Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով:



Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել և հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը և 2015 թ. բյուջեն: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել և լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը և գույքի տնօրինման կարգը:



Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնադրամի ներդրումների, արտահանման և զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը և Տիգրան Կարապետյանը: