Ո՞վ է Լոնդոնից ժամանելու Ցեղասպանության միջոցառումներին

Ո՞վ է Լոնդոնից ժամանելու Ցեղասպանության միջոցառումներին

Մարտի 26-ին Բրիտանիայի դեսպանատուն էի այցելել, որտեղ հարցազրույց էի վերցնելու Հայաստանում Նորին Մեծության դեսպանից` տիկին Քեթրին Լիչից: Թեւեւ տիկին դեսպանին առաջին անգամ էի հանդիպում, սակայն ակնկալում էի, որ ավելի շուտ զրույց կլինի, քան հարցազրույց, որովհետեւ ինքս բազմիցս եղել եմ Բրիտանիայում եւ շատ սիրում եմ այդ երկիրը: Միացյալ Թագավորությունից իմ հուշերը միայն զբոսանքները չեն Թրաֆալգարի հրապարակում կամ հանդիպումները Լորդերի պալատում, կամ էքսկուրսիան Բուքինգեմյան պալատի սրահներում… Ես հիշում եմ նաեւ ծաղիկների մեջ կորած գյուղակն Ուելսում, որտեղ հեքիաթային Coch ամրոցն է, նավարկող փոքրիկ թիանավերը Սթրաթֆորդ-ըփոն-Ավոնում, որտեղ ծնվել եւ մահկանացուն է կնքել Շեքսպիրը, Մարլբորոյի նեղլիկ, անդորրավետ փողոցները Միջին Անգլիայում, Magna Carta-ի 800-ամյա բնօրինակը Սոլսբերիի տաճարում (ի դեպ, Էլեոնոր Ռուզվելտը 1215-ի Magna Carta-ից է ոգեշնչվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ստեղծելիս) եւ այլն: Միով բանիվ, ես շատ եմ սիրում Միացյալ Թագավորությունը, ինչպես եւ մի քանի այլ երկրներ այդ երկրագնդի վրա, դրա համար էլ որեւէ հանդիպում կամ խոսակցություն բրիտանական դեսպանատանն ինձ համար միշտ էլ բավականություն է եւ ավելի շուտ զրույց է, քան հարցազրույց:



Լոնդոնից ժամանող պատվիրակությունը



Դեսպանատանը, երբ մտանք տիկին դեսպանի աշխատասենյակը, շատ թղթեր կային սեղանին, եւ դրանցից մեկը վերցնելով՝ դեսպանն ասաց. «Գիտե՞ս սա ինչ է… Սեւրի դաշնագիրն է: Քո հարցերի պատճառով վերցրել եմ, որ ծանոթանամ»: Սեւրի դաշնագիրն ինձ թվում է ամենակարեւոր գլուխը հայ-բրիտանական հարաբերություններում, որովհետեւ գերազանցապես Պողոս Նուբար փաշայի, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ-Ջորջի եւ Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի ջանքերի շնորհիվ Սեւրի դաշնագրի` Հայաստանին վերաբերող հատվածը մշակվեց, առաջարկվեց եւ ընդունվեց Ազգերի լիգայում: Ընդսմին, Սեւրի դաշնագրի «հայաստանյան» հատվածը հետագայում երբեւէ չվերանայվեց, անգամ 1923-ին, Լոզանում: Բայց Սեւրի դաշնագիրն անսահմանափակ թեմա է, եթե որեւէ զրույց դրանից սկսես, կարող է ուղղակի այդտեղ էլ ավարտես` անկախ նրանից, թե զրույցը որքան կտեւի: Դրա համար էլ այն պետք է թողնել ցանկացած զրույցի ամենավերջում:



Իսկ առաջին խնդիրը, ինչ մասին հարցրի դեսպանին (նկատի առնելով այս օրերին այդ թեմայի հանդեպ ուշադրությունը), այն էր, թե ով է ներկայացնելու Միացյալ Թագավորության իշխանությունը 2015-ի ապրիլի 24-ին Երեւանում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին: Պատվիրակությունն արդեն հայտնի է:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ խորհրդարանը ներկայացնելու է պրն. Ջոն Ուիթինգդեյլը, ով 1992-ից ՄԹ Համայնքների պալատի անդամ է, այժմ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավարը եւ 1988-ից եղել է վարչապետ Մարգարետ Թետչերի քաղաքական քարտուղարը, նաեւ, երբ Թետչերն (ի դեպ, միակը ՄԹ վարչապետերից) այցելել է Հայաստան:



Անգլիկան եկեղեցու առաջնորդին` ՄԹ թագուհուն եւ գահերեցին` Քենթրբերիի արքեպիսկոպոսին, ապրիլի 24-ին Երեւանում կներկայացնեն երկու ամենամեծ` Լոնդոնի եւ Եվրոպայի թեմերի առաջնորդները` Լոնդոնի եպիսկոպոս Նորին Սրբազնություն, Մեծապատիվ Ռիչարդ Չարթրեսը (The Right Reverend and Right Honourable Richard Chartres Bishop of London) եւ Եվրոպայում Ջիբրալթարի եպիսկոպոս Նորին Սրբազնություն, դոկտոր Ռոբերտ Իննեսը (The Right Reverend Dr. Robert Innes Bishop of Gibraltar in Europe):



Երեւանում կլինի նաեւ բրիտանացի եւ ավստրալացի հայտնի գրող, իրավաբան, պատմաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով բոլորովին վերջերս, 2014-ին, հրատարակեց «Անախորժ ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» գիրքը: Նա մասնակցելու է Երեւանում գումարվող միջազգային գիտաժողովի, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն նաեւ այլ բրիտանացի պատմաբաններ եւ ցեղասպանագետներ: Եվ վերջում, իհարկե, Նորին Մեծության դեսպան Քեթրին Լիչն անձամբ ներկա կլինի բոլոր արարողություններին:
Բայց այստեղ ես պետք է ստորակետ կամ վերջակետ դնեմ եւ ահա թե ինչու:



Purdah-ի արգելքը և հարցազրույցը



Տպագիր հարցազրույցը որեւէ օտարերկրյա դեսպանի, նախարարի, դիվանագետի հետ, լինի նա Արեւելքից թե Արեւմուտքից, նման է այսբերգի: Մանավանդ, եթե զրույցն օտար լեզվով է, նախ բնագիրն է գրվում զրույցի լեզվով, հետո դեսպանն անձամբ նայում է բառերի, ձեւակերպումների ճշգրտությունը, դեսպանի հավանությունից հետո դա թարգմանվում է մայրենի լեզվով, հետո, վերջապես, հրապարակվում: Սա կանոն է, որ հազվադեպ է խախտվում, որովհետեւ հարցազրույցը, մանավանդ օտարերկրյա դեսպանի տպագիր հարցազրուցը, ինչ-որ առումով իր կառավարության հայտարարություններն են:
Դրա համար էլ հարցազրույցից հետո դեսպան Լիչին խոստացա, որ մեր հարցազրույցի անգլերեն տարբերակը պատրաստ կլինի մարտի 30-ին, որպեսզի հետո հասցնենք այն թարգմանել եւ գոնե մասամբ տպագրել մինչեւ մարտի 31-ի վերջնաժամկետը: Ինչո՞ւ էր մարտի 31-ը վերջնաժամկետ:



Միացյալ Թագավորությունում ընդհանուր խորհրդարանական ընտրություններից շուրջ վեց շաբաթ առաջ սկսվում է, այսպես կոչված, Purdah-ի շրջանը: Այդ բառն ինքնին պարսկերեն «pardeh» բառից է ծագել, որը թարգմանվում է վարագույր, քող, փարաջա: Բրիտանիայում բառը ձեռք է բերել քաղաքական բովանդակություն, եւ 20-րդ դարասկզբից ի վեր Purdah եզրույթն է գործածվում՝ բնութագրելու համար ընտրությունների նախաշեմին ՄԹ խորհրդարանի եւ կառավարության պաշտոնական լուծարումից մինչեւ ընտրությունների արդյունքում հաջորդ խորհրդարանի եւ կառավարության կազմավորումն ընկած ժամանակամիջոցը, որի ընթացքում ՄԹ կենտրոնական եւ տեղական կառավարությունների ներկայացուցիչներին, պետական ծառայողներին, այդ թվում Նորին Մեծության դեսպաններին արգելվում է ցանկացած հանրային ելույթ կամ հայտարարություն կառավարության քաղաքականության, ներառյալ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դեսպան Լիչին թվում էր, թե այս տարի Purdah-ի արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, հետեւաբար, մարտի 31-ին առանց մի խնդրի կարող ենք տպագրել հարցազրույցի գոնե մեծ մասը, ինչը, բնականաբար, առնչվում էր Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությանը:



Այդուհանդերձ, հարցազրույցը, չնայած դրա անգլերեն բնօրինակը մարտի 30-ին պատրաստ էր, չհասավ մարտի 31-ին տպագրվելուն: Ճիշտ նախօրեին` մարտի 30-ին, ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց խորհրդարանի, ինքնաբերաբար՝ նաեւ իր կառավարության լուծարման մասին, այդքանով էլ մարտի 30-ից Purdah-ի արգելքը հայտարարությունների եւ մեկնաբանությունների առնչությամբ մտավ ուժի մեջ:
Արդյունքում այլեւս ոչինչ չմնաց անելու, բացի հարցազրույցի տպագրումը հետաձգելը մինչեւ մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ եւ Միացյալ Թագավորության հաջորդ կառավարության կազմավորում: Թե ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը` Դեյվիդ Քամերո՞նը, թե՞ Էդվարդ Միլիբենդը, կտեսնենք մայիսին: Այդ ժամանակ նաեւ կտպագրենք դեսպան Քեթրին Լիչի հետ հարցազրույցը: Այդուհանդերձ, հիմա որոշեցի այս նյութը գրել, որպեսզի մեր ընթերցողներն էլ իմանան Purdah-ի կանոնի մասին, նաեւ այն մասին, որ դեսպանը ծանոթանում է Սեւրի եւ Լոզանի համաձայնագրերին, եւ վերջապես հայտնելու համար, թե ովքեր են Միացյալ Թագավորությունից ժամանելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: