ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, մի քիչ էլ՝ մահակի մասին

ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, մի քիչ էլ՝ մահակի մասին

«Օրինաց երկիր»-«Բարգավաճ Հայաստան» փոխհարաբերությունները խոստանում են հետաքրքիր շարունակություն ունենալ: Խորհրդարանական ճեպազրույցներում Հեղինե Բիշարյանի արած հայտարարությունը ԲՀԿ-ականների (ընդհուպ պատգամավորի մակարդակի)` ՕԵԿ-ին դիմելու մասին եւ Նաիրա Զոհրաբյանի հուզված պատասխանը վերստին թարմացրին դեռ փետրվարյան օրերին սկսված խոսակցությունները, թե ցաքուցրիվ եղած ԲՀԿ խմբակցության անդամները կուսակցություն են ման գալիս, որ մտնեն:



Այս խոսակցությունները գրեթե դադարել էին ԲՀԿ ֆրակցիայում որոշակի պարզություն մտցնելուց հետո, բայց, ահա, վերաթարմացվեցին տիկնայք-առաջնորդների փոխադարձ խոցումներից հետո: Խոսակցությունն էլ, ինչպես այն օրերին, այս անգամ դարձյալ ՕԵԿ-ն է թարմացնում, ինչը նշանակում է, որ «բարոյականները» որոշակի խնդիր են լուծում կամ հրահանգ կատարում: Հարց կարող է առաջանալ` ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանից հիասթափված կամ Նաիրա Զոհրաբյանի հետ աշխատել չցանկացող ԲՀԿ-ականները չեն դիմում եռյակի իրենց գործընկեր կուսակցություններին, որ դիմում են հենց ՕԵԿ-ին: ՕԵԿ-ն ունի՞ այս հարցի պատասխանը: Եթե ունի` լավ, իսկ եթե չունի, ապա ավելի ճիշտ կլիներ գոնե լռել, որովհետեւ, այո, «զռռում» է, որ ԲՀԿ-ն հետագա քայքայման տանող իրենց հայտարարություններով հստակ պատվեր ու գործ են կատարում: Թե ում պատվերը, չարժե նույնիսկ մանրամասնել, իսկ թե ինչու կա այդպիսի պատվեր, դրա մասին կխոսենք ստորեւ:
Մեր համոզմամբ, ՕԵԿ-ն այս պահին, որպես մահակ, կախված է ԲՀԿ մնացորդացի գլխին:



ԲՀԿ մնացորդացը, որ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ տակավին երկրորդ ամենամեծ ֆրակցիան է ԱԺ-ում, երբեք չի կարելի աչքաթող անել, մանավանդ, եթե ունի Հովիկ Աբրահամյանի նման կուրատոր: Մենք, իհարկե, այնքան պարզունակ չենք մտածում, որ հավատանք, թե Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն անհաղթահարելի հակասություններ ունեն: Բայց, ամեն դեպքում, չես իմանա, թե ինչ կպատահի ինչ-որ պահի, ինչ-որ շրջադարձից հետո: Թող ոչ ոք իր վրա չվերցնի. ժողովրդական հայտնի խոսքն ասում է` շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Սերժ Սարգսյանը դա լավ է հասկանում: Բավական է մի փոքր բան այնպես չլինի, Զոհրաբյանի երամը մի փոքր այնպես չթռչի եւ նույնիսկ այդ երամը ցրիվ կգա` ՕԵԿ-ի դռների մոտ հերթերի ձեւով: Նաիրա Զոհրաբյանը լավ է հասկանում, որ այն ֆրակցիան, որ այսօր գլխավորում է ինքը, մի որոշակի մասով Սերժ Սարգսյանի հովանավորյալներից է բաղկացած, ովքեր պատրաստ են նախագահի մատի ցուցումով թեկուզ գրողի ծոցը գնան, բայց դուրս գան ԲՀԿ-ից ու դառնան ՕԵԿ-ական` պահպանելով ֆրակցիայում իրենց տեղը: Այնպես որ, Հեղինե Բիշարյանն ընդամենը թարմացնում է Նաիրա Զոհրաբյանի ու վերջինիս հավատարիմ մարդկանց հիշողությունն իրենց հետագա գործելակերպի վերաբերյալ: Իսկ Նաիրա Զոհրաբյանն ու նրա ընկերները պարտավոր են գործել այնպես, ինչպես որոշել են վերեւները` Հովիկ Աբրահամյանի առանձնատանը:



Ինչպե՞ս պետք է գործի ԲՀԿ մնացորդացը: Այս տեսանկյունից օրինակելի է Միքայել Մելքումյանի վարքը: Լինելով «կատաղի ԲՀԿ-ական»` Մելքումյանը հաճույքով է մասնակցում իշխանության կազմակերպած «հակակոռուպցիոն» շոուին եւ շաբաթը երկու անգամ հարցազրույցներ է տալիս դրա օգուտների մասին: Հիրավի օրինակելի ընդդիմադիր, քաղաքական բարոյականության տիպար, իսկը` պոտենցիալ ՕԵԿ-ացու:
Հեղինե Բիշարյանն ասում է, որ իրենց գրասենյակների մուտքերը «փոթորկից հետո», նկատի ունի փետրվարի 12-ի փոթորիկը, մարդաշատ են դարձել: Իրենց կուսակցություն մտնելու ցանկություն ունեցողների մեծ թվի մասին ՕԵԿ-ը սիրուն երգերի հարուստ ռեպերտուար ունի: Բայց այս դեպքում նրանք պրոցեսը կապում են ԲՀԿ-ի հետ, մատնանշում, որ հերթ կանգնածները ԲՀԿ-ականներ են: Բիշարյանի խոսքով, նույնիսկ պատգամավոր մարդիկ կան նրանց մեջ: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է` տիկին Զոհրաբյան, երկնքից երկիր վերադառնալու, իրականությանը բաց աչքերով նայելու ժամանակն է:



Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում գրեթե հերքեց ԲՀԿ-ի հետ իր կապն ու այդ կուսակցության վրա հենվելու իր երբեմնի մտադրությունները: Այսքան բան տեսնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի փոխարեն ես էլ կհերքեի ամեն ինչ, բայց դա պատճա՞ռ է, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի հետ իր հաշիվները մաքրած համարի: Մեր կարծիքով, նա շատ լավ հասկանում է, որ ինչ-որ պահի, ինչ-որ շրջադարձի ԲՀԿ-ն նույնիսկ այս վիճակում կարող է քարոզչական դերակատարություն ունենալ ոչ իր օգտին: Ահա եւ նորից հասանք վերը հիշատակված ժողովրդական խոսքին: