Հայաստանը՝ Լոզանի բանակցություններում (անուղղակի)

Հայաստանը՝ Լոզանի բանակցություններում (անուղղակի)

Մինչ ուկրաինական թնջուկն իր վրա սեւեռված էր պահում մարդկության ուշադրությունը, շվեյցարական Լոզանում լուծվեց ոչ պակաս կարեւոր մեկ այլ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցը, որ ենթադրում է, առանց չափազանցության, գլոբալ տեղաշարժեր ողջ աշխարհում: Նախեւառաջ, Իրանի դերակատարության մեծացմամբ (այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ) կարող է լուծվել Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղության հաստատման հարցը: Պետք է նկատել, որ այս տարածաշրջանում կայունությունը խախտվել էր հենց Իրանի շրջափակմամբ եւ թուլացմամբ, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ ոչինչ հակադրել, իսկ արաբական աշխարհի ժողովրդավարացման նրա ձեռնարկները, որքանով պարզ նկատելի է, ավարտվեցին կատարյալ ֆիասկոյով:
Իրանի դերակատարությունը տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության եւ տնտեսական կայունության տեսանկյունից գրեթե անգերագնահատելի է, եւ, հավանաբար, հենց դա է պատճառը, որ այդ երկրի ծրագրերի շուրջ բանակցային գործընթացն ավարտվեց ոչ թե հրովարտակային բանաձեւերով, այլ լրջագույն ձեռքբերում համարվող համաձայնությամբ:



Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ բանակցության արդյունքը պետք է արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, որից հետո Իրանի վրայից փուլ առ փուլ կհանվեն պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «պատմական» որակելով ձեռք բերված համաձայնությունը, նույնպես հայտարարել է պատժամիջոցները քայլ առ քայլ հանելու մասին` կախված, իհարկե, բանակցության պայմանավորվածությունների կատարման ընթացքից: Այս ամենի դիմաց Թեհրանը համաձայնել է երկու-երրորդով կրճատել ուրանի հարստացումը եւ իր միջուկային ծրագիրը դնել տասնամյա մշտադիտարկման տակ: Ասենք նաեւ, որ մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ համաձայնությունը ձեռք բերելուց հետո Իրանի դեմ կարող են ժամանակավորապես գործել բացառապես ՄԱԿ-ի կողմից ընդունված պատժամիջոցները, իսկ մնացածները, որ կիրառվել են այս կամ այն երկրի սուբյեկտիվ մոտեցումներով, պետք է հանվեն անմիջապես:



Այս իրավիճակում, բնականաբար, Իրանը կձգտի աշխուժացնել կապերն Արեւմուտքի հետ, չմոռանալով, իհարկե, «նեղ օրերի» իր դաշնակիցներին, հատկապես Չինաստանին եւ Ռուսաստանին: Իսկ սա արդեն բոլորովին այլ իրավիճակ կարող է ստեղծել ողջ աշխարհում, ընդհուպ ազդել Ուկրաինայի եւ լոկալ բնույթի բազմաթիվ խնդիրների լուծման վրա:



Բարեբախտաբար, Հայաստանն այս դեպքում ոչ թե խորթ ազգականի դերում է, այլ գտնվում է իրադարձությունների բուն կենտրոնում, եւ սպասվող դրական գործընթացները, նույնիսկ իր վայ հարեւանների ամենամեծ ցանկության դեպքում, չեն կարող շրջանցել նրան: Դժվար է ասել, թե Հայաստանն ինչ կերպ կարող է նպաստել Իրանի դեմ պատժամիջոցների վերջնական լիկվիդացման խնդիրների լուծմանը, բայց մի բան պարզ է, որ այդ խնդիրների լուծմանը զուգընթաց մեր տնտեսությունն անմիջապես իր վրա կզգա դրա բարերար ազդեցությունը:



Մեր տնտեսագետները, ամենայն հավանականությամբ, արդեն հաշվարկել են, թե ինչ որակական թռիչք կարող է արձանագրել Հայաստանի տնտեսությունը` ինտեգրվելով Իրանը Եվրոպային կապող հյուսիս-հարավ ծրագրերին: Այս դեպքում խոսքը նույնիսկ միայն Իրանի մասին չէ: Այս ուղղությամբ Իրանի ակտիվացումը նշանակում է նաեւ մեկ այլ, ավելի խոշոր խաղացողի ներգրավում, ինչպիսին Չինաստանն է, որ արդեն իսկ համարվում է մեր հարեւան Վրաստանում ամենախոշոր ներդրողը:



Այս ամենն զգալիորեն հետին պլան կմղի նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը եւ Թուրքիային կզրկի իր նախապայմաններով այդ հարցը քննարկելու հնարավորություններից: Տարածաշրջանում Իրանի ակտիվացումը նաեւ կամրագրի Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն` Ադրբեջանին վերջնականապես զրկելով Ղարաբաղի նկատմամբ ունեցած իր չհիմնավորված հավակնություններից:



Իրանի միջուկային խնդրի շուրջ կայացած համաձայնությունն ինչ-որ տեղ կարելի է նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կայացած համաձայնություն համարել: Համաձայնություն այն առումով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ուժ` ի դեմս Իրանի, եւ հաշվի չնստել նրա հետ, այլեւս հնարավոր չէ: Ուստի թե ԱՄՆ-ն եւ թե Ռուսաստանն ստիպված են վերանայել Հարավային Կովկասում իրենց ներկայացվածության երաշխիքները, հասկանալով հանդերձ, որ դա անելն ավելի ճիշտ է տարածաշրջանը բոլոր առումներով բալանսավորող Իրանի հետ համագործակցության ճանապարհով:



Մենք համաձայն չենք այն տեսակետին, որ, իբր, Իրանի հետ վեցնյակի համաձայնությունը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ դա կարող է Ռուսաստանին զրկել դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման մենաշնորհից: Իրականում այդ մենաշնորհի կորստյան սպառնալիքն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գիծն է, որ հաջողությամբ շրջանցում է Ռուսաստանը, մինչդեռ Իրանը Եվրոպային կապող ամենակարճ եւ հուսալի ճանապարհն անցնում է Ռուսաստանով:



Նկատենք նաեւ, որ տարածաշրջանում Իրանի ակտիվացումից մեծապես շահում է նաեւ Վրաստանը: Այդ երկիրը Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով հայտնվել է ապագայում իր համար կործանարար Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա մեծթուրանական ծրագրում, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պոտենցիալ անկայունության օջախ: