Սեֆիլյանի, նրա «ֆեյք» ընկերոջ և ուսապարկի պարունակության մասին

Սեֆիլյանի, նրա «ֆեյք» ընկերոջ և ուսապարկի պարունակության մասին

Մեր նախորդ հրապարակումներից մեկի տակ («Հիմնադիր խորհրդարան. քաղաքական նոր ո՞ւժ, թե՞ պիլոտային ծրագիր», «Հրապարակ», 31.03.2015թ.) գրություն էր հայտնվել, այսպես ասեմ` ինձ ուղղված վերջին նախազգուշացումով ու հաշվեհարդարի ինչ-ինչ սպառնալիքներով: Դրանից բացի, նաեւ փորձել էին անցյալ փորփրել ու բամբասանքի կարգով հանրությանը տեղեկացնել, որ իբր ինձ «Հայ զինվոր» թերթից հեռացրել են «վատ» հոդվածներիս համար: Գրողը, բնականաբար, ֆեյսբուքյան «ֆեյք» պրոֆիլ էր` ոչ անուն, ոչ ազգանուն, ոչ հայրանուն եւ ոչ էլ մայրանուն: Չէի անդրադառնա այս ամենին, եթե «Հայ զինվորի» անվան հիշատակությունը չլիներ: Այս կապակցությամբ կցանկանայի ուղղակի ասել` «Հայ զինվորից» հեռացել եմ հայկական բանակից զորացրվելուց հետո, 1995-ի հոկտեմբերին: Կհեռացնեին ավելի վաղ, 1994-ին, եթե չլիներ թերթի գլխավոր խմբագիր, երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանը, ով, չնայած ՀՅԴ-ի դեմ սանձազերծված բռնություններին, ինձ պահեց խմբագրությունում եւ վստահեց թերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Մինչ օրս ես երախտապարտ եմ թե Վրեժի պայծառ հիշատակին եւ թե «Հայ զինվորի» իմ բոլոր գրչակից ընկերներին, հպարտ, որ թերթի հիմնադրման օրվանից մինչեւ 1995-ի հոկտեմբեր նրանց հետ իմ ներդրումն եմ ունեցել հաղթանակի գործում:



Իսկ հիմա՝ բուն ասելիքը: Վերը հիշատակված հոդվածում գրել էի, որ Ժիրայրը գրոհի գնացող հրամանատարի պես մոռանում է հետ նայել ու տեսնել, թե ով է իր հետ գրոհի գալիս: «Ժիրոյի ընկեր» ֆեյքի նամակը հուշում է, որ սխալ եզրակացության չեմ եկել: Պարզ է, չէ՞, որ Ժիրոյի իսկական ընկերը, նրա հետ մարտի գնացողը չի կարող ֆեյք լինել: Բայց միայն դա չէ, որ մտահոգում է մեզ:



Մարտի 31-ին էլեկտրոնային լրատվամիջոցները տարածեցին Ժիրայր Սեֆիլյանի պատասխան նամակը Շանթ Հարությունյանին, որտեղ Սեֆիլյանը սեւով սպիտակի վրա գրել է. «Սիրելի Շանթ… ուզում եմ տեղեկացնել քեզ, որ ապրիլի 24-ին ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու որոշումն իմ անձնական կամքի եւ միանձնյա հաշվարկների արդյունք չէ»: Սեֆիլյանն իր կարճառոտ նամակում այդպես էլ հստակ բան չի ասում` ինքը կո՞ղմ է «ապրիլի 24-ին սկսելուն», թե՞ դեմ կամ ձեռնպահ: Մինչդեռ սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ Հիմնադիր խորհրդարանի շուրջ ողջ աղմուկը հենց այդ ամսաթվի հետ է կապված: Մնացած ամեն ինչը մեր տեսած բազմաթիվ փողոցային ներկայացումներից այն կողմ չի անցնում: Հիմնադիր խորհրդարանը չունի ծրագիր, իշխանափոխության ճանապարհային քարտեզ, պատկերացում անգամ չունի, թե ինչ է անելու ռեժիմը հեռացնելուց հետո եւ, որպես այս ամենի հետեւանք, չունի նաեւ հետեւորդների բանակ հանրության շրջանում:



Սեֆիլյանն իր պատասխան նամակում նաեւ խոստովանում է, որ ռեժիմի հեռացումն ապրիլի 24-ին սկսելու գաղափարը պատկանում է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնությանը, եւ այդ մեծամասնության կամքով է, որ առաջ է տարվում ապրիլի 24-ին սկսելու գաղափարը: Հարց է առաջանում` արդյոք այդ ճնշման արդյունքում չէ՞, որ Սեֆիլյանը «գրոհի է գնում» ապրիլի 24-ի երեկոյան` չկիսելով գուցե որակական առումով խիստ կասկածելի այդ «ջախջախիչ» մեծամասնության տեսակետը:



Վերջապես, ի՞նչ ասել է Հիմնադիր խորհրդարանի ջախջախիչ մեծամասնություն: Ովքե՞ր են դրանք` բազմափորձ քաղաքական գործիչնե՞ր, հասարակությանը քաջ հայտնի հարգված ու սիրված մարդի՞կ, գիտության ու մշակույթի գործիչնե՞ր: Գուցե բոլորն Արցախյան պատերազմի հերոսնե՞ր են: Իսկ կա՞ երաշխիք, որ այնտեղ չկան սատանիստներ, աղանդավորներ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր դժգոհ են ռեժիմից, ու նրանց համար սա լավ առիթ է ինքնադրսեւորվելու: Եթե Ժիրայր Սեֆիլյանը մտածում է, որ իր թիկունքում մարտիրոսվելու պատրաստ քաջերի բանակ է, ապա խորապես սխալվում է: Նման դեպքերում հատկապես ակտիվանում է մարդկային տականքը, որի համար որեւէ սրբություն գոյություն չունի, եւ անգամ Ապրիլի 24 կարող են հարամել, եթե դա իրենց պետք է:



Սեֆիլյանի քայլերում մենք տեսնում ենք իր հայտարարությունների աստիճանական սրբագրում: Մինչեւ Բերձորի դեպքերը հայտարարում էին, որ 100-ամյակը դիմավորելու են առանց ռեժիմի: Բերձորից հետո հայտարարեցին, որ ռեժիմը հեռացնելու են ոչ թե մինչեւ ապրիլի 24-ը, այլ ապրիլի 24-ից հետո: Սա արդեն իսկ մեկ եւ կարեւոր սրբագրում էր: Մեկ այլ սրբագրում էլ կատարվեց բանկերի հետ կապված հայտարարության առնչությամբ: Սեֆիլյանն ստիպված եղավ մեկնաբանել, որ ինքը կոչ չի արել ընդհանրապես չկատարել վարկերի մարումը, այլ կոչ է արել բոյկոտել վարկերը մի քանի օր, մինչեւ ռեժիմը հեռանա: Դե կներեք` մուկնուկատու հո չե՞նք խաղում:



Իսկ ռեժիմը 1-2 օրում կհեռանա՞: Ես մի քիչ կասկածում եմ, որովհետեւ հիշողությանս մեջ դեռ թարմ են 2008-ի շուրջօրյա հանրահավաքները: Դրանք, ի դեպ, ոչ թե Էրեբունի թանգարանին հարող տարածքում էին, որն այս ռեժիմը սիրահոժար տրամադրել է Հիմնադիր խորհրդարանին, այլ Ազատության հրապարակում եւ ամենաքիչը մի քանի հարյուր անգամ ավելի բազմամարդ, քան Սեֆիլյանի ավտոշարասյունը: Թե ինչով ավարտվեց ռեժիմը հեռացնելու 2008-ի փորձը, բոլորս տեսանք, իսկ թե ինչ է սպասվում Հիմնադիր խորհրդարանի մի քանի հարյուր փայծաղավորի` դժվար չէ գուշակել:



Ամփոփենք: Արդեն իսկ վերլուծություններ են շրջանառվում, որ իշխանությունների համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել քաղաքական դաշտում, եւ այս վիճակը ձեռնտու է հատկապես իշխանություններին: Հիմնադիր խորհրդարանի առաջացրած թվացյալ «սրացումները» լավագույնս ստվերում են ոչ իշխանական ուժերի գործողություններն ու վերջիններիս համար դժվարություններ ստեղծում հանրության հետ շփումներում: Սրա մեջ բավականին մեծ ճշմարտություն կա: Մանավանդ եռյակի փլուզումից հետո մի հսկա ընտրազանգված, եթե չասենք հիասթափված է, ապա, առնվազն, հայտնվել է իրավիճակը նորովի գնահատելու հրամայականի առջեւ: Հիմնադիր խորհրդարանը, իր ողջ թափթփվածությամբ հանդերձ, այսօր ավելի գրավիչ կարող է լինել, քան ուզածդ ԲՀԿ, ՀԱԿ կամ «Ժառանգություն», որոնք համակարգված, հետեւաբար նաեւ իշխանությունների համար մտահոգիչ պայքարի կողմնակիցներ են: Սեֆիլյանը խոստանում է մի քանի օրում ռեժիմը հեռացնել: Մի՞թե կարող է սրանից ավելի քաղցր բան լինել: Սրան են ասում` օփիում ժողովրդի համար: Իշխանությունը, սակայն, կհոգա, որ Հիմնադիր խորհրդարանի պայքարը մի քանի օր չտեւի, այլ ձգվի մինչեւ 2017 թվական: Իսկ դրա համար ընդամենը պետք է, որ Հիմնադիր խորհրդարանի կողմնակիցների ուսապարկերում միշտ հաց ու պանիր լինի:



ՀԳ. Հիմնադիր խորհրդարանն իր կողմնակիցներին կոչ է արել ապրիլի 24-ին Էրեբունի թանգարանի տարածք գալ ուսապարկերով եւ մի քանի օրվա ուտելիքով: Շշմեցուցիչ է ուղղակի: Տղերք, դուք ոչ թե Լիսագորի բարձունքն եք գրոհում, այլ՝ Երեւանը, որտեղ ամեն քայլափոխի սուպերմարկետ կա: