Տեխնիկան արտահանվել է, որովհետեւ այլեւս պետք չէր

Տեխնիկան արտահանվել է, որովհետեւ այլեւս պետք չէր

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ» ընկերության Հայաստանից հեռանալու մասին լուրերն այլեւս կտրուկ չեն հերքում: «Դեռ ոչ, չկա նման մտադրություն»,- երեկ մեզ հետ զրույցում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ընկերության՝ Հայաստանից հեռանալու լուրերին պատասխանեց ոչ միանշանակ:



Մարտի 28-ին մենք գրել էինք, որ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ»-ը Հայաստանից տեղափոխում է իր ծանր տեխնիկան, մինչդեռ ծրագրի ավարտին դեռ երկու տարի ժամանակ կա: Մեր հետաքննությունից պարզել էինք, որ իսպանացիները դժգոհություններ ունեն ծրագրի իրականացման տեմպերից եւ հայկական կողմի հետ դժվար են աշխատում: Տրանսպորտի նախարարի՝ շինարարական աշխատանքները շարունակվելու մասին հավաստիացումներին հակառակ, ընկերության ներկայացուցիչը կեսբերան նշել էր, որ առայժմ աշխատանքները դադարեցված են, բայց իրենք հույս ունեն, որ ամեն ինչ կկարգավորվի, եւ դրանք կվերսկսվեն: «Մեր կողմից չկա այնպիսի բան, որ մենք հրաժարվում ենք աշխատանքից: Հուսով ենք, որ կկարգավորվի ամեն ինչ», թե ինչ պետք է կարգավորվի, ընկերությունից չէին մանրամասնել:



Մենք պարզել էինք նաեւ, որ 2012 թվականից Հայաստանում աշխատող այս ընկերությանը պատկանող՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին եւ երկրորդ ծրագրերի իրականացման համար համակարգչային կառավարմամբ աշխատող 2 բետոն փռող մեքենաներից մեկն արդեն մաքսայինի պահեստում է, եւ պատրաստվում են շուտով դուրս հանել Հայաստանից՝ աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո: Թեեւ ենթադրվում էր, որ պետք է տեղափոխեին միայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո: Գագիկ Բեգլարյանն էլ զարմացել էր՝ մեզնից տեղեկանալով, որ իսպանական ընկերության մեքենաները մաքսայինում են: «Սուտ տեղեկություն է, որ «Կորսանը» գնում է,- ասել էր նախարարը,- մեքենաներից մեկը լավ չի աշխատում, եւ դա հանում են»:



Փոխնախարար Արթուր Առաքելյանը երեկ պնդում էր, որ այդ մեքենան արտահանվել է, որովհետեւ ոչ թե անսարք է, այլ պետք չէ այլեւս. «Աշխատանքային գործընթաց է, այն սարքավորումները, որ այլեւս չեն օգտագործվելու կատարվող աշխատանքների շրջանակներում, տեխնոլոգիապես այլեւս անհրաժեշտ չեն, արտահանվել են: Էդ մեքենա-մեխանիզմը կիրառվել է Արտաշատ-Երեւան հատվածում բետոնապատման աշխատանքների շրջանակում՝ շուրջ տարիուկես»:



Փոխնախարարն ասել է, որ «Հյուսիս-հարավի» աշխատանքներն ավարտին կհասցվեն նախանշված ժամկետներում: «Ժամկետները չե՞ն երկարաձգվելու» մեր ճշտող հարցին Առաքելյանն ասել է. «Դեռ նախատեսվածով շարժվում ենք առաջ»: