Ո՞ր կենդանու ականջում է ննջում Շավարշ Քոչարյանը

Ո՞ր կենդանու ականջում է ննջում Շավարշ Քոչարյանը

Երեկ ՀՀ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նիստեր են կայացել, եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՊՀ-ին առնչվող ինչ-որ թուղթ ներկայացնելու համար խորհրդարան է գնացել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողները, առիթից օգտվելով, փոխնախարարին հարցրել են. արդյոք Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովում որեւէ փաստաթուղթ կստորագրի՞ Եվրամիության հետ: Քոչարյանն էլ պատասխանել է. «Հիմա գնում է մտքերի փոխանակում, բանակցություններ, որպեսզի մենք եվրոպական ուղղությամբ շարունակենք մեր գործակցությունը՝ իհարկե, հաշվի առնելով այն պարտավորությունները, որ մենք ունենք Եվրասիական տնտեսական միության առաջ»: Ըստ ԱԳ փոխնախարարի, մտքերի փոխանակումն արդեն գրեթե ավարտվում է, եւ նշմարվում է, թե ինչպիսին պետք է լինի նոր համագործակցության փաստաթուղթը,- փոխանցել են լրատվամիջոցները:



Լավ, Շավարշ Քոչարյանը ո՞ր կենդանու ականջում է ննջում, որ մինչեւ հիմա տեղյակ չէ, որ երկու-երեք շաբաթ առաջ` մարտի 18-ին, արդեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ապագա համաձայնագրի շուրջ մտքերի փոխանակումն ԱՎԱՐՏՎԵԼ Է: Մարտի 19-ին հանձնակատար Հահնի Երեւան կատարած այցի կապակցությամբ Բրյուսելից տարածվեց պաշտոնական հաղորդագրություն «EU-Armenia: Shaping a positive agenda for future co-operation», որում սեւով սպիտակին գրված էր.
«Հայաստանցի իր զրուցակիցների հետ քննարկումների ժամանակ հանձնակատար Հահնը ընդգծել է, որ ընթացիկ տարին կարեւոր եւ որոշիչ է ԵՄ-Հայաստան հարաբերություննների համար…



Հանձնակատարը գոհունակություն հայտնեց փաստի կապակցությամբ, որ ԵՄ-ն եւ Հայաստանը վերջերս հաջողությամբ ԱՎԱՐՏԵՑԻՆ համատեղ զննման-գնահատման աշխատանքները եւ հաստատեցին ապագա համագործակցության ոլորտները: Սա երկու կողմերին թույլ կտա շուտով մեկնարկել նոր ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդգրկուն (overarching) համաձայնագրի բանակցությունները, համապատասխան բանակցային մանդատները հաստատվելուն պես:



…ԵՄ-ն հակված է առաջ նայել եւ ձեւավորել ապագա համագործակցության դրական օրակարգ, որը համապատասխանաբար կարտացոլվի այն հավակնոտ համաձայնագրում, որի շուրջ բանակցությունները շուտով սկսվելու են»:

Վատ է, սակայն հնարավոր է, որ լրագրողներն այսքանը չիմանան: Բայց ինչպե՞ս է հնարավոր, որ տեղեկացվածության իր մակարդակով լրագրողներից չտարբերվի ԱԳ փոխնախարարը: Մնում է պրն Քոչարյանին խնդրել, որ կամ կենդանիների ականջներից դուրս գա, կամ իր չիմացած թեմաներով չխոսի, որպեսզի չստացվի, թե անտեղյակ է նրան, ինչին աշխարհը տեղյակ է արդեն երկու-երեք շաբաթ: