«Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը». Գարեգին Բ

«Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը». Գարեգին Բ

Սա է այն պտուղը, որ պետք է աճի նահատակության արմատից. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով իր երախտիքի խոսքն ասաց տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ մատուցված սուրբ պատարագի համար, որի ժամանակ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձություններ դիմակայել, մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրականացվեց ցեղասպանության ահռելի ոճիրը, կազմակերպվեց և աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին 1,5 մլն հայեր, հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց նվիրական բնօրրանից, պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում։ Ավերվեց, ոչնչացվեց ու բռնազավթեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը»,- ասաց նա և հավելեց, որ սակայն ո՛չ տառապանքը, ո՛չ էլ անգամ մահը չսասանեց հայ ժողովրդին և չհեռացրեց իր հավատքից։

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշեց, որ ևս մեկ անգամ հաստատվեց 5-րդ դարից որդեգրած բանաձևը. «Քրիստոնեություն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն»։

Կաթողիկոսի խոսքով՝ ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց ցեղասպանությունը, և ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի և այլ ցեղասպանությունների։

«Այսօր էլ հակամարտություններ, պատերազմի, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր հալածվում ու կյանքով են վճարում հավատքի համար։ Այս իմաստով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին, անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի և ու նորօրյա տառապանքների հանդեպ, դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ տարվող ոճիրները»,- նշեց նա և հավելեց, որ սրբազան պատարագի համար նահատակների հիշատակի առջև երախտագետ են Բենեդիկտոս 15-րդ պապից, բողոքի ձայն բարձրացնելու համար՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության, Հռոմի պապ Հովհաննես Պողոս պապին, ով իրենց համատեղ հայտարարությամբ 2001 թ-ին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությանը։

Ըստ նրա՝ կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող հրապարկումը։ «Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները: Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները։

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության, որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24):

Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով»,– ասաց վեհափառ հայրապետը։