Կլիզմա, գրտնակ, սխտոր-ճզմիչ, բատմինտոն և այլ «զինատեսակներ» են հայտնաբերվել Ալենի, Վիլենի և այլոց բնակարաններից (ֆոտոշարք)

Կլիզմա, գրտնակ, սխտոր-ճզմիչ, բատմինտոն և այլ «զինատեսակներ» են հայտնաբերվել Ալենի, Վիլենի և այլոց բնակարաններից (ֆոտոշարք)

Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունից հետո ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ տեսակի «զենք-զինամթերք» են հայտնաբերել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, նրա ընկերների տան, Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի և ավտոմեքենայի խուզարկությունից․ մի «հսկայական արսենալ»։
Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, թե այդ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ։



Այդպիսի մանրազնին խուզարկություից հետո ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ իրենց բնակարաններում փորձեցին սեփական ուժերով «խուզարկություն» կատարել, որի արդյունքում մի շարք ուշագրավ, բայց «շատ վտանգավոր» իրեր հայտնաբերեցին, որոնք, թերևս, ավելին են, քան զանգվածային ոչնչացման զենքերը։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանն իր բնակարանի «խուզարկության» արդյունքում հայտնաբերել է հոգնայի համար նախատեսված «զենք», որն առավել հայտնի է ժողովրդի շրջանում որպես «կլիզմա»։ Այն, իրականում, շատ լուրջ և վտանագվոր «զենք» է համարվում, քանզի հենց «կլիզմայի» օգնությանն են դիմում շատերը՝ վրեժ լուծելու իրենց ոխերիմ թշնամիներից։ Նրա բնակարանում «գաղտնազերծվել է» նաև մեկ այլ շատ «դաժան» գործիք՝ սխտոր-ճզմիչ։ Ուղղակի սարսափելի է պատկերացնել այն տեսարանը, երբ դրանով կփորձեն ճզմել որևէ մեկի մատները։ Ալեն Սիմոնյանն իր ֆեսբուքյան էջում մանրամասն «ինքախոստովանել է» այն «զինատեսակների» ցանկը, որը հայտնաբերվել է Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանում․ մեկ հատ «պոլի փետ-մահակ», մեկ հատ պատմական հրացան-կրակայրիչ, «երկու կտրող-ծակող դանակ, մեկ չաբաջաղ-կացին, մեկ բութ սխտոր ճզմելիք, մեկ կլիզմա՝ իր 3 տարբեր տրամաչափի գլխիկներով և ռետինե խողովակ։



Մեկ այլ օգտատեր Նարեկ Բաբայանն էլ լուսանկարել և իր «պատին» ցուցադրել է սեփական բնակարանում «հապճեպ ինքնախուզարկությամբ» հայտնաբերված այն իրերը, որոնք ինքը անվանել է «առանձնակի ծանր դաժանության զրահատեխնիկա, տնաշեն գործիքներ և սառը զենքեր», որոնց միայն տեսքը, ըստ Ն․ Բաբայանի, «սարսափահար կաթվածի անէության կարող է հասցնել ցանկացած եՎովայի վկայի»։



Ֆեյսբուքյան այլ օգտատերերի՝ Անի Խաչատրյանի, Սարգիս Հովսեփյանի, Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը), Համբարձում Համբարձումյանի, Արա Հարությունյանի կողմից ևս իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակվել են իրենց բնակարաններից հայտնաբերված նմանատիպ «զանգվածային ոչնչացման զենքեր», ինչպիսիք են գրտնակը, հին ֆոտոխցիկը, հրազենի ռազմագիտական հայերեն բառարանը, Pentium 3-ի ստեղնաշարը, «հազար տարվա» թեյնիկը, մանկական խաղալիքը, քանոնը ու էլի նմանատիպ «սարսափազդու զինատեսակներ», որոնք, ասում են, կիրառվել են Գավգամելայի և Ավարայրի ճակատամարտերում, Վիետնամի պատերազմում, Երկրորդ համաշխարհայինի տարիներին և Հիրոսիմայի ու Նագասակիի ոչնչացման ժամանակ։



Այս բոլորը վերջում հայտնվել են «#ազատությունքաղբանտարկյալներին» հեշթեգի ներքո։ Դրանով օգտատերերն իրենց ծաղրն ու բողոքն են ցանկացել արտահայտել Քննչական կոմիտեի գործողություններին՝ կապված Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունների հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ