Սա փաստ է, որ կաթոլիկ եկեղեցին ընդունում է Հայոց ցեղասպանությունը

Սա փաստ է, որ կաթոլիկ եկեղեցին ընդունում է Հայոց ցեղասպանությունը

Կաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագը հարգանք է Հայոց ցեղասպանության նահատակների նկատմամբ: Ցեղասպանության ժամանակ, առաքելականների հետ միասին, նահատակվեցին շատ կաթոլիկ հայեր, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագով, փաստում է, որ կաթոլիկ եկեղեցին ևս ընդունում է Հայոց ցեղասպանությունը:



«Արմենպրես»-ին նման կարծիք է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:



«Այս քայլով կաթոլիկ եկեղեցին իր հարգանքի տուրքն է արտահայտում Ցեղասպանության նահատակների նկատմամբ, մանավանդ որ, նրանց թվում առաքելականների կողքին, եղել են նաև շատ կաթոլիկներ»-, նշել է սրբազանը:



Խոսելով Գրիգոր Նարեկացուն՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու մասին, սրբազանը փաստել է, որ սրանով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Նարեկացու մեծությունը:



«Այս քայլով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Սուրբ Նարեկացու տիեզերական մեծությունը: Նարեկացու Տիեզերական վարդապետ հռչակելն անակնկալ էր, քանի որ Նարեկացին կաթոլիկ չէր և այս քայլով՝ ոչ կաթոլիկ մի վարդապետ ճանաչվում է կաթոլիկ եկեղեցու վարդապետ, որը նշանակում է, որ իր ասածն այլևս վավերական է կաթոլիկ եկեղեցում»,-ավելացրել է Միքայել սրբազանը: