Եվրաշաբաթն ավարտվեց, կեցցե ԵՏՄ-ն

Եվրաշաբաթն ավարտվեց, կեցցե ԵՏՄ-ն

Հայտնի առածն ասում է. որ գյուղը մտնես` էն գյուղի գդակը դիր: Մեր դեպքում հակառակն է` ով գալիս է մեր գյուղը, մենք ենք նրա գդակը դնում:
Մի շաբաթ առաջ Հայաստանում եվրոպացիներ կային: Բոլորս դարձել էինք եվրոպացի, ավելի ճիշտ` մնացել էինք նույն գյուղացին, բայց եվրոպացու գլխարկով էինք: Հայաստանում եվրաշաբաթ էր: Ինչ ասես` Ռուսաստանին չասեցինք: Բանը հասավ կսմիթներին անգամ, որովհետեւ հանկարծ զայրացել էինք, որ Պուտինն Ալիեւին զենք է ծախում: Ինչքան հնարավոր էր, առաջ տարանք մեր եվրաինտեգրումը: Ով գիտի կանգ չառնեինք, եթե եվրաշաբաթը չավարտվեր: Ավաղ, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Եվրոպացիները գնացին…



Եվրոպացիները գնացին, բայց մի երկու օր անց ռուսները եկան՝ Նարիշկինի գլխավորությամբ: Ո՞րը եղավ մեր առաջին գործը, ի՞նչ եք կարծում: Թվում էր` այն, ինչ ասել էինք եվրոպացիների ներկայությամբ, մի բան էլ ավելացրած Նարիշկինին էինք ասելու, բայց… Մենք իսկույն բուդյոնովկաները քաշեցինք գլխներիս ու… ինչ Եվրոպա, ինչ բան: Ասես եվրաշաբաթ չէր էլ եղել:



Չգիտեմ, թե քանի օր են մնալու ռուսները, բայց Հայաստանում հաստատ ռուսական օրեր են: Նայում եմ մեր ղեկավարներին, ու մեղքս գալիս է. իսկը ռուս մուժիկներ: Ռուսներին խմացնում են, իրենք էլ հետները խմում, ինչպես ասում են` «կոմպանի համա»: Նույնիսկ լրագրողներն էին նկատել, որ իրենց, դիտավորյալ, «բանակցող» կողմերից պատշաճ հեռավորության վրա էին պահում, որ խմիչքի հոտը չառնեն: Բայց դա չէր օգնել, որովհետեւ խորհրդակցության դահլիճն էր բուրում ալկոհոլով:



Էլ չենք խոսում այն մասին, որ Երեւանում մարտի 30-ի երեկոյան փողոց դուրս գալն անհնար էր` սիրենաների զռզռոցի պատճառով… «Քաշի աջ, մերսեդես, քաշի աջ, կանգնի, ասում եմ…տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ, յո՜ւ, յո՜ւ յո՜ւ, հայ, հայ, հայ»… Նարիշկին էին տեղափոխում:
Այսքան բանից հետո էլ ի՞նչ սպասես, թե Նարիշկինին թթու խոսք կասեն ու ճամփու կդնեն: Հովիկ Աբրահամյանը, ահա, ասում է, որ, մտնելով ԵՏՄ, Հայաստանն իր մոր փորն է ընկել… Ավելի լավ բան չէինք էլ կարող երազել` 170 միլիոնանոց շուկա, արտահանման` վազես-չբռնես ծավալներ, տնտեսության աշխուժացում ու ներդրումների համար գրավչություն… էլ ի՞նչ է մեզ պետք: Լավ, կարելի՞ է, միթե, այս աստիճան «շապկա-ուշանկան» քաշել գլխին ու ռուսական երգեր երգել: Իսկ ո՞վ պետք է Նարիշկինին ասեր` ինչո՞ւ են հունվարի 1-ից հետո Հայաստանից ԵՏՄ տարածք արտահանումները նվազել, ինչո՞ւ են մեր գործարարները վնասներ կրում, ինչո՞ւ Հայաստանի տնտեսությունը չի աշխուժանում, ինչո՞ւ չկա ներդրում, ո՞ւր են խոստացված վարկերը եւ այլն, եւ այլն:
Ու եթե այս հարցերի մասին Նարիշկինի հետ այստեղ` Հայաստանում չեն խոսում, պատկերացնո՞ւմ եք, թե այդ մասին ինչպես են լռում Մոսկվայում կամ, մանավանդ, Աստանայում:



Դեռ ինչքա՞ն է շարունակվելու մեր անուղղություն ընթացքը, ո՞վ կարող է ասել: Ե՞րբ է գալու այն օրը, որ Հայաստան մտնողը հայի փափախ դնի գլխին: Տվյալ գյուղի գդակը ծածկելն ամոթ բան չէ, հարգանքի նշան է: Մեզ, ախր, ոչ ոք չի հարգում…