Ձերբակալությունները ՀԽ-ի ծրագրերում որևէ բան չի փոխել

Ձերբակալությունները ՀԽ-ի ծրագրերում որևէ բան չի փոխել

«Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդումների շղթայի տրամաբանական շարունակությունն է, ծրագրված քաղաքական հետապնդում, որն ուղղված է Հայաստանում քաղաքական գործունեության, ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, միավորումներ կազմելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների սահմանափակմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԽ-ի ձերբակալված անդմաների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի պաշտպաններից Հայկ Գրիգորյանը:



Ապրիլի տասնյոթին շարժումը Ազատության հրապարակում հրավիրում է բռնադատվածներին և նրանց մարմնավորված պայքարի նկատմամբ համերաշխության և պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման հանրահավաքի և երթի: «Վերջին անգամ ձերբակալվածների հետ հանդիպել եմ ապրիլի 10-ին, այդ ժամանակ նրանք իրենց լավ էին զգում և որևէ խնդիր չկար»։



Հիշեցնենք, որ ձերբակալվածներից Պավել Մանուկյանը հացադուլ էր հայտարարել, այսօր արդեն նա դադարեցրել է հացադուլը։ Փաստաբանն ասաց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել՝ գրավով Սեֆիլյանին և ընկերներին ազատ արձակելու, բայց միջնորդությունը մերժվել է:
«Հավանաբար մենք կբողոքարկենք դատարանի որոշումը, թե այն ինչ ընթացք կստանա չեմ ցանկանում կանխատեսումներ անել։
Քանի որ դա քաղաքական հետապնդում է, իրավական կողմի մասին խոսելը ճիշտ չի լինի: Թե որքան կպահեն կամ ինչ է ծրագրել ռեժիմն անելու՝ ներքին հարցեր են: Մեղադրանքն ի սկզբանե քաղաքական է եւ անհիմն, նպատակն է եղել նրանց անազատության մեջ պահելը»,-ասաց Գրիգորյանը։



Ալեք Ենիգոմշյանն էլ հայտարարեց, որ ձերբակալությունները պատճառ չեն կարող հանդիսանալ և իրենց բոլոր պլաններում փոփոխություն չի եղել, և որ ապրիլի քսանչորսից սկսում են ռեժիմի հեռացման գործընթացը․«Մենք շարժվում ենք նույն վճռականությամբ, իսկ թե ինչ կլինի արդյունքը, բոլոր դեպքերում մենք մեր անելիքն անում ենք եւ շարունակում ենք անել։ Մեր ծրագրերը անփոփոխ են մնալու, մենք շարունակում ենք վճռական, իսկ թե ինչ կլինի առաջիկայում՝ օրը կգա և ականատես կլինենք»։