Թող չբռնեն՝ չենք վաճառի

Թող չբռնեն՝ չենք վաճառի

Թե ինչքան է խոսվել Սեւանա լճի ձկնապաշարների եւ հատկապես սիգի ոչնչացման մասին, նույնիսկ դժվար է հիշել: Պարզելու համար, թե այս ամենից հետո ինչքանով է վիճակը կարգավորվել, շրջեցինք Սեւան քաղաքի փողոցներում: Մի կարճ ժամանակ շրջելով՝ 3-4 «փողոցային» ձկնավաճառներ տեսանք. կրկին առաջվա հին ու բարի տեսքով՝ ինչ-որ արկղով կամ պայուսակով, այն էլ բանուկ մայթերի տեսանելի մասում կանգնած, առանց մազաչափ անգամ մտահոգվելու, սիգ են վաճառում, սկսած 300-400 դրամանոց մանր ձկներից, մինչեւ շատ ավելի թանկերն ու խոշորները: Ամեն դեպքում՝ այն, որ փողոցներում ազատորեն, առանց նույնիսկ թաքնվելու փորձի սիգ են վաճառում, վկայում է, որ դա ոստիկանները տեսնում են, սակայն ոչինչ չեն անում, ավելին՝ ձկնավաճառների կողքին հավաքված՝ հետեւում են, թե որքան լավ է վաճառվում: Դժվար չէ կռահել, որ նրանք էլ վաճառքից իրենց բաժինն ունեն: Իսկ երբ ոստիկանները տեսան, որ նկարում ենք, սկսեցին բղավել. «Ձկան վաճառքն արգելվում է, հլը հավաքեք»: Ձկնավաճառներն արդարանում էին, որ մեղավոր չեն. «Թող չբռնեն, մենք էլ չենք վաճառի»: Բնապահպանության նախարարությունից մեզ ասացին, որ ամեն օր տասնյակ զանգեր են ստանում ձկան վաճառքի մասին, «մեր տեսուչները հսկում են իրավիճակը»: Մնում է հետեւել, թե այս հանցավոր բիզնեսը դեռ որքան կշարունակվի:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ