Քամին Տափերական համայնքին 2.5 միլիոնի վնաս է հասցրել

Քամին Տափերական համայնքին 2.5 միլիոնի վնաս է հասցրել

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ այսօր քամու ուժգնացում է սպասվում՝ 25-30 մ/վրկ արագությամբ: Քամին արդեն իր վնասը մի շարք համայնքների տվել է։ Արարատի մարզի Տափերական համայնքում առավոտյան քամերին վնասել է դպրոցի տանիքը: «Քամի չէր, այլ փոթորիկ,  դպրոցի տանիքը քշել տարելա, կարևորը մարդ չի վնասվել»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, գյուղապետ Միհրան Մանասերյանը։



Գեղարքունիքի մարզ, Հայրավանք համայնքում էլ քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ։ «Դե գյուղում վնասվել են 2 տան տանիքներ, էլի խեղճ գյուղացին տուժեց։ Հիմա մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որ վնասի չափերը ճշտեն, ըստ երևույթին օգնության ձեռք կմեկնեն»,-ասաց Դավիթ Բադոյան։ Գյուղապետը տեղեկացրեց, որ ըստ նախնական հաշվարկների քամին իրենց հասցրել է 2.5 միլիոն դրամի վնաս։ «Դե կորոշեն գումարի չափը, թե որքան կտրամադրեն չեմ կարող ասել»։



Նույն մարզի Խաչաղբյուր գյուղում տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ) ամբողջովին պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, վնասելով այն։ «Մոտ 7 տան տանիք պոկվել է, իսկ մի տան պատ էլ քամու պատճառով քանդվել է, գազամատակարումը գյուղում մասնակի դադարեցված է, մասնագետներն այս պահին աշխատում են»,-տեղեկացրեց գյուղապետը։ Նա նշեց, որ փոխհատուցման համար իրենք պատկան բոլոր մարմիններին դիմել են։ 



Երևանում արդեն առաջին ահազանգն է ստացվել քամու ուժգնացման հետեւանքով տեղի ունեցած պատահարի վայրից: Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ այսօր առավոտյան Երեւանի Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է եւ խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածը ծառի ճյուղերից: