Առաջադրված մեղադրանքը պաշտպանների ծիծաղն է առաջացնում

Առաջադրված մեղադրանքը պաշտպանների ծիծաղն է առաջացնում

Ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակներում եւ 6 անդամների բնակարաններում կատարված խուզարկության ժամանակ Քննչական կոմիտեն հայտնաբերել էր «մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, 5 դանակ, 2 սուր, 1 դաշույն, 2 էլեկտրաշոկ, ինչպես նաեւ՝ կապի միջոցներ, հակագազ եւ օդազտիչ դիմակ»: Այս ցանկը ձերբակալվածների պաշտպաններին ծիծաղելի է թվում: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանինը՝ Հայկ Գրիգորյանը, իսկ Գեւորգ Սաֆարյանինը՝ Գեւորգ Դավթյանը: Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում են Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Գեւորգ Դավթյանը: Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, նախօրեին ուշ գիշերով նիստ է արել եւ երկու ամսով կալանքի սանկցիա սահմանել: Նիստը տեւել է ժամը 22-ից մինչեւ 4:30-ը:



Խոսելով նրանց առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մասին, պաշտպան Տիգրան Եգորյանը մեզ տեղեկացրեց, որ առաջադրված մեղադրանքը ոչ միայն կասկածյալների համար է անհասկանալի, այլեւ իրենց՝ փաստաբանների: Նա համոզված է, որ այդ մեղադրանքի էությունը հասկանալի չէ անգամ քննչական խմբի ղեկավարին եւ Քննչական կոմիտեի ղեկավարներին, «որովհետեւ ոչ մեկը չկարողացավ բացատրություն տալ, միայն վկայակոչվում էր Քրեական օրենսգրքի հոդվածը եւ վերջ»: Դա է պատճառը, որ ձերբակալվածները ցուցմունք տալու ժամանակ ասել են, որ «իրենց առաջադրված մեղադրանքն անհասկանալի է»: Ինչ վերաբերում է խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերին, ապա Եգորյանն շտապում է մարդկանց զգուշացնել. «Խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին շատ զգույշ մնալ, եւ եթե ինչ-որ փայտի կտորներ ունեն իրենց ավտոտնակներում, տանը, առանձնատներում, թող ազատվեն դրանցից հրատապ կամ բերեն հանձնեն ոստիկանության բաժանմունքներ, հակառակ դեպքում չի բացառվում, որ իրենք էլ նույն օրն ընկնեն, ինչ իմ պաշտպանյալները»: Նա նշեց, որ հայտնաբերված իրերն օրենքով արգելված առարկաներ չեն եւ չեն կարող զենք դիտվել: Եգորյանը հիշեցնում է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները մի քանի անգամ ծեծի են ենթարկվել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս, սակայն որեւէ քայլ չի արվել հանգամանքները հետաքննելու եւ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:



Ապրիլի 7-ին բերման էր ենթարկվել նաեւ Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը: Նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա տան տանիքից նռնակ էր հայտնաբերվել: «Արամ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ընդհանրապես տեղեկություն չունի նռնակի վերաբերյալ: Առհասարակ հասկանալի չէ, թե ընտանիքի անդամներից ինչու է հենց ինքը կասկածվում»,-ասաց Եգորյանը:



Ուշագրավն այն է, որ Արամ Հակոբյանի հարազատները պնդում են, որ ոստիկանները ոչ թե գտել են, այլ իրենք են նռնակը տեղադրել ոչ թե Արամ Հակոբյանի, այլ հարեւանի կտուրում: Ու թեեւ դասական իմաստով միայն Հակոբյանի տնից է զենք հայտնաբերվել, սակայն նա միակն է, ում նկատմամբ դատարանը ոչ թե կալանքի որոշում է կայացրել, այլ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 500 հազար ՀՀ դրամի չափով: «Բավարարվեց գրավի դիմաց մեր միջնորդությունը, այս գրավը մուծվել է, եւ նա ազատ կարձակվի»,- ասաց Եգորյանը:



«Ո՞վ է ասում, որ տանը մահակ, փայտեր պահելը քրեորեն պատժելի է: Այսինքն, հայտնաբերված իրերի եւ ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումների եւ առաջադրված մեղադրանքի միջեւ պատճառական կապ չկա: Դատարանի կողմից տրամադրված նյութերը, որոնք գտնվում են պաշտպանական կողմի ձեռքի տակ, վկայում են այն մասին, որ ելույթների, ասուլիսների ընթացքում հնչած կարծիքների, քաղաքական հայացքների համար են նրանց կալանավորել: Բայց նախաքննական մարմինն ասում է, որ ունեն այլ փաստեր, որոնք ապացուցում են, որ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություն էին անելու»,-ասաց պաշտպան Գեւորգ Դավթյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմի ունեցած նյութերը չեն հիմնավորում մեղադրանքը:



Պաշտպան Արա Զաքարյանը, ով «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» դատական գործով էլ է մասնակցել, համեմատական եզրեր է տանում երկու գործերի միջեւ. «Այնտեղ քաղաքական հայացքների համար նման վճիռ կայացվեց, այժմ էլ նույնը Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա գործընկերների դեպքում է»: Նա եւս ասում է, որ այս անձանց ձերբակալելու, առավել եւս կալանավորելու համար բացարձակապես հիմքեր չկան. «Իշխանություններն այս քայլին գնացել են այն բանի համար, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանը եւ համախոհները չկարողանան միջոցառում իրականացնել եւ իրենց դժգոհությունը հասարակությանը ներկայացնել: Սա է Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին ձերբակալելու ու կալանավորելու հիմնական պատճառը»: