Հակակարկտային կայանքները ապրիլի 10-ին հրադադարը խախտել են 22595 անգամ

Հակակարկտային կայանքները ապրիլի 10-ին հրադադարը խախտել են 22595 անգամ

Ապրիլի 10-ին, ժամը 10.51-ից մինչև ժամը 18.03-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության թվով 146 հակակարկտային կայաններից իրականացվել է 22595 կրակոց (միջին հաշվով՝ 154,7 կրակոց մեկ կայանքից):



«Հրադադարն» ամենաշատը խախտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզում՝ Արարատում, որտեղ 62 կայանքներից մեկ ժամում (12-40-ից 13-40-ը) 12 հազար 934 կրակոց է արձակվել( միջին հաշվով՝ մեկ ժամում 208,6 կրակոց մեկ կայանքից): Այս ցուցանիշին, կարծում ենք, նույնիսկ «կալաշնիկովը» կնախանձեր:



Վատ չեն կրակել Արմավիրում (6691) և Արագածոտնում (1677): Կոտայքում և Վայոց ձորում կրակել են, համապատասանաբար՝ 711 և 582 անգամ:



Որ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում այսքան աչալուրջ հսկում են մեր երկինքը, դա լավ է: Բայց մեզ այլ բան է հետաքրքրում՝ ո՞վ է հաշվել: Ի՞նչ արժե մեկ կրակոցը: Դա բավականին թանկ հաճույք է, իսկ երբ բազմապատկում ես 22595- ով, շատ ճոխ թիվ է ստացվում: Ուզում ենք իմանալ՝ կրակոցների մասին թուղթ, թարազո կա՞, թե՞ այս թվերը պետք է ընդունենք ի գիտություն:



Էդ.Ա.