Լուկաշենկոն հույս ուներ դառնալ Ռուսաստանի նախագահ

Լուկաշենկոն հույս ուներ դառնալ Ռուսաստանի նախագահ

«Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի օրերին Հայաստանում էին Բելառուսի երեւի բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները: Ամեն դեպքում, Բելառուսի հարցով «Եվրանեսթի» աշխատանքային խմբի նիստին մասնակցում էր Մինսկից ժամանած 7-8 հոգանոց պատվիրակություն: Այդ մարդիկ ամենից ուշագրավ ու հետաքրքիր հյուրերն էին Վեհաժողովում, թեկուզ այն պատճառով, որ Լուկաշենկոյից այն կողմ Բելառուսի քաղաքական կյանքի ու գործիչների մասին քիչ բան է հայտնի արտերկրում:
Մինչդեռ, ի հակադրություն գեղջկական էությունից ու կենցաղից չբարձրացած Լուկաշենկոյի, պարզվում է՝ այդ երկրում կան համարյա արիստոկրատիկ կրթվածության, բարյացակամության, հմայքի եւ կենսափորձի տեր առաջնորդներ: Նրանց թվում՝ Ալեքսանդր Միլինկեւիչը, ով եղել է ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածուն 2006-ի նախագահական ընտրություններում: Լազերային ֆիզիկայի մասնագետ է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր: Ծնվել է Հրոդնա քաղաքում, որը համարվում է Բելառուսի մշակութային մայրաքաղաքը, եւ որի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1128 թվականին: 1990-ականների սկզբին եղել է Հրոդնայի փոխքաղաքապետը, 2006-ի նախագահական ընտրություններից հետո հիմնադրել եւ մինչ օրս ղեկավարում է «Շարժում՝ հանուն ազատության» ասոցիացիան:



Դատարկ աթոռներ՝ նիստերի դահլիճում



- Պրն. Միլինկեւիչ, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար: Թույլ տվեք ես սկսեմ ամենից ակնբախ հարցից. «Եվրանեսթի» նստաշրջանը մեկնարկել է Հայաստանի խորհրդարանում: Բելառուսից բավական մեծ պատվիրակություն է այժմ գտնվում խորհրդարանում, բայց ոչ` նիստերի դահլիճում: Ինչո՞ւ:



- Ամենից առաջ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ենք, եւ կասկածից վեր է, որ երջանիկ կլինեինք՝ գտնվելու նիստերի դահլիճում: Սակայն Բելառուսի պատվիրակությանը հատկացված 10 աթոռները «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում մնում են դատարկ, որովհետեւ Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ, առհասարակ, որեւէ հեղինակավոր միջազգային կազմակերպություն չի ճանաչում Բելառուսի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրա համար էլ բելառուսցի խորհրդարանականների աթոռները նիստերի դահլիճում մնում են դատարկ:



- Դա հետաքրքիր է, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներ կեղծվում են ոչ միայն Բելառուսում…



- Թերեւս… բայց, միեւնույն ժամանակ, Եվրոպայում հազվադեպ երկրներ կգտնվեն, որտեղ քվեաթերթիկները գցվեն քվեատուփերի մեջ, բայց հետո չհաշվվեն: Մենք բացարձակապես չենք ունենում ընտրություններ, որովհետեւ, այո՛, ամեն ոք կարող է գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածությունն ընտրական հանձնաժողովներում, բայց վերջնահաշվում միայն իշխանություններից կախում ունեցող մարդիկ` ուսուցիչները, բժիշկները, տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներն են ընդգրկվում ընտրական հանձնաժողովներում: Այդպիսով հանձնաժողովները հայտնվում են իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո, չեն կարողանում դիմադրել ճնշումներին: Չի էլ ենթադրվում, թե նրանք պետք է ձայներ հաշվեն, նրանք հայտարարում են արդյունքները, որ իրենց թելադրվում է: Քաղաքական ընդդիմությունը շարունակաբար կոչ է անում եւ խնդրում է տարրական մի բան` միասին հաշվել քվեաթերթիկները, եւ դա մեզ մերժվում է:



- Արտառոց իրավիճակ է… բայց եթե քվեաթերթիկները չեն հաշվվում, ապա ինչպե՞ս են արդյունքներ հայտարարվում:



- Ձեզ ասեմ, թե ինչպես է արվում: Ընտրություններում քվեարկության փուլն ավարտվելուց հետո ընտրական հանձնաժողովը բոլոր քվեաթերթիկները բաժանում է մի քանի խմբի, յուրաքանչյուր տրցակ տրվում է հանձնաժողովի անդամներից մեկին: Այնուհետեւ, կատարյալ լռության մեջ, յուրաքանչյուր անդամ հաշվում է իր տրցակի քվեաթերթիկները, արդյունքը գրում է սովորական թղթի կտորի վրա եւ փոխանցում հանձնաժողովի նախագահին: Ոչ մի անկախ թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի թույլ չի տրվում հետեւել, թե ինչպես են հաշվվում քվեաթերթիկները կամ ստուգել հաշվարկի ճշգրտությունը, կամ նույնիսկ մի քանի մետրից ավելի մոտենալ հանձնաժողովի սեղանին: Կատարյալ լռության մեջ հանձնաժողովի բոլոր անդամներից նշումներով թղթիկները հավաքելուց հետո նախագահը գնում է մեկ այլ սենյակ, մի քանի հեռախոսազանգեր է կատարում, ետ է վերադառնում եւ հայտարարում է ընտրության արդյունքները: Վերջ, սա է ամբողջը:



- Իրոք որ չլսված ու չտեսնված անօրինականություն է: Հիմա հասկանում եմ, թե ինչու են Բելառուսի պատվիրակության աթոռները մնում դատարկ. նման կերպ ընտրվող պատգամավորների լեգիտիմությունը շատ բարդ է ճանաչել:



Ինչպես Լուկաշենկոն դարձավ նախագահ



- Պրն. Միլինկեւիչ, ենթադրում եմ՝ այդ արատավոր դրվածքները ձեւավորվել են Լուկաշենկոյի կառավարման օրոք: Ես հիշում եմ Ձեր խորհրդարանի նախագահին` Շուշկեւիչին, ով Բելառուսի Բելովեժսկայա պուշչայում կազմակերպեց ԽՍՀՄ գոյությանը վերջ դրած համաձայնագրերի ստորագրումը եւ դրա համար առհավետ արժանի է հիշատակման ու մեծարման…



- Ես Ձեր բառերն իրեն կփոխանցեմ, իրեն հաճելի կլինի դա լսել…



- Խնդրում եմ, ես նույնպես ուրախ կլինեմ…
Սակայն Շուշկեւիչից հետո ես այնքան էլ տեղյակ չեմ, թե ովքեր են եղել Ձեր ղեկավարները, վերջին մի քանի տարում շատ եմ լսել Լուկաշենկոյի մասին, մասնավորապես, որ նա չի համաձայնում թողնել նախագահի պաշտոնը: Լավ, նա չի ցանկանում թողնել գահը, բայց ինչպե՞ս է հասել այդ գահին:



- Ասեմ Ձեզ. դժվար է հավատալ, բայց Լուկաշենկոն նախագահի պաշտոնին հասավ բավական արդար պայքարում: Նա նկատելի դարձավ դեռ խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ: Ինքը, թերեւս, ամենաակտիվ պատգամավորն էր, որը խոսում էր անվերջ. երբեմն խելացի մտքեր էր ասում, երբեմն հիմարություններ էր ասում, բայց շարունակում էր խոսել ու երեւալ առաջնաբեմում: Այդպիսով 1994-ի ընտրությունների նախաշեմին Լուկաշենկոն արդեն զանգվածներին դարձել էր ճանաչելի: Բազմաթիվ երիտասարդ քաղաքական գործիչներ մտածեցին, որ Լուկաշենկոն ունի պայքարողի էություն, հետեւաբար, կարող է ընտրություններում հաղթել, եւ համախմբվեցին նրա շուրջ: Այդ մարդիկ, որոնցից շատերն այն ժամանակ պատգամավոր էին, հաշվարկում էին, թե ընտրություններից հետո իրենք կկառավարեն Լուկաշենկոյին:
Արդյունքում, Լուկաշենկոն առաջին անգամ նախագահական պաշտոնին հասավ բավական արդար պայքարում, մեծ թիմի աջակցությամբ, բայց հետո նա այլ ընթացք որդեգրեց: Մարդկանցից շատերը, որոնք իր շուրջն էին, ճնշումների ենթարկվեցին կամ իրեն լքեցին, եւ, ի վերջո, Լուկաշենկոն վերածվեց միանձնյա իշխողի կամ միապետի:



- Իսկական հեքիաթ է` գեղջուկ, որին հաջողվում է դառնալ արքա… դեռ պետք է տեսնել, թե վերջաբանը ինչպիսին կլինի: Այնուամենայնիվ, ես մի անգամ կարդացել եմ արեւմտյան մամուլում, որ 20 տարի առաջ Լուկաշենկոն ձեւավորեց Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ Միութենական պետություն, որովհետեւ նախագահ Ելցինն առողջական խնդիրներ ուներ, եւ Լուկաշենկոն ձգտում էր Ելցինից հետո հասնել նաեւ Ռուսաստանի նախագահի պաշտոնին: Դա անհեթե՞թ վարկած է… թե՞ կապ ունի իրականության հետ:



- Այդ վարկածը համապատասխանում է իրականությանը: Դա ճշմարիտ է, որ Լուկաշենկոն ունեցել է Ռուսաստանի նախագահ դառնալու հավակնություններ: Իրեն մտերիմ մարդիկ հետագայում պատմում էին, որ Բելառուսի նախագահի ընտրությունում հաղթելուց հետո ընկերների նեղ շրջանում Լուկաշենկոն հայտարարել է. «Այս հաղթանակը միայն առաջին քայլն է»: Այսինքն՝ Բելառուսում իր նախագահության ամենասկզբից Լուկաշենկոն մտածել է Ռուսաստանի նախագահի պաշտոնի մասին: Դա այդպես է:



- Գիտեք, մամուլի այդ հոդվածից ես եւս մի ենթադրություն եմ հիշում, որ Լուկաշենկոյի եւ Պուտինի միջեւ փոխադարձ ատելությունը ձեւավորվել է այն ժամանակ, երբ անհայտությունից ասպարեզ է իջել Պուտինը եւ փլուզել Կրեմլին հասնելու Լուկաշենկոյի հույսերը:



- Այդ մեկնաբանությունը նույնպես բավականին ճշմարիտ է: Եթե կայանային Ռուսաստանի եւ Բելառուսի միացյալ նախագահի պաշտոնի համար ընտրություններ, դժվար է գուշակել, թե ինչպիսին կլիներ արդյունքը: Նույն ամբոխավարությամբ, որով Լուկաշենկոն ձայներ հավաքեց Բելառուսում, նա կարող էր ընտրությունները շահել նաեւ Ռուսաստանում: Ազգաբնակչությունը թե Ռուսաստանում, թե Բելառուսում կարոտախտ ուներ եւ դեռ ունի ԽՍՀՄ-ի, կոմունիստական ժամանակների հանդեպ: Լուկաշենկոն նրանց ասում է. «Տեսեք, ես պահպանել եմ խորհրդային գործարանները, ապրանքները, կոլխոզները, սովխոզները… հետեւաբար, տվեք ինձ ձեր ձայները եւ դուք նույնքան մոտ կլինեք կոմունիստական ժամանակներին, որքան դա հնարավոր է: Ինչպես տեսնում եք, ես համեստ եւ ազնիվ ղեկավար եմ, կաշառք չեմ վերցնում, ոչ մի կապ չունեմ հանցագործների հետ, չեմ հանդուրժում օլիգարխների, հետեւաբար, ես եմ այն մեկը, ում կարիքը դուք ունեք»:
Լուկաշենկոն առաջարկում է այն, ինչը համընկնում է մարդկանց ակնկալություններին, այդքանով էլ նրա ամբոխավարությունը կարող էր նույնկերպ հաղթել Ռուսաստանում, ինչպես հաղթել էր Բելառուսում:



Շարունակելի