Ի՞նչ անենք` Քարդաշյանին խնդրենք, որ նախագահին խնդրի տղերքին ազատ արձակեն

Ի՞նչ անենք` Քարդաշյանին խնդրենք, որ նախագահին խնդրի տղերքին ազատ արձակեն

Քիմ Քարդաշյանի այցը, որն այս օրերին դարձել է երկրի թիվ մեկ քաղաքական թոփ թեման, ստվերում է թողել անգամ Հիմնադիր խորհրդարանի 7 անդամների եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Երգիչ Արթուր Իսպիրյանը, անդրադառնալով այն փաստին, որ նախօրեին Քարդաշյանի հյուրանոցի մոտ ավելի շատ մարդ էր հավաքվել, քան ձերբակալվածների գործով` քննչականի մոտ, ափսոսանքով նկատում է. «Ի՞նչ ասեմ, ամեն ինչ խառնվել է իրար, երեւի պիտի խնդրենք Քիմ Քարդաշյանին, որ նախագահին խնդրի՝ տղերքին ազատի… ուզում եմ ասել, որ ես համարյա բոլորին ճանաչում եմ, ու բոլորն էլ շատ ազգասեր, հայրենիքին նվիրված մարդիկ են, ու շատ-շատ հարցերում իրենց հետ համամիտ եմ: Նրանք այն մարդիկ չեն, որ այսօր պետք է լինեն բանտում կամ մի որեւէ այլ տեղ: Այսօր ազատության մեջ ավելի շատ մարդիկ կան, ովքեր բանտում պետք է լինեն, որովհետեւ իրանք այդ տղաների հայրենասիրության մի տոկոսն անգամ չունեն, բայց գտնվում են ազատության մեջ ու վայելում են կյանքը, սկսած Ազգային ժողովի պատգամավորներից, որտեղ բավականին հանցագործներ ու լկտիներ կան նստած, որ վայելում են, ոչ մի լումա չեն ներդրել այս երկրի համար, իսկ այդ ազնվագույն տղաներն այսօր գտնվում են ոչ ազատության մեջ: Ես ցավում եմ, որ մեր պետությունը չի կարողանում տարանջատել հայրենասերներին հանցագործներից»:



Արթուր Իսպիրյանը կարծում է, որ սա քայլ էր իշխանությունների կողմից՝ տապալելու «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագիրը: «Ուղղակի ես չեմ հասկանում Հիմնադիր խորհրդարանի քայլերը, երբ իրենք գիտեին, որ եթե այդ միտինգն անեն, կարող է նման բան լինի: Ես, օրինակ, գիտեի, որ եթե նրանք ինչ-որ քայլեր անեն, կձերբակալվեն, դրա համար չեմ հասկանում, թե ինչու արեցին այդ քայլը` իմանալով, որ այդպիսի վտանգ կա»:
Իսպիրյանը կարծում է, որ այսօր շատ մարդիկ նրանց հետ համամիտ են եւ հոգով-սրտով իրենց հետ են, բայց ֆիզիկապես իրենց կողքին չեն, որովհետեւ ժողովուրդն այնքան է կոտրվել այդ հանրահավաքներից, տարբեր լիդերներից, որ արդեն չի հավատում նույնիսկ նորմալ, ազգասեր եւ հայրենասեր մարդկանց:



Այն դիտարկմանը, թե շատերի կարծիքով չի կարելի ռեժիմից ազատվելու համար ընտրել հենց ապրիլի 24-ը, Իսպիրյանը նշում է, որ իր տեսակետն էլ նույնն է` ապրիլի 24-ն ավելի շատ սգո օր է, մարդիկ պետք է սգան եւ հարգեն զոհերի հիշատակը. «Ես չեմ կարծում, որ ապրիլի 24-ը հարմար օր է դրա համար: Չգիտեմ իրենք ինչ են որոշել, գուցե դրա իմաստն ավելի խորն է` ես չեմ հասկանում, որովհետեւ չեմ մասնակցել այդ հավաքներին, ժողովներին եւ Նախախորհրդարանի անդամ չեմ, կարող է անդամ լինեի, այլ կարծիք հայտնեի, բայց, որպես քաղաքացի, ես ուզում եմ ծնկաչոք այդ օրն իմ հարգանքը մատուցել մեր զոհերի հիշատակին եւ չեմ ուզում բողոքի ակցիա լինի հենց այդ օրը, հատկապես որ հազարավոր հյուրեր են լինելու, նախագահներ»:



Երգիչը հույս է հայտնում, որ մինչեւ ապրիլի 24-ը տղաներին ազատ կարձակեն. «Ես չեմ կարծում, որ որեւէ մի բիծ կարող են գտնել նրանց վրա այսօր, ինձ թվում է՝ մինչեւ ապրիլի 24-ը մեր պետությունը չգիտեմ ինչ կարգով իրենց ազատ կարձակի, որովհետեւ իրոք երեւում է, որ սա կեղծ արված բան է տղաների հանդեպ: Իսկ այն, որ տղաներն ազնիվ են ու հայրենասեր, դրանում ոչ մի կասկած, եւ պետությունն ազնիվ մարդկանց պետք է գնահատի ու իրենց խոսքը հաշվի առնի»:



Դերասան Երվանդ Մանարյանի կարծիքով, մենք սովոր չենք եղել ապրել մի հասարակությունում, որտեղ իրար դեմ կանգնած ուժերը դուրս են գալիս բացահայտ դեմ դիմաց. «Մեզ մեր ավագը` Խորհրդային Միությունն է դաստիարակել, որտեղ ամեն ինչ ճիշտ էր ու անսխալ: Հիմա եկել հասել ենք մի հասարակության, երբ մարդն իր հոգուց բխողը, իր մտքի մեջ եղածն ուզում է արտահայտել, բարձրաձայնել, ուղղել, եթե կարծում է, որ սխալ է, ու եթե տեսնում է, որ ասելով չեն ուղղում, ինքն է որոշում ուղղել: Սրանք առողջ հասարակություն գնացող քայլեր են, սրա մեջ պետք չէ փնտրել վատ դիտավորություններ: Հենց այսպես է հասարակությունը լինում, եւ ամեն մեկը պետք է դրսեւորվի, արտահայտվի»:



Անդրադառնալով ձերբակալություններին, Մանարյանը նշեց, որ իշխանությունը հասկանում է, որ եթե նրանց դեմը չառներ, լեռան բարձունքից գլորված փոքր ձնագնդիկի նման գնալով ավելի մեծ էր դառնալու, ինչ-որ մի տեղ շարժումը պետք է կասեցվեր, եւ իշխանությունն էլ դա է արել` կասեցրել է. «Սովորական ընթացք է, առողջ հասարակություն դառնալու ճանապարհի վրա ենք կանգնած մենք: Տանել բանտարկել. սրանք գործողությունների դրսեւորումներ են, որոնք ցանկալի չեն, բայց դա է ճիշտ ճանապարհը: Եթե նա գտնում է, որ իր ասելիքը պետք է ասի, դիմացինն էլ գտնում է, որ նրան թույլ չպետք է տա որեւէ բան ասել»:
Մանարյանի համար դժվար է կանխատեսել՝ իշխանությունները ձերբակալվածներին մինչեւ ապրիլի 24-ն ազատ կարձակե՞ն, թե՞ ոչ, բայց դրա համար պետք է գտնել այն ճանապարհը, այնպիսի մի քայլի դիմել, որ դժվար լինի կասեցնելը. «Պայքարն ուրիշ ի՞նչ ձեւ է լինում»:



Ըստ Մանարյանի, հայրենիքն ասելով չեն ազատում, դա գործընթաց է, որը պետք է տեղի ունենա, եւ, անկախ ամեն ինչից, պետք է շարունակել այդ գործը, այլապես ի՞նչ իմաստ ունի: Դերասանը կարծում է, որ առայժմ մեր երկրում դեռ չկա այն հզոր ուժը, որ ինչ-որ բան փոխի. «Մեզ մոտ հակառակ կողմ տանող ուժն ավելի հզոր է, որովհետեւ նրա թիկունքին կանգնած է սովետական իշխանության ամբողջ ընթացքը: Հիմա ուզում ենք անցնել, ժողովուրդը չի համակերպվում այս անշարժ վիճակի հետ եւ ուզում է անցնել, այդ սահմանագիծը ոտնատակ անել, տեսնենք ինչ դուրս կգա դրանից»: