Մինչև ապրիլի 24-ը առաջին հայ տիեզերագնացը կթռչի Մարս

Մինչև ապրիլի 24-ը առաջին հայ տիեզերագնացը կթռչի Մարս

Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանի այցն այսպիսի աժիոտաժ առաջացրել Հայաստանում: Համարյա բոլորին թվում է, թե իրենք գիտեն այս հարցի պատասխանը: Սխալվում են: Քիմ Քարդաշյանի ով լինելը (հեռուստաաստղ, եթե չասենք՝ ուրիշ աստղ) շատ էլ մեծ դերակատարություն չունի այս դեպքում: Նրանից ավելի մեծ «աստղեր» են եկել ու գնացել: Ազգությամբ հայ լինելու հանգամա՞նքը` միգուցե: Չէի ասի, որովհետեւ բնագավառը, որ ներկայացնում է ազգությամբ հայ այդ կինը, վաղուց է դադարել մեզ վրա տաբուի ներգործություն ունենալուց: Ի՞նչ չգիտենք մենք այդ բնագավառից կամ ի՞նչ չենք տեսել, որ այսպես խլշկոտել ենք Քիմի պարագայում: Դե հիմա` ազգությամբ հայ է, երեւի մեկը հազարավոր այն հայ կանանցից, ովքեր, համեմատաբար, ավելի համեստ ցուցանիշների պատճառով նույն հաջողություններին չեն հասել, ինչ Քիմը:



Եվ ուրեմն` ինչո՞վ է պայմանավորված այս աժիոտաժը:
Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս օրերին Հայաստանում ավելի հետաքրքիր բան տեղի չի ունենում, քան այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում: Երեւան ժամանեց Քիմ Քարդաշյանի աշխատակազմը, եւ այդ լուրը մեր երկրում ստվերեց ամեն ինչ` սկսած Սուրբ Զատկին հաջորդած մեռելոցից, վերջացրած ՀՀԿ կանանց` Ծիծեռնակաբերդում ցուցադրած տրիումֆով: Էլ չենք խոսում ԵՏՄ-ԵՄ համեմատական վերլուծությունների մասին, որոնցով, ինչքան ժամանակ է արդեն, իրենց օրն են մթնեցնում մեր` այսպես ասենք, քաղաքագետները:



Համատարած ներքաղաքական այս տաղտուկի մեջ մոռացել ենք արդեն, թե ով է իշխանական եւ ով ընդդիմադիր, ով է ժողովրդի կողքին եւ ով ժողովրդից կտրված: Թուրքիայից վտարել են գերմանական «Շպիգել» թերթի թղթակցին, ով պատրաստվում էր Ցեղասպանության մասին հոդված պատրաստել, իսկ մեր հասարակական-քաղաքական կազմակերպությունները, ասես ոչինչ չի եղել, լռում են, որովհետեւ, գրեթե ազգովի, սովորել ենք տաղտուկին: Երկրից շարունակվում է արտագաղթը: Դրան էլ սովորեցրին: Տնտեսությունը վերջնականապես սատկեց: Խնդիր չկա, սովորելու բան է: Կրակեցին հայկական գյուղերի վրա: Անցած լինի, ե՞րբ չեն կրակել: Աբովյանի քաղաքապետի աթոռը թափուր է: Ի՞նչ անենք թափուր է, վաղը մեկին կնշանակեն… ՀՀԿ կանայք Ծիծեռնակաբերդում «փարթի» են անում: Բա որտե՞ղ անեն, ուրիշ հարմար օբյեկտ չկա, որ 3000 կին տեղավորի միանգամից… Սովորեցնում են տաղտուկին, մենք էլ, շատ տաղանդավոր ազգ, արագ սովորում ենք: Ես, օրինակ, նկատել էի, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, իր մեռելոցներով, սկսել էր մեզ նաեւ հողին սովորեցնել: Դրան էլ ենք սովորում, ճիշտ է, Հովիկ Աբրահամյանի օրոք, բայց սովորում ենք:



Եվ այս իրավիճակում Քիմ Քարդաշյանն է գալիս: Բնականաբար, բում պետք է լիներ: Ամերիկյան ֆիլմերից հայտնի զոմբիներն ինչպե՞ս են իրար անցնում, երբ իրենց մեջ կենդանի արարած է հայտնվում: Այ, այդքան մեծ է ցանկությունը Քիմին տեսնելու: Ասում են` նրա «տուտուզիկն» այնպիսի մի գումարով է ապահովագրված, որ Հայաստանի մի քանի տարվա բյուջեի ելքային մասը կփակի առանց դեֆիցիտի: Այլ բարեմասնություններին չանդրադառնանք: Ավելի կարեւոր է ընկալել այն գումարի չափը, որ այս օրերին Հայաստանում ծախսելու է Գյումրվա արմատներով ամերիկացի գեղեցկուհին: Հայտնի է, օրինակ, որ նրա ու աշխատակազմի համար 5 աստղանի հյուրանոցի երկու հարկը փակել են: Զգո՞ւմ եք ռազմախը… Այսպիսի ռազմախին կդիմանա՞ Էդվարդ Նալբանդյանի Ղրղզստան կատարած այցը, որի ոչ նպատակն է հայտնի, ոչ օգուտը: Շամշյանն ինչքան ուզում է իրեն ճղի, թե «Նիվան» գլորվել է ձորը, իսկ ՀՀ քաղաքացի վարորդը հրաշքով է փրկվել: Գագիկն ավելի ճիշտ կաներ, եթե գնար օդանավակայան եւ մեզ տեղեկություններ փոխանցեր Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ճամպրուկների ստույգ թվի մասին: Այ, դա կլիներ ինֆորմացիա` «լայքի» բուն: Այլապես բոլորն էլ սովորել են, որ երբ ավտոն գլորվում է ձորը, ՏԿԱԻՆ փրկարարները գալիս, դադարեցնում են գազի արտահոսքը, փակում են գազի բալոնի ծորակը, իսկ վարորդին, կապ չունի` մեռած թե կենդանի, մոտեցնում շտապ օգնության մեքենային: Սովորել ենք արդեն:



Hraparak.am-ը ոչ միտումնավոր, ապրիլի 6-ի երեկոյան «սխալ» էր թույլ տվել ու վերնագրում նշել, որ Քիմն է ժամանել: Այնպիսի գրոհ էր սկսվել կայքի վրա, որ պատմելու չէ, մինչդեռ վերնագրի «սխալն» ուղղվել էր տառացիորեն վայրկյաններ անց: Սա է անսովոր բանի ուժը:
Ո՞վ է դիմավորել Քիմ Քարդաշյանի աշխատակազմին ու ինչպե՞ս: Որքան գիտենք` Հանրային հեռուստատեսությունն է ներգրավվել այս գործում, առայժմ` շարքային հաղորդավարի մակարդակով: Մենք ունենք «Արմենիա», «Շանթ» եւ բազում այլ շոու TV-ներ, որոնք կարող էին այդ գործը կազմակերպել: Մինչդեռ պետության դեմք համարվող հեռուստատեսությունն է առաջ ընկել: Ուրիշ ժամանակ մեզ` լրագրողներիս, ասում են՝ զգույշ եղեք ձեր հրապարակումներում, որովհետեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում ամեն ինչ իր արձագանքն է գտնում: Իսկ դո՞ւք ինչու զգույշ չեք եւ ինչո՞ւ չեք մտածում, թե ինչեր են գրելու ադրբեջանական թերթերը «Զվարթնոցում» Քիմ Քարդաշյանի աշխատակազմի դիմավորման «գրանդիոզնի» արարողության մասին:



Քիմի այցը լրիվ Պուտինի այցի տպավորությունն է թողնում: Նախ` գալիս է անվտանգությունը (Քիմի պարագայում դա կոչվում է աշխատակազմ), ծանոթանում պայմաններին, ապա նշան անում, որ Քիմը գա: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Պուտինի այցի հետ կապված Հայաստանում ակտիվանում են միայն արեւմտամետները, ապա կարելի է վստահ ասել, որ Քարդաշյանի այցի հանդեպ հետաքրքրությունը մի քանի անգամ գերազանցում է Պուտինի այցին, որովհետեւ աժիոտաժը միայն մի բուռ արեւմտամետներով չի պայմանավորված, միայն երիտասարդներով կամ միայն հասարակության արական հատվածի հետաքրքրասիրությամբ չի պայմանավորված: Նույնիսկ թոշակառուներն ու Հայրենական պատերազմի վետերաններն են իրար անցել: Եվ սա ցուցանիշ է: Կարծում ենք` անսովոր ու հետաքրքիր երեւույթի հասարակական հնչեղության ցուցանիշ:



ՀՀԿ-ական կառավարությունը, ամենայն հավանականությամբ, հաշվետվությունների մեջ, Քիմին Հայաստան բերելն իր ձեռքբերումների շարքում չի թվարկի: Բայց` իզուր: Քիմն իր փողերով է գալիս, ու ատկատի տեղ չկա, այսինքն` պետական կառույցները վախենալու բան չունեն: Մնում է, որ ֆիննախը ճիշտ հաշվարկի Քարդաշյանի ծախսած գումարներն ու դրանցից գոյացող հարկերը: Հնարավո՞ր է, որ այդ գումարները թեթեւացնեն թոշակների ու աշխատավարձերի վճարումը: Հնարավոր է: Իսկ գուցե Քիմ Քարդաշյանը միանգամից վճարի նաիրիտցիների աշխատավա՞րձը, որովհետեւ նա հաստատ գիտի, որ Ցեղասպանության ճանաչումից ոչ պակաս կարեւոր խնդիր է դարձել այդ մի քանի միլիոն դրամը, որ մարդիկ քրտինքով վաստակել ու չեն կարողանում ստանալ: Իսկ մենք այս տեսակ գանձի աշխատակազմին դիմավորելու ենք ուղարկում Հ1-ի հաղորդավարին: Ֆիննախը պետք է դիմավորի Քիմին, մոտից մեկ քայլ անգամ չհեռանա, որ այդ աղջիկն իր փողերը քամուն չտա. հազար պակաս տեղ ունենք:



Պե՞տք է, արդյոք, Քիմ Քարդաշյանին արժանացնել բարձր ընդունելության: Շատ բարձրի մասին է խոսքը: Բնականաբար, պետք է: Պետք է նաեւ մեդալ տալ` ինչպես Պուգաչովային, բայց մի փոքր այլ մեկնաբանությամբ, քան «սերունդ դաստիարակելու համար» հիշեցումն է: Դե, իսկ Տարոն Մարգարյանն ուղղակի պարտավոր է ընդունել Քիմ Քարդաշյանին, նրան ավելի շքեղ ծաղկեփունջ նվիրել եւ ավելի պինդ գրկախառնվել նրա հետ, քան դա արեց Անաստասիա Վոլոչկովայի գալու ժամանակ: Ինչքան էլ չլինի` Քիմը մերն է, ու նրա համար ինչ էլ անենք, կորած տեղ չէ:



Հաճախ ենք լսել, որ Քիմ Քարդաշյանն իր հայտնի լինելու հանգամանքը ծառայեցրել է Հայոց ցեղասպանության մասին աշխարհում բարձրաձայնելու նպատակին: Դա տեղի կունենա նաեւ ապրիլի 24-ին ընդառաջ նրա` Հայաստանում լինելու փաստով: Սա լուրջ պատճառ է, որ ֆեյսբուքահայությունը շատ էլ ազատություն չտա այս այցի հետ կապված իր անհարկի հետաքրքրասիրություններին: Բայց այդ նպատակով ֆեյսբուքահայության համար պետք է այլ, ավելի հետաքրքիր թեմա մտածել, որ շատ չսեւեռվեն Քարդաշյանի վրա: Ունե՞նք այդպիսի թեմա: Այն, որ Աբովյանի քաղաքապետ է դառնալու Գագիկ Ծառուկյանի մեկ այլ բարեկամ, սովորական բան է: Խոսքն անսովոր թեմայի մասին է: Այդպիսին կարող է լինել Հայաստանի առաջին տիեզերագնացի թռիչքը: Դեպի Լուսին, Մարս… կարեւոր չէ, միայն թե նա թռչի, եւ Քարդաշյանին հանգիստ թողնեն: