... Կամ բոլորս գնում ենք հրեշտակին փնտրելու

... Կամ բոլորս գնում ենք հրեշտակին փնտրելու

Հայաստանում, կարծես, ավանդույթ է ձևավորվում՝ յուրաքանչյուր նախագահ փորձում է ինչ-որ կերպ միջամտած լինել սահմանադրությանը: Դժվար է ասել՝ նախորդներից հետ չմնալու, թե ինչի համար է դա արվում, բայց ամեն նախագահ հայտարարում է, թե ամեն ինչ արվում է Հայաստանում ժողովրդավարության և օրենքների կատելագործման համար: Ընդ որում՝ հենց սահմանադրությամբ է նախագահին տրվում սահմանադրությունը փոխելու (բարեփոխելու) իրավունքը: Իսկ սա նշանակում է, որ նախագահը կարող է նաև չդիպչել սահմանադրությանը, եթե դրա անհրաժեշտությունը չկա:



Մեր նախկին նախագահները առանձնապես համեստ չէին իրենց իրավունքները մինչև վերջ բանեցնելու մեջ: Նույնը, թերևս, կարելի է ասել նաև Սերժ Սարգսյանի մասին՝ եթե կարող եմ փոխել՝ ինչո՞ւ չփոխեմ: Բայց, մյուս կողմից էլ հայտնի է, որ աշխարհում կան սահմանադրություններ, որոնք դարերով մնացել են նույնը և միապետության անկումից հետո նույն հաջողությամբ ծառայել տվյալ երկրին ու ժողովրդին:



Փորձենք հասկանալ՝ մեր նախագահները սահմանադրությունը փոխում են անհրաժեշտությունի՞ց ելնելով, թե մոդային տուրք տալով՝ իրենցից հետո մի բան թողած լինելու ցանկությամբ: Սա իմանալը չէր խանգարի, որովհետև ժողովրդավարական երկրներում, սովորաբար, մի բան փոխվում է, երբ կա դրա ժողովրդական պահանջը, այսինքն, երբ ներքևից են պահանջում՝ ցույցեր, անհնազանդություն, ընտրություններով իշխանություն փոխելու սպառնալիք և այլն: Հայաստանում այսօր ներքևից սահմանադրական բարեփոխումների պահանջ գրեթե չկա, եթե չասենք՝ մարդիկ անհաղորդ են դրան: Եթե նրանց հարցնենք, կպատասխանեն՝ ներկա սահմանադրությամբ էլ կարելի է լավ պետություն ունենալ: Նրանք չեն էլ մտածում, որ սխալվում են, որ այս սահմանադրությամբ նորմալ երկիր ունենալ հնարավոր է հրեշտակների հետ մրցակցող նախագահ ունենալու դեպքում միայն: Բայց ե՞րբ կունենանք այդ հրեշտակը, այն էլ հայկական մեր իրականությամբ. սա է խնդիրը: Երևի՝ երբեք:



Ուստի պետք է պայքարել այնպիսի սահմանադրության համար. որով նախագահը իրավունք չի ունենա իր հայեցողությամբ դատավորներ, վարչապետ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, պաշտպանութան նախարար, մարզպետ նշանակել: Մենք թվարկեցինք նախագահի լիազորությունների մի մասը միայն, որոնք նրան դարձնում են գրեթե միապետ: Էլ ինչպե՞ս կարելի է մեր սահմանադրությամբ լավ երկիր երազել: Եվ այս պայմաններում, որքան էլ տարօրինակ է, ներքևից սահմանադրական բարեփոումների պահանջ չկա: Ավելին ասենք՝ բարեփոխումները նախագահներն են առաջարկում: Ստացվում է՝ արդեն հինգ պակաս հրեշտակ են, որովհետև իրենց ձեռքով սահմանափակում են իրենց իրավունքները, և կամ փորձում են զանազան խորամանկ փոփոխություններով մի կողմից ցույց տալ իրենց ժողովրդավար էությունը, իսկ մյուս կողմից՝ պահպանել մենիշխանությունը: Ինչ էլ լինի՝ պետք է օգտվել պատեհ առիթից: Սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական ուժերին: Պետք է այնպես անել, որ սպասվող բարեփոխումները իսկապես լինեն շրջադարձային և հիմնովին փոխեն մեր կյանքը:



Մենք ունենք մի սահմանադրություն, որ ընդունվել է 1995-ին և կցկտուր (թող մեզ ների հեղինակը) փոփոխություններ կրել 2005-ին: Ներկա սահմանադրությունը, ըստ էության, դեկլարատիվ բնույթի հայտարարություններից բացի ոչինչ չի տալիս ժողովրդին՝ իշխանություն իրականացնելու առումով: Այս սահմանադրությամբ իշխանությունը նախագահինն է և ուրիշ ոչ մեկինը: Նախագահի առաջ նույնիսկ ԱԺ-ն ոչինչ է, մինչդեռ ժողովուրդն օրենսդիր մարմին է ընտրում, իբր, իշխանության մեջ իր ներկայացուցիչները ունենալու նպատակով:



Հայաստանի նախագահը ԱԺ-ում խմբակցություններ է քանդում ու հավաքում, մեծամասնություն է ձևավորում իր ճաշակով: Կարող եք ասել՝ նախագահը, եթե նորմալ է, նման բաներ չի անի: Բայց ինչքա՞ն նորմալ պետք է լինի մարդը, որ իրավունք ունենալով ցրել ԱԺ-ն՝ թույլ տա, որ ԱԺ-ն հակառակվի իր նշանակած կառավարությանը կամ անձամբ իրեն:



Ասելս ի՞նչ է: Եթե չենք ուզում սահմանադրություն փոխել, եկեք հրեշտակին փնտրենք: Ո՞վ իմանա, գուցե 2018-ին մեզ հաջողվի գտնել… հրեշտակին: