Հիմնադիր խորհրդարան. քաղաքական նոր ո՞ւժ, թե՞ պիլոտային ծրագիր

Հիմնադիր խորհրդարան. քաղաքական նոր ո՞ւժ, թե՞ պիլոտային ծրագիր

Խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Կոնգրեսը չի պատրաստվում մասնակցել Հիմնադիր խորհրդարանի ձեռնարկներին ու հանրահավաքներին: Նման հարց ՀԱԿ-ում չի էլ քննարկվել` ասել էր Արամ Մանուկյանը: Իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ է ՀԱԿ-ն անում մի հայտարարություն, որ կարող է իրեն հետագայում կանգնեցնել դժվարին կացության առաջ: Չէ՞ որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Մյուս կողմից էլ՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասում բաներ, որոնք շատ տարբեր են ՀԱԿ-ի ծրագրերից, այն է` ռեժիմի հեռացում: Եթե խնդիրը միայն ՀԱԿ-ի ռուսամետությունն ու Ժիրայր Սեֆիլյանի մաքրամաքուր հայամետությունն է, ապա դժվար չէր լինի, կարծում ենք, Սեֆիլյանին մի քիչ աշխարհաքաղաքականություն բացատրել ու ռեժիմի դեմ պայքարը բերել հիմնական հուն` ռեժիմի դեմ պայքարի հուն: ՀԱԿ-ում, սակայն, այդպիսի տրամադրություն չկա: Ավելին ասենք` ՀԱԿ-ում մտահոգված են Հիմնադիր խորհրդարանի ակտիվությամբ, որովհետեւ վերջինիս գործողություններն ու մարտավարությունը հիշեցնում են երբեմնի ռադիկալ ընդդիմության գործողություններն ու մարտավարությունը: Շատ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հիմնադիր խորհրդարանը լցնում է, կամ նրանով լցնում են ՀԱԿ-ի տեղը: Եվ, արդյոք, դա չէ՞ պատճառը, որ ՀԱԿ-ը «խանդով» է վերաբերվում Սեֆիլյանի գործողություններին:



Հիմնադիր խորհրդարանի դերակատարությամբ ընդդիմադիր դաշտում որակական առանձնապես նկատելի փոփոխություններ ակնկալելը, մեր կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ: Վերջապես, ի՞նչ է առաջարկում Ժիրայր Սեֆիլյանը` շուրջօրյա հանրահավաքներ եւ իրավիճակով պարտադրված քայլեր: Դա մեզ համար նորությո՞ւն է: Ոչ, իհարկե: Թե մարտի 1 ենք տեսել եւ թե Շանթի հեղափոխություն:



Սեֆիլյանը չունի ծրագիր: Այդ տեսանկյունից նա շատ նման է Րաֆֆի Հովհաննիսյանին, մի տարբերությամբ, որ բառապաշարով հիշեցնում է վաղ շրջանի ՀԱԿ-ին, մի քիչ էլ` Շանթին: Սեֆիլյանը գործիչ չէ: Նրա մտքերը համակարգված չեն, նրա մի նախադասությունը հակասում է մյուսին, նրա համար միեւնույն է, թե ովքեր են իր կողքին, նա մի հրամանատար է, որ գնում է գրոհի «իմ հետեւի՜ի՜ց» կոչով ու չի նայում, թե ով է գալիս իր հետ: Սեֆիլյանն անընդհատ կրկնում է` ժողովուրդը, ժողովուրդը… Ժողովուրդը քաղաքական պայքարներում միատարր չէ: Դիցուք, Հայաստանում խայտառակ պատկեր է այդ առումով: 300 հազարանոց ՀՀԿ-ն բազմապատկեք ընտանիքի անդամների միջին թվով` 4-ով, ու կտեսնեք, թե ինչ ասել է Ժողովուրդ: Սրան ավելացրեք ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, նաեւ` ՀԱԿ-ը, որ հրաժարվում է մասնակցել Սեֆիլյանի ակցիաներին: Ի՞նչ է մնում տակը, որ Սեֆիլյանը դեռ ժողովուրդ է երազում իր թիկունքին:



Բնականաբար, այս ամենը նաեւ իշխանությունն է հասկանում: Եվ եթե ամեն ինչ հենց այնպես է, ինչպես մեզ հրամցվում է, այն է` մեկը, ահա, ելել է ռեժիմի դեմ ու ժողովրդին էլ հրավիրում է ռեժիմը հեռացնելու, ապա ծիծաղելի է մտածելը, որ իշխանությունն այնքան է սարսափած Սեֆիլյանի գործողություններից, որ նրա կողմնակիցների փայծաղները մեկիկ-մեկիկ հեռացնում է: Իշխանության եւ Հիմնադիր խորհրդարանի այս «կատաղի պայքարն» ավելին չէ, քան կատվի ու մկան խաղը: Ընդ որում` կատուն չի էլ բարեհաճում անձամբ խաղալ եւ Հիմնադիր խորհրդարանի դեմ է հանել քրեական խաժամուժը` փողոցային ներկայացումներն արյունոտ ու դիտարժան դարձնելու նպատակով:



Ի՞նչ է ստանում դրա դիմաց իշխանությունը: Ավելի ճիշտ կլինի հարցնել` ի՞նչ հոգսից է ազատվում իշխանությունը Հիմնադիր խորհրդարանի գործողությունների շնորհիվ: Իշխանությունը նախեւառաջ ազատվում է ընդդիմության ուշքի գալու եւ միավորման հեռանկարից: Դա տեղի չի ունենա, քանի դեռ բոլորն աչքերը չռած կհետեւեն Սեֆիլյանի մտագարություններին: Նաեւ հստակ է, որ Հիմնադիր խորհրդարանն ամբողջությամբ զբաղեցնում է ՀԱԿ-ի նիշան` գործողությունների դաշտ չթողնելով ընդդիմադիր շատ այլ ուժերի համար: Եվ էլի մեկ հանգամանք` իշխանությունը նաեւ հույսեր է փայփայում, որ Հիմնադիր խորհրդարանում կհանգրվանեն հատկապես անհնազանդ հասարակական շարժումներն ու տրամադրությունները:



Այս իրավիճակում ունե՞ն, արդյոք, անելիք մեր առանցքային ոչ իշխանական ուժերը: Բնականաբար` ունեն: Եվ նրանց առաջին գործը Ցեղասպանության 100-ամյակը շահարկող Հիմնադիր խորհրդարանի գործողություններին քաղաքական գնահատական տալն է: ՀԱԿ-ի քրթմնջոցը, թե չի մասնակցելու Սեֆիլյանի հանրահավաքներին, շատ քիչ է: Պետք է այնպիսի գնահատական, որ թե իշխանությունները եւ թե Հիմնադիր խորհրդարանը հասկանան` քաղաքականությունը քաղաքականություն է, իսկ թատրոնը` թատրոն:



ՀԳ. Երկու խոսք մարտաբառերի մասին: Եթե մենք սխալվում ենք, եւ Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե պիլոտային ծրագիր է, այլ այն ռահվիրան, որ մեզ անսխալ առաջնորդում է դեպի ռեժիմի տապալում, ապա նրան պետք է խնդրեմ սրբագրել իր բառապաշարը եւ հեռացնել «ազգային ազատագրական պայքար» արտահայտությունը: Ռեժիմին անվանելով այլազգի` Սեֆիլյանն այլազգի է համարում նաեւ այդ ռեժիմի կողմնակիցներին, իսկ նրանք, ինչպես վերեւում ասացինք, քիչ չեն: Կարող եմ վստահեցնել, որ այդ «փոքրիկ» սրբագրությունից հետո փայծաղահեռացման այս գործողություններն ավելի արժանահավատ կդառնան: