Ցեղասպանության հուշարձանը Ջրահարսի հետ կապ չունի

Ցեղասպանության հուշարձանը Ջրահարսի հետ կապ չունի

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պատասխանեց «Ցեղասպանության հուշարձան զուգարանների ֆոնին» մեր հրապարակմանը։ Մենք ներկայացրել ենք, որ Գյումրու քաղաքապետարանը նախատեսում է Ֆրից Սողոյանի «Վերածնունդ» անունով հուշարձանը տեղադրել Խաղաղության օղակի պուրակում, հայտնի Բոշի սադում։ Սակայն գյումրեցիներն անհանգստացած են, քանի որ այն տեղում, որտեղ հուշարձանն է դրվում, անցնում է քաղաքային կոյուղին, իսկ հետևում հասարակաց երկու զուգարաններ կան։«Քաղաքաշինական խորհրդի համաձայնություն կա, և կա նաև քաղաքապետի որոշում դրա մասին, - ասաց ճարտարապետը, - բայց ո՞վ է դժգոհում։ Ես նման բան չեմ լսել, ճիշտն ասած»։ 



- Ճի՞շտ է, որ Մուշուրբան էլ են դնում այդ տեղում, և ստացվում է, որ երեք արձան է տեղադրվում կողք կողքի՝ մուշուրբան, Ջրահարսը և Ցեղասպանության 100-ամյակի հուշարձանը։ ։



- Ոչ, Մուշուրբան այդտեղ չի դրվելու։ Նման առաջարկություն եղել է, Մուշուրբան այստեղ տեղադրելու, բայց դա միանշանակ հանել ենք։ Նախ, սա պուրակ է, և կարող են մի քանի արձաններ լինել։ Վերածնունդ հուշարձանը տեղադրելու համար շատ տեղեր ենք նայել, դրա հեղինակը, գիտեք, Ֆրից Սողոյանն է։ Գտել ենք, որ նպատակահարմար է, որ այդտեղ դրվի։



- Զուգարանների ֆոնի՞ն։



- Պուրակի մեջ կարող է լինել հասարակական զուգարան։ Բայց զուգարանը վերականգնվում է, տեսքի է բերվում, այդպես չի մնալու, որպեսզի խանգարվի դա։ Նոր հուշարձանը «Ջրահարսի» հետ կապ չունի։ Ջրահարսը դրված է ջրավազանի մեջ, դեռևս սովետական շրջանից։ Արձանները մեկը մեկին չեն խանգարում։



- Էդվին Թախմազյանը, ամերիկահայ բիզնեսմեն, այգու նոր տերն է, այնպես չ՞է։



- Նա վարձակալ է։ Ինչ-որ մենք անում ենք, սա գլխավոր ծառուղու մասն է։ Մենք մաքրել ենք այդտեղ, ավելորդ շինությունները քանդել ենք։ Մեր քաղաքացիները որ անցնում են, բոլորը ինձ շնորհավորում են տարածքը տաղավարներից, տնակներից և կրպակներից մաքրելու համար։ Նաև այլ տարածք կա, որ վարձակալներն են իրենց միջոցներով բարեկարգելու, կանաչապատելու, խաղահրապարակներ են տեղադրելու հետո։



- Իսկ ինչ՞ու «Մուշուրբան» հանվեց Սայաթ-նովա փողոցից։



- «Մուշուրբեն» ժամանակավոր էր դրվել, 2013 թվականին, երբ մեր քաղաքը մշակութային մայրաքաղաք էր, այդ միջոցառումների շրջանակում էր դրվել։ Դա հիմնական չէր դրվելու։



- Գյումրու խորհրդանիշ էր, թող մնար։



- Ավելի շատ «Մուշուրբի» համար էինք բողոքներ ստանում, քան թե էս «Վերածնունդի» համար։ Հիմա մենք այնտեղ Սայաթ-Նովայի արձանն ենք դնելու, իսկ թե «Մուշուրբեն» ուր կդնենք, հայտնի չէ։