Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Մի քանի օր առաջ արդեն կանխատեսումներ կային, որ օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է, եւ մի քանի օր շարունակ ինտենսիվ անձրեւներ են տեղալու: Ապրիլի 9-ին, ժամը 18:48-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետեւանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:



Ջուրը լցվել էր գետին մոտ գտնվող 10-15 տուն, հեղեղել անասնագոմերն ու նկուղները եւ բավականին մեծ վնաս հասցրել գյուղացիներին: Նոր գյուղի համայնքապետ Գ. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ տեխնիկայի միջոցով փորձում են մաքրել գետը, սակայն ապարդյուն: «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տեխնիկան չենք կարողանում մոտեցնել գետին, որպեսզի մաքրենք այն: Հարեւան գյուղերի ու գետի ափին գտնվող տարբեր օբյեկտների աղբը գետի ջուրը բերում է մեր գյուղ, եւ հիմնականում այս հատվածում է դա կուտակվում: Այժմ ԱԻՆ-ն ու մեր մարզպետարանը դիմում են պատրաստում, որն ուղարկելու ենք կառավարություն, որպեսզի աջակցեն մեզ գետի ջուրը մաքրելու հարցում: Հենց իրավիճակը հանդարտվի, կմտածենք գյուղացիներին փոխհատուցելու մասին»,-ասաց գյուղապետը:



Գետի վարարումից տուժած բնակիչները հուսահատ են: Վարդան Ղազարյանի անասնագոմն ու տունը, որոնք գտնվում են գետի ափին, լցվել են ջրով: Տունը բավականին մեծ վնասներ է կրել: Վարդանի խոսքով, ԱԻՆ աշխատակիցները ոչնչով չեն կարողացել օգնել նրան անասնագոմում գտնվող կովին այնտեղից դուրս բերելու հարցում, այժմ կովը ջրի մեջ է, եւ չգիտեն, թե ինչպես են անասունին դուրս բերելու: Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչները նույնպես կհայտնվեն այս անելանելի վիճակում, եթե քաղաքային իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն: Ջրառատի բնակիչ Գուրգենը պատմում է, որ երեկվանից գետի մակարդակը բարձրացել է. «Ողջ գիշեր աչք չեմ կպցրել, շուտ-շուտ գոմ էի գնում, տեսնեմ հո ջուր չի՞ լցվել, առանց այն էլ 2014 թ. սեպտեմբերին, որ Սեւանա լճից ջուր բաց թողեցին, մեր անասուններից սատկեցին, խոտը փչացավ, կատոֆիլը, կաղամբը մնացին ջրի տակ՝ չքանդեցինք: Հիմա արդեն ջուրը ծծվել ա, էս գիշեր որ անձրեւ եկավ, գոմն ամբողջովին ջրով կլցվի: Ի՞նչ անեմ՝ անասուններիս տեղ էլ չկա տանեմ: 7 ամիս առաջ էս նույն բանը եղավ, տարին 2 անգամ նույն վիճակում հայտնվող մարդը ո՞նց պետք ա լինի»:



Բնակիչները ձեռքի տակ ընկած իրերով պատնեշ էին սարքում, բայց թոնիրներն ու նկուղներն արդեն ջրի մեջ էին: «Երկու տարին մեկ գետի հունը որ մաքրվի, էսպիսի բան չի լինի: Մենք էլ կրակն ենք ընկել, տները սարքել ենք գետին մոտ ու ամեն տարի տուժում ենք, իսկ տված փոխհատուցումն էլ՝ դրամական օգնության տեսքով, ուղղակի ծիծաղելի է: 100 հազարների ապրանք ենք կորցնում, մեզ կոպեկներ են տալիս: Հիմա էս 10 տան բնակիչներիս հույսները մեր վրա է՝ հենց որ ջուրն ավելի բարձրանա, օգնենք միմյանց»:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ