոխարեն



Այսքանից հետո պա՞րզ չէ, որ ոչ միայն տեւողության, այլեւ բովանդակության առումով «հայ-ռուսական դարավոր բարեկամությունը» ֆիկցիա է: Եվ ՌԴ նախագահը, ինչպես Թուրքիայի նախագահը, չի կարող ապրիլի 24-ին Հայաստան ժամանել՝ իբրեւ բարեկամ ժողովրդի նախագահ: Անգամ նրանց չգալն ավելի հասկանալի կլինի, քան գալը:
Ինչ խոսք, ոչ ոք չի ասում, թե ռուսների կամ թուրքերի հետ պետք չէ հարաբերություններ ստեղծել կամ զարգացնել, բայց ոչ մի կարիք չկա թուրքերի եւ ռուսների միջեւ տարբերություն փնտրել, նրանցից մեկի կամ մյուսի հետ բարեկամությունից ճառել, մանավանդ Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին: