Խնդրում եմ չնախատել մեր կանանց. Գալուստ Գրիգորիչ

Խնդրում եմ չնախատել մեր կանանց. Գալուստ Գրիգորիչ

Ասում են` չկա չարիք առանց բարիքի: Հուսով ենք` ՀՀԿ կանայք, եթե մի անգամ էլ գնան Ծիծեռնակաբերդ, իրենց այլեւս այնպես չեն պահի, ինչպես օրեր առաջ: Իսկ եթե այսքան գրել-մրելուց հետո էլ չպետք է ուղղվեն, էլ ի՞նչ ասեմ:



Գալուստ Գրիգորիչը, մանկավարժությունից ոչ հեռու մի մարդ, խնդրեմ, փոխանակ միջոցներ ձեռնարկի, խրատ տա, ինքն էլ մի քիչ գրի-մրի, արդարացնում է ՀՀԿ կանանց, ովքեր, քիչ է ասել` գնացել էին Ծիծեռնակաբերդ: Դա Ծիծեռնակաբերդ գնալ չէր, դա դեսանտ իջեցնել էր, Թումանյանի ասած` փերիները սարի գլխին հավաքվեցին ցերեկով: Բա ՀՀԿ-ում մի տղամարդ չկա՞ր, որ նախապես զգուշացներ` այնտեղ ձեզ շնորհքով կպահեք, կարող ա պատահի հետեւում են: Այդքան կնոջ ուր էլ «բրախես», արդյունքը սա է լինելու: «Դեւիչնիկ» հո չէ՞ր, որ նմուշի համար մի տղամարդ հետները չէր գնացել:



Չար լեզուներն ասում են, որ միջոցառումը (Ծիծեռնակաբերդ գնալն է՞լ միջոցառում անվանեն) ռեժիսոր է ունեցել: Այդ ռեժիսորն է ասել` շարվեք այսպես, կանգնեք այսպես, ծաղիկները բարձրացրեք, ծաղիկները թափահարեք, անմոռուկագույն կոշիկներով ՀՀԿ-ուհիներն առաջ գան… Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էլ «ախչկեքին» իրենց մանկապարտեզն է հիշեցրել, ու սկսել են ճռվողել, ժպտալ, ուրախանալ:



Գրիգորիչն ասում է. «Երբ տեսա նկարները, որեւէ բան չմտածեցի»: Անշուշտ, վատ է, երբ դիտում ես ընկերուհիներիդ նկարներն ու ոչինչ չես մտածում, որեւէ էմոցիա չի առաջանում մեջդ: Մի հատ «լայք», մի հատ «շեր» անելու ցանկությո՞ւն էլ չառաջացավ, մանավանդ որ միջոցառումը կուսակցական բնույթի էր: Փաստորեն, ՀՀԿ-ում էլ վիճակը նույնն է, ինչ «Ժառանգությունում». ով ինչ ուզում, այն էլ անում է: Այլապես ի՞նչ է նշանակում` տեսա կանանց ուրախությունը Ծիծեռնակաբերդում ու ոչինչ չմտածեցի:



«Այսօր Ծիծեռնակաբերդ գնալը սգո միտինգի խնդիր չունի»,- իր հետեւյալ իմաստախոսության մեջ ասում է Գալուստ Գրիգորիչը: Բայց մի՞թե մենք ասում ենք, որ ՀՀԿ կանայք պետք է թաշկինակներ պահեին ձեռքներին: Մեր ասածն այն է, որ Ծիծեռնակաբերդում մարդ ներշնչանք պետք է զգա, անկախ իրենից, անկախ տանն ունեցած վերջին խոսակցությունից, անկախ այն բանից` Կիեւյան փողոցում արագաչափը նկարել է, թե չի նկարել… Ոտքդ համալիր դնելուն պես պիտի զգաս, որ պարտք ունես տալու անմեղ զոհերին:



«Ծիծեռնակաբերդ գնալը ավելի շատ կայացնելու եւ ապագան կերտելու խնդիր ունի»: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է ուզեցել ասել Գրիգորիչը: Ի՞նչը կայացնելու: Ո՞ւմ ապագան` երկրի՞: Եվ ի՞նչ եք կարծում, ՀՀԿ կանայք իրենց այցով ինչ-որ բան կայացրի՞ն, երկրի ապագայի խնդի՞ր լուծեցին: Երկրի կայացումն ու նրա ապագայի կերտումը Ծիծեռնակաբերդ գնալով չի լինում, պարոն Սահակյան, այլ աշխատելով ու արարելով է լինում:



Ասում եք` յուրաքանչյուր մարդ իր դատողությամբ է շարժվում: Համաձայն եմ: Նկատի ունեք` նախագահից սկսած, չէ՞: Դե հիմա պատասխանեք, թե ինչպե՞ս ենք ձեւավորվել որպես ազգ ու պետականություն, եթե հարկավոր պահերին մեր անձնական դատողություններն ի մի չենք բերել ու միակերպ չենք գործել: Այո, պահեր կան, որ քեզ պետք է զգաս բոլորի մի մասնիկը: Կան նաեւ այդպիսի վայրեր, ուր մեզ բերում է բոլորիս հիշողությունը: Գնալ ու այդ վայրերում սեփական դատողությամբ շարժվել, այսինքն՝ անել ինչ խելքիդ փչի, ճիշտ չէ, կարծում եմ:



«Այդտեղ նախատելու որեւէ բան չկա»,- մանկավարժի իր դատավճիռն է կայացնում Գրիգորիչը: Այսինքն, ինչպե՞ս չկա: Լա՞վ են արել: Դե եկեք գովենք նրանց արածը` այ, ապրեք, միշտ այդպես ժպտերեսիկ ու ծիծաղկուն լինեք, ձեզ այնքան հոգու երիտասարդություն, որ կարողանաք ամեն տարի գնալ Ծիծեռնակաբերդ ու մեզ այդպես ուրախացնել:



Ասենք` մեր ի՞նչ գործն է ուրիշի կանանց նախատելը: Թող ՀՀԿ-ն մտածի` ինչ անել: Ինչպես հայտնի գեներալը կասեր` չագուչն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ, նալն էլ…