Ես եմ հիմա մի պոետ...կամ երգ գրելիւս զգույշ եղեք

Ես եմ հիմա մի պոետ...կամ երգ գրելիւս զգույշ եղեք

Արմեն Աշոտյանի սպասված երգի հնչյունները վերջապես հասան մեր լսելու օրգանին: Հրաշալի է գրեթե ամեն ինչ` երգը գրելու նպատակից մինչեւ մշակում ու շնորհալի մարդու կատարում: Միայն մեկ դիտողություն ունեմ` խոսքերի հեղինակին չէր խանգարի հայերեն սովորել:



Խնդրում եմ, հատկապես գեղեցիկ սեռին, չտրամադրվել իմ դեմ, որ ես չեմ կարողացել այս օրով ավելի լավ բան նվիրել, քան Աշոտյանի երգն է: Սիրելի կանայք, պարզապես ես ձեզ չէի համարձակվի այսպիսի միջակ նվեր մատուցել: Եվ, առհասարակ, մի բանից որ խելքս չի հասնում, ես չեմ անում:



Չեմ խորանա Արմեն Աշոտյան պոետի կաղ հանգերի ու աղքատիկ բառապաշարի մեջ: Ոչ էլ ցանկություն կա նրանից ավելին պահանջելու, որովհետեւ պոետական հարթությունում նրա մակարդակն այլեւս հայտնի դարձավ: Անհույս է: Ինչպես կասեր մեր դասախոսը` գրեք Ձեզ համար, պարոն Աշոտյան, իսկ եթե մտածում եք նաեւ նվիրել, արեք համեմատաբար նեղ շրջանակում, օրինակ` ՀՀԿ կանանց:



Ես կցանկանայի խոսել միայն մեկ բառակապակցության մասին, ավելի ճիշտ` Աշոտյանի մի ամբողջ բանաստեղծական տողի, որ մեզ իրավունք է տալիս միանշանակ պնդելու, որ «նոր հայերի» բանաստեղծական հանճարն Ավետ Բարսեղյանի գոհարակերտ բարձունքներից այն կողմ չի անցել: Ուզում ենք ասել` Ավետ Բարսեղյանը փառք է Աշոտյանի համեմատությամբ:



Ահա այդ հրաշք տողը. «Կանցնեն մարդիկ խայտաբղետ»: Երեւի փորձել է «հավետ»-ի հետ հանգ բռնել, բայց դա չէ էականը: Մենք ասացինք, որ հանգերին չենք անդրադառնալու: Թվում է` հեղինակը տարօրինակ ոչինչ չի ասել` «կանցնեն մարդիկ խայտաբղետ»: Էլ չերկարացնեմ` խոսքը «խայտաբղետ» ածականի մասին է, որի բովանդակության մասին Աշոտյանը բացառապես ոչինչ չգիտի, իսկ եթե գիտի եւ դիտմամբ է օգտագործել այդ բառը, ինչը շատ քիչ հավանական է, ապա նրան ընդհանրապես, որպես ռասիստի, պետք է զրկել Եվրոպա այցելելու իրավունքից:



Հայերենից մեր երեխաների գիտելիքները թեստերով ստուգող ԿԳ նախարարը գոնե բառարան բացեր: Այդ դեպքում նա կիմանար, որ «խայտ»` նշանակում է բիծ, գիծ, նշան, օրինակ` կարմրախայտ ձուկ: «Խայտաբղետ» բառին որպես բացատրություն Ստեփանոս Մալխասյանցը գրում է. «ած., բազմաթիվ գույնզգույն բծեր ունեցող, խատուտիկ, խայտաբղէտ ինծ: 2. Ինչ որ աչք է ծակում գույների զանազանությամբ: Խայտաբղետ շորեր են հագնում նրանց կանայքը: Խայտաբղետ թիթեռ»: Թե այս բոլոր նշանակություններից որին է առավելություն տվել Աշոտյանը՝ իր կողքով անցնող մարդկանց բնութագիր տալով, հայտնի է միայն իրեն եւ մեկ էլ ստեղծագործական խմբին, որ հարկ չի համարել ԿԳ նախարարի խաթրը կոտրել:



Մեկ այլ բառարանում, ուղղագրությամբ Աշոտյանին ավելի հոգեհարազատ (Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան), «Խայտաբղետ» հոդվածի տակ կարդում ենք. «ա. 1. Գույնզգույն, խայտաճամուկ: Վառ դեղին, վառ ծիրանի, Գույներ հագեք խայտաբղետ (ՀԹ), Մայում էին գառների եւ ուլերի հարյուրավոր խայտաբղետ խմբեր (ԽԴ), 2. Տարբեր ձեւի ու կերպարանքի, Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար` Եզերքի մոտ ճանապարհի երեւում էր քաղաքը քար (ԵՉ)»:
Ձեռքի հետ ասենք նաեւ, որ «խայտաբղետ» են ասում պիսկավարին, իսկ «պիսակ»-ը, եթե աչք գցենք Աճառյանի Հայերեն արմատական բառարանին, ապա կիմանանք, որ նշանակում է բորոտությունից հետք մարմնի վրա:



Հնարավոր է, իհարկե, բանասիրական բուհերի եւ ՀՀ ԳԱ-ի մասնագետների հավաքական ուժերով «խայտաբղետ» բառի այլ մեկնություններ գտնել հայոց լեզվի անդաստաններում եւ այդկերպ փաստել Աշոտյանի հայերենի իմացության իրողությունը, բայց որքանո՞վ արդարացված կլինի այդ ջանքը, երբ խոսքը մի խայտաբղետ թիթեռի կյանք ունեցող երգի բառերին է վերաբերում:



Ներողություն, սիրելի, խայտաբղետ կանայք: